Բևեռացումը և դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարության համար

Բևեռացումը և դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարության համար

26.01.2026
 

Քաղաքական բևեռացումը հասարակական բազմազանության դուրսմղումն է քաղաքական դաշտից՝ փոխարինելով այն մենք ընդդեմ նրանց կատեգորիկ բաժանումով։ Այս մոդելը դառնում է քաղաքական դաշտի բաժանման հիմնական սկզբունքը և քաղաքական բանավեճի առարկան՝ և՛ ձևով, և՛ բովանդակությամբ։ Մյուս բոլոր խնդիրները երկրորդական են դառնում, իսկ դրանց լուծումները թելադրվում են այս բաժանման տրամաբանությամբ։

Բևեռացումը տարբերվում է սովորական քաղաքական մրցակցությունից նրանով, որ դերակատարների տարբերությունը, իրար հակառակ լինելը ինքնին դառնում է քաղաքականության գլխավոր առարկան։ Սովորական քաղաքականության մեջ հակառակորդները ընդունում են միմյանց գոյության իրավունքը, պատրաստ են իշխանությունը զիջել պարտության դեպքում, կազմակերպում են իշխանության խաղաղ փոխանցում՝ ընդունելով խաղի սահմանված կանոնները։ Բևեռացման ժամանակ սրանք խնդրահարույց են դառնում, քանի որ բևեռները մերժում են միմյանց սուբյեկտ լինելու բարոյական, իրավական, քաղաքական իրավունքը։ Կասկածի տակ է առնվում մյուս կողմի էությունը, ինքնությունը և ազատությունները։ Կարճ ասած՝ գործ ունենք ծայրահեղ անհանդուրժող քաղաքական դիմակայության հետ։

Բևեռացման պայմաններում քաղաքականության կողմերը անվտանգայնացնում են միմյանց՝ այսինքն վստահեցնում են ընտրողին, որ մյուսի գոյությունը ինքնին մեծ սպառնալիք է։ Անվտանգայնացումը և բևեռացումը հիմնվում են յուրային-թշնամու երկընտրանքի վրա։ Այս գիծը բացատրվում է գերմանացի փիլիսոփա Կարլ Շմիդտի քաղաքականության մասին տեսությամբ, որտեղ հակառակորը ոչ թե մրցակից է, այլ սպառնալիք մեր գոյությանն ու տեսակին՝ թշնամու, ում հետ պետք է վարվել թշնամու պես։ Ըստ նրա, թշնամու դեմ որևէ կանոն էական չէ, ամեն միջոց արդարացված է հանուն նման նպատակի։ Բնավ անսպասելի չէր, որ նացիզմի, ֆաշիզմի և եվգենիկաների փիլիսոփայական արմատները տանում են դեպի այս տեսություն։

Բևեռացման հետևանքները

Առաջին՝ բևեռացումը բովանդակային խնդիր է։ Այն նշանակում է խնդիրների շուրջ հակադիր ու անզիջում դիրքորոշումներ։ Բարդ հասարակական խնդիրները սովորաբար ունենում են բարդ ու բազմաշերտ լուծումներ։ Բևեռացման պայմաններում լուծումները հաճախ դառնում են սև կամ սպիտակ ու անտեսում բարդ նրբություններն ու հասարակական համերաշխության անհրաժեշտությունը։

Երկրորդ կարևոր խնդիրը հանրային վստահության անկումն է։ Համեմատական քաղաքագիտության մեջ հետազոտությունները ձևավորել են կոնսենսուս, որ բևեռացումը նվազեցնում է ինչպես միջանձնային, այնպես էլ ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Դեռևս Ռոբերտ Պուտնամի հիմնարար աշխատություններից գիտենք, որ վստահությունը, որը ձևավորում է սոցիալական կապիտալը, կարևոր է ժողովրդավարացման համար, քանի որ այն նպաստում է մասնակցությանը, ավելացնում է լեգիտիմությունը, բարելավում է կառավարումը և հաշվետվողականությունը։ Վնասելով դրանք՝ բևեռացումը անուղղակիորեն վնասում է ժողովրդավարությանը։

Երրորդ՝ բևեռացումը ուղղակիորեն վնասում է ժողովրդավարությանը, հաշվետվողականությանը, օրենքի գերակայությանը։ Քանի որ բևեռացումը աշխատում է «մենք ընդդեմ նրանց» տրամաբանությամբ, ապա հասարակության մեջ ձևավորվում են խմբեր, որոնց ներսում կա բարձր աստիճանի հավատարմություն և որոնցից դուրս կա մեծ ծավալի ատելություն։ Գիտենք, որ ժողովրդավարությունները մնում են ժողովրդավար այն պատճառով, որ երբ ընտրողների սիրելիները սկսում են սխալ քաղաքականություններ վարել կամ հակաժողովրդավարական քայլեր անել, ապա ընտրողները նրանց պատժում են իրենց քվեաթերթիկով։ Համեմատական քաղաքագիտության մեջ վերջին տարիներին հետազոտությունները պարզել են, որ բևեռացման պատճառով այս գործիքը փչացել է, քանի որ բևեռացված ընտրողները պատրաստ են ներել ու հանդուրժել սեփական ուժի սխալները, որոնք այլ պայմաններում կպատժվեին։ Երբ քաղաքական գործիչները տեսնում են, որ այլևս կարիք չունեն սահմանափակվել օրենքներով ու ժողովրդավարությամբ, և որ հավատարիմ ընտրողներին կորցնելու վտանգ չկա, ապա ձգտում են օգտվել նման միջոցներից՝ բերելով ժողովրդավարական անկման։

Հայաստանյան համատեքստը

Հայաստանում քաղաքական ու պետական ինստիտուտները տառապում են վստահության ցածր մակարդակից։ Հատկանշական է, որ հարցումները ամենացածր վստահություն ունեցող ինստիտուտների շարքում ցույց են տալիս հենց Ազգային ժողովը՝ մեր խորհրդարանական հանրապետությունում առաջնային մանդատով օժտված գլխավոր ամբիոնը։ Կուսակցությունները նույնպես այդ շարքերում են։ Եվգենյա Պատուրյանի ու Սառա Մելքոնյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հանրային վստահություն են կորցրել հենց այն քաղաքական ուժերը ու ինստիտուտները, որոնք պատերազմից ի վեր ներգրավվել են բևեռացման մեջ։

Վստահության և բևեռացման խնդիր է նաև քաղաքական ուժերի հանդեպ ցածր աջակցությունը։ Վերջին 4-5 տարիների հարցումները շարունակաբար ցույց են տալիս իշխող ու ընդդիմադիր ուժերի ցածր և գրեթե անփոփոխ վարկանիշը ու հարցվածների մոտ 60-65 տոկոսի մոտ չկողմնորոշվածությունը կամ բոլորին դեմ լինելը։ Սա ունի բազմաթիվ պատճառներ, բայց կա երկուսը, որոնք վերաբերելի են մեր քննարկած թեմային։

Վերադառնալով համեմատական քաղաքագիտությանը՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ մի անգամ պոպուլիզմի միջով անցած և հիասթափված ու ժողովրդավարական մղումներ ունեցող ընտրողները այլևս դիմադրողականություն ունեն պոպուլիզմի դեմ։ Այն մեծամասնությունը, որը աջակցել է հեղափոխությանը, այսօր մերժում է բոլոր այլընտրանքները, որոնք պոպուլիզմ են առաջարկում։ Հիշենք, ամեն անգամ երբ նոր ընդդիմադիր շարժում է սկսվում, առաջին հարցը, որը շատերը տալիս են՝ իսկ ինչ իրական լուծում եք առաջարկում դուք։ Հաճախ համաձայնելով այդ շարժումների բարձրացրած խնդրին, սակայն լսելով դրա լուծման պոպուլիստական առաջարկներ կամ չլսելով որևէ լուծման ուղի, շատերը մերժում են դրանք և շարունակում չաջակցել ոչ մեկին և մնալ անջատված քաղաքական գործընթացներից։

Երկրորդ պատճառը՝ թե ինչու հարցումների արդյունքները չեն փոխվում, դա բևեռացված զանգվածների հավատարմությունն է սեփական բևեռին։ Ինչպես Թրամփի ասածի դեպքում էր, որ իր աջակիցները կպաշտպանեն իրեն ցանկացած դեպքում, այդպես էլ մեզ մոտ է։ Անկախ հաջողություններից ու ձախողումներից՝ բջիջային աջակիցները շարունակում են հավատարիմ մնալ։ Սակայն սրա խնդիրը նաև այն է, որ այս ուժերը կարծես սպառել են այդ ընտրազանգվածից դուրս մյուսներին իրենց կողմը գերելու պոտենցիալը, քանի որ այդ բջիջի աջակցությունը պահպանելու համար անհրաժեշտ է անընդհատ խորացնել նրանց հանդեպ բևեռացումը, իսկ դա վանում է այն 60-65 տոկոսին, որոնք այդ ամենը հիմնականում արդեն մերժել են։

Հայաստանում ինքնության մասին հարցերը նույնպես դարձել են բևեռացման առարկա։ Ըստ ուսումնասիրությունների՝ բևեռացման պայմաններում ինքնության հարցերը մեծ պոտենցիալ ունեն ապաժողովրդավարացման, քանի որ հենց այդ հարցում ընտրողները պատրաստ են ներել հակաժողովրդավարական շատ քայլեր։ Քանի որ բևեռացումը ինքնին դարձել է Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը («նախկին-ներկա»), կարևոր սոցիալ-տնտեսական խնդիրները դառնում են լուսանցքային։ Արցախցի փախստականների խնդիրները, գործազրկությունը, աղքատությունը, ֆունկցիոնալ անգրագիտության ծավալները, աճող հարկային պարտավորությունները ու բազմաթիվ այլ կարևոր սոցիալ-տնտեսական հարցեր դուրս են մնում քաղաքական բանավեճի նյութից ու հաճախ մնում են անհաշվետու ու ապաքաղաքական նեոլիբերալ վարչարարների հույսին։ Իսկ վատագույն դեպքում՝ անտեսվում են։

Հիբրիդային սպառնալիքները և բևեռացումը

Ընտրական այս կարևոր տարում գլխավոր թեման կարծես դառնում են հիբրիդային հարձակումները և դրանցից պաշտպանվելու հրամայականը։ Այս համատեքստում ավելի կարևոր է դառնում բևեռացման նվազեցումը։ Քայքայիչ բևեռացման խորացումը հիբրիդային սպառնալիքների հրավեր է։ Ինչպես հուշում է հիբրիդային պատերազմների կարևոր աշխատություններից մեկի հեղինակ Մարկ Գալեոտտին՝ այդպիսի պատերազմների դեմ լավագույն պաշտպանության բաղադրիչներն են՝ հասարակական համախմբվածությունը, արդյունավետ իրավապահ համակարգը, անկախ ու պատասխանատու մեդիան, ազնիվ ու հավուր պատշաճի կարգավորվող ֆինանսական կառույցները, լեգիտիմ ու արդյունավետ կառավարումը։ Հայաստանն ու իր ժողովրդավարությունը պաշտպանելու հետաքրքրություն ունեցող բոլոր շահագրգիռ կողմերի համար սրանք պետք է լինեն երկարաժամկետ լուծումների ուղղությունները։

 
Նարեկ Սուքիասյան

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն