Քաղաքականության առաջարկություններ․ ամրապնդելով փախստականնների աջակցությունն ու ինտեգրումը Հայաստանում

Քաղաքականության առաջարկություններ․  ամրապնդելով փախստականնների աջակցությունն ու ինտեգրումը Հայաստանում

19.03.2025

 

Ներածություն․ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) կազմակերպեց «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» համաժողովը, որը տեղի ունեցավ փետրվարի 4-ին: Այս միջոցառման ընթացքում քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց հարցերը, միջազգային շահագրգիռ կողմերի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկումները շեշտեցին ներկայիս աջակցության ծրագրերի, իրավական շրջանակների և ինտեգրման քաղաքականության մեջ առկա զգալի բացերը: Այս առաջարկությունները ներկայացնում են ռազմավարական քայլեր՝ ավելի արդյունավետ աջակցություն տրամադրելու, ինտեգրումը բարելավելու և Հայաստանին միջազգային աջակցությունն ամրապնդելու համար:

 

Արձանագրված հիմնական խնդիրները
 

  1. Միջազգային շահագրգիռ կողմերի համար համապարփակ տեղեկատվության պակաս
  • Միջազգային կազմակերպությունները և դոնոր պետությունները հաճախ հենվում են Հայաստանի կառավարության հաշվետվությունների վրա փախստականների հետ ուղիղ շփման փոխարեն:
  • Անհրաժեշտ անկախ գնահատականների և տեղում անցկացվող ուսումնասիրությունների պակասը հանգեցնում է տեղահանվածների պայմանների թերի ըմբռնմանը:
  1. Աջակցությունների անարդյունավետությունը
  • Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև համակարգման պակասը հանգեցնում է ջանքերի կրկնության և աջակցության բաշխման բացթողումների:
  1. Չհամակարգված միջազգային աջակցություն արցախցի փախստականներին
  • Հայաստանի կառավարությունը բավակարար ակտիվ չի եղել միջազգային մարդասիրական նշանակալի օգնություն ապահովելու գործում՝ համեմատած փախստականների այլ ճգնաժամերի հետ:
  • Աջակցությունների բաշխման տարբերությունները ցույց են տալիս, որ Արցախից տեղահանված հայերը զգալիորեն պակաս օգնություն են ստանում մեկ անձի հաշվով, քան, օրինակ, Սիրիայի և Ուկրաինայի փախստականները:
  • Միջազգային թույլ աջակցությունը սահմանափակում է տեղահանված անձանց ֆինանսական և տեխնիկական աջակցման ծրագրերը:
  1. Բնակարանային աջակցության ծրագրի անարդյունավետությունը
  • Տեղահանված ընտանիքները դժվարանում են մշտական բնակարան գտնել՝ կառավարության բնակարանային ծրագրի անարդյունավետության պատճառով:
  • Մատչելի բնակարանների բացակայությունը խորացնում է տեղահանվածների  երկարաժամկետ խնդիրները:
  1. Իրավական և վարչական դժվարություններ տեղահանված անձանց համար
  • Փախստականների տվյալների շտեմարանները թերի են և վարչական գործընթացների դանդաղությունը սահմանափակում է կարևոր ծառայությունների հասանելիությունը և իրավաբանական կարգավիճակի հստակեցումը:
  • Իրավաբանական օգնության սահմանափակ հասանելիությունը և ընթացակարգերի անհամապատասխանությունները խոչընդոտում են փախստականներին Հայաստանի քաղաքացիություն ստանալիս:
  • Այս պահին գործող իրավական կարգավորումների շրջանակը բավարար ներառականություն չի ապահովում, որպեսզի տեղահանված անձինք խտրական դրության մեջ չհայտնվեն կամ հանրային ծառայություններից օգտվելու հավասար հնարավորություններ ունենան:
  1. Տնտեսական ինտեգրման և աշխատանքի խոչընդոտներ
  • Մասնագիտական պատրաստության սահմանափակ ծրագրերը խոչընդոտում են տեղահանված անձանց ձեռք բերել հայաստանյան աշխատաշուկայի համար համապատասխան հմտություններ:
  • Գործատուները չունեն շարժառիթներ տեղահանված անձանց աշխատանքի ընդունելու համար, ինչը սահմանափակում է աշխատանք գտնելու հնարավորությունները:
  1. Արցախի Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների վերաինտեգրման մարտահրավերներ
  • Շատ նախկին զինծառայողները չունեն այլընտրանքային որակավորում և հանդիպում են խոչընդոտների քաղաքացիական մասնագիտությունների անցնելու գործում:
  • ՊԲ նախկին ծառայողների միայն փոքր տոկոսն է կարողացել ինտեգրվել Հայաստանի զինված ուժերում:
  • Հոգեբանական խնդիրներն ու վերականգնման ծրագրերի բացակայությունը խոչընդոտում են նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ:

Առաջարկություններ

  1. Միջազգային շահագրգիռ կողմերի համար տեղեկության աղբյուրների բազմազանացում
  • Մեխանիզմներ ստեղծել՝ փախստականների համայնքի և միջազգային դերակատարների անմիջական շփման հնարավորություն տալու համար
  • Խրախուսել անկախ գնահատականները և այցերը տեղեր՝ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարելավելու համար:
  • Փորձել ամրապնդել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և տեղական քաղաքացիական հասարակության միջև ավելի լայն և ճշգրիտ տեղեկատվական ցանց ապահովելու համար:
  1. Համակարգված և թափանցիկ աջակցության շրջանակի մշակում
  • Ստեղծել աշխատանքային խումբ, որը կներառի Հայաստանի կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակութան ներկայացուցիչներին՝ համակարգելու փախստականների ինտեգրման ծրագրերը:
  • Համակարգել քաղաքականությունը և նախաձեռնությունները տարբեր գերատեսչությունների միջև փախստականներին օգնության ծրագրերում առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:
  1. Միջազգային աջակցության ավելացման համար Հայաստանի ջատագովության ամրապնդում 
  • Մշակել ակտիվ դիվանագիտական ռազմավարություն՝ ավելի մեծ ծավալների մարդասիրական օգնություն ապահովելու համար:
  • Օգտագործել երկկողմ և բազմակողմ կապերը՝ ֆինանսական և տեխնիկական աջակցման ծրագրերի ընդլայնման համար:
  • Աշխատել միջազգային կազմակերպությունների հետ՝ երկարաժամկետ կայուն ֆինանսավորում ապահովելու համար:
  • Կիրառել նպատակային միջազգային հաղորդակցման ռազմավարություն՝ Արցախից տեղահանված անձանց խնդիրները ներկայացնելու և ավելի լայն աջակցություն ներգրավելու համար:
  1. Իրավական բարեփոխումների իրականացում տեղահանված անձանց համար
  • Պարզեցնել և արագացնել փախստականների կողմից քաղաքացիություն ստանալու գործընթացը:
  • Շտկել փախստականների տվյալների շտեմարանները։
  • Իրավական օգնության շարունակական հասանելիություն ապահովել, մշակել քաղաքականություն, որը կպաշտպանի տեղահանված անձանց խտրականությունից:
  1. Տնտեսական ինտեգրման և աշխատանքի հնարավորությունների խթանում
  • Մեծացնել մասնագիտական պատրաստության և աշխատանքի տեղավորման ծրագրերը՝ համագործակցելով մասնավոր հատվածի հետ:
  • Ավելացնել ֆինանսական շարժառիթները այն ձեռնարկությունների համար, որոնք աշխատանքի են տեղավորում փախստականներին, այդ թվում՝ տրամադրելով հարկային արտոնությունները և սուբսիդիաներ:
  1. Քաղաքացիական հասարակության կառույցների և տեղական համագործակցության ամրապնդում
  • Ավելացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ տեղահանված անձանց ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար:
  • Հարաբերություններ հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ապահովելու փախստականներին արդյունավետ աջակցությունը:
  • Առաջարկել հասանելի իրավական կրթական ծրագրեր՝ օգնելու փախստականներին հասկանալ և կիրառել իրենց իրավունքները:
  1. Մշակել Արցախի Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների համար կառուցվածքային վերաինտեգրման քաղաքականություն
  • Նպատակաուղղված վերապատրաստման ծրագրեր իրականացնել՝ քաղաքացիական կյանքի անցնելու գործընթացը հեշտացնելու համար:
  • Ստեղծել հստակ մեխանիզմ նախկին զինծառայողների համար՝ ինտեգրվելու Հայաստանի անվտանգության համակարգում:
  • Իրականացնել հոգեբանական աջակցություն և վերականգնման ծրագրեր:

 

Եզրակացություն․ Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար համապարփակ, ներառական և լավ համակարգված մոտեցում է անհրաժեշտ: Այս առաջարկություններն իրականացնելով՝ Հայաստանը կարող է բարելավել փախստականների աջակցության քաղաքականությունը, ապահովել ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և նպաստել տեղահանվածների վիճակի երկարաժամկետ կայունացմանը և նրանց ինտեգրմանը: Կառավարությունը, միջազգային գործընկերները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ աշխատեն, մշակեն կայուն լուծումներ, որոնք առաջնահերթորեն կամրապնդեն տեղահանված անձանց իրավունքներն և բարեկեցությունը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի ընդհանուր դիմադրողականությունը և կարողությունները հետագա հնարավոր մարտահրավերները հաղթահարելու համար:

Համաժողովն ու քաղաքականության առաջարկություններն իրականացվել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Ճգնաժամի հասցեագրում․Երկրորդ փուլ» նախագծի շրջանակներում։

 

Արամ Թադևոոսյան

Վերլուծաբան, Ժողովովրդավարություան և անվտանգության տարածաշրջանային կենտրոն