Փաշինյանի միանձնյա կառավարման ոճը վտանգ է Հայաստանի ժողովրդավարացման համար
14.01.2025
Արամ Թադևոսյան
2018-ին Հայաստանը մտել է ժողովրդավարական անցման փուլ, որի ընթացքում որոշակի ձեռքբերումներ են արձանագրվել, առաջին հերթին՝ համապետական երկու ընտրությունները, որոնք եղել են ազատ և մրցակցային։
Ժողովրդավարացման տարբեր տեսաբաններ, որոնցից է, օրինակ, Սամուել Հանթինգթոնը, ժողովրդավարության կոնսոլիդացիայի ցուցիչ են համարում իշխանության առնվազն երկու խաղաղ փոխանցումը քաղաքական տարբեր ուժերի միջև ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով։
Հայաստանի պարագայում քաղաքական այս բարդ զարգացումը դեռ չի իրականացվել։ Երկրում ընտրությունների միջոցով իշխանության նույնիսկ մեկ խաղաղ փոխանցում չի եղել։ Ավելին, հայաստանյան համատեքստում այս փուլում դժվար է պատկերացնել, որ այդ գործընթացը կարող է հաջորդական լինել, երբ կուսակցությունները կամ դաշինքները ընտրությունից ընտրություն իրար կփոխեն իշխանության ղեկին։ Դրա համար առնվազն անհրաժեշտ է, որ կուսակցությունը իշխանությունը կորցնելուց հետո կոլապսի չենթարկվի, որը Հայաստանի համար սովորական երևույթ է։ Իսկ որպեսզի կուսակցությունը քաղաքական իմաստով իր արդիականությունը պահպանի, պետք է անցնի ինստիտուցիոնալիզացիայի գործընթացով, բավարար ներուժ ունենա անձերից կախվածության մեջ չմտնելու և իր ներսում հնարավորություն ստեղծի կշիռ ունեցող դերակատարների ձևավորման ու կայացման համար։
Հայաստանում առկա քաղաքական համակարգի պարագայում, որտեղ չկան քաղաքական ուժեղ ինստիտուտներ, իշխանության կորուստը բարիքներից զրկվելուց բացի՝ կարող է սպառնալ նաև այլ հետևանքներով, որոնցից են քաղաքական և իրավական հետապնդումները։ Այդ առումով իշխանության կորուստը հղի է ծանր հետևանքներով նաև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ ղեկավարության համար։ Քրեական հետապնդման վտանգը այն գործոններից է, որը ստիպելու է իշխող ուժին ամեն գնով պահել իշխանությունը։
Չնայած հանրապետությունը համատարած ՔՊ-ականացման փուլում է, իշխող կուսակցությունը ոչ թե ուժեղանում, այլ ուռճանում է՝ գործընթաց, որը ժամանակին տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության հետ։ Ինչպես հայտնի է, վերջինիս առաջնորդի՝ վարչապետի պաշտոնում մնալու որոշումը 2018-ի հեղափոխության հիմնական շարժիչը դարձավ։
Սակայն այս օրինակը, կարծես թե, ուսուցողական չդարձավ Փաշինյանի համար։ Քաղաքացիական պայմանագիրը ևս չկարողացավ հաղթահարել անձ-կուսակցություն չդառնալու մարտահրավերը։ ՔՊ-ում, ինչպես նախորդ բոլոր իշխանական կուսակցություններում, որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն ունի մեկ հոգի։
Կուսակցաշինական խնդիրներից բացի՝ երկրում իշխանության կենտրոնացումը մեկ անձի մոտ երաշխավորված է նաև Սահմանադրությամբ, որը վարչապետին չափազանց մեծ լիազորություններ է տալիս։ Ժամանակին Փաշինյանը քննադատում էր այդ համակարգը և խոստացել էր ապամոնտաժել այն վարչապետ դառնալուց հետո։ Այդ բարեփոխումն այդպես էլ տեղի չունեցավ։ Հակառակը՝ ժառանգություն ստացած գործիքակազմը լայնորեն կիրառվում է։
Իշխող ուժը մի կողմից ժողովրդավարությունը հռչակել է Հայաստանի «բրենդ» ավտորիտար կամ ժողովրդավարական հետըթնթաց ապրող տարածաշրջանում, մյուս կողմից խոչընդոտներ է ստեղծում ժողովրդավարական կարևոր ինստիտուտների կայացման համար՝ առանց որոնց ժողովրդավարության կոնսոլիդացիան հնարավոր չէ։ Գործադիրին հակակշիռ մարմինները, ինչպիսիք են դատական իշխանությունը, նախագահի ինստիտուտը, ՄԻՊ-ի գրասենյակը, ամբողջությամբ իշխող ուժի վերահսկողության տակ են անցել վերջին տարիների ընթացքում։ Այդտեղ եղած դիմադրության օջախները իշխանությունը հաջողությամբ հանգցրել է։ Իշխող ուժը ցույց է տվել, որ չի հանդուրժելու այլընտրանք նաև ՏԻՄ մակարդակում՝ հատկապես խոշոր համայնքներում։
Այս միտումը խորացել է հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած ներքաղաքական անկայունության շրջանից հետո, երբ իշխող ուժը մարտահրավերների էր հանդիպում ներքին տարբեր դերակատարների կողմից։ Ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուց հետո որոշվեց գնալ ոչ թե ինստիտուտների կայացման ճանապարհով, այլ անկախ ինստիտուտների նկատմամաբ ամբողջական վերահսկողության և կառավարման պերսոնալիստական ոճի հաստատման միջոցով։
Փաշինյանի անձի շուրջ կառուցված այդ համակարգը աշխատում է նույն սկզբունքներով, որոնք գործում են այլ պերսոնալիստական ռեժիմներում։
- Անկանխատեսելիություն – կառավարության կազմը հաճախակի փոփոխությունների է ենթարկում։ Բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են հանկարծակի գործազուրկ դառնալ և հայտնվել իշխանական քարոզչության թիրախում կամ քրեական հետապնդման ենթարկվել։ Այդ վարվելակերպը դրսևորվում է նաև ընթացիկ քաղաքականության մեջ։ Վարչապետը կարող է հանկարծակիի բերել իր թիմակիցներին անսպասելի հայտարարությամբ կամ որոշումով, որին կառավարության անդամները ստիպված են լինում հընթացս հարմարվել։ Պետական և քաղաքական ինստիտուտների դերը կարևորագույն որոշումների կայացման գործընթացում չնչին է։
- Պոպուլիզմ – վարչապետի անձի անջրպետումը իշխանության մյուս ներկայացուցիչներից։ «Ուղիղ կապը» ժողովրդի և առաջնորդի միջև, երբ մեծ կամ փոքր հարցերը լուծում են ստանում միայն այն ժամանակ, երբ նա անձամբ է զբաղվում։ Ձեռքբերումների վերագրումն իրեն, իսկ ձախողումների պատասխանատվության տարածումն այլոց վրա։ Այս հարացույցում վարչապետը ներկայանում է որպես ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպան՝ ընդդեմ հանցավոր և կոռումպացված էլիտաների։
- Ազդեցիկ դերակատարների բացակայությունը թիմում – Ինքնուրույն և վարչապետի տեսակետները չկիսող գործիչների նկատմամբ զրոյական հանդուրժողականություն, նույնիսկ՝ թիմի ներսում։ Իշխող թիմի համալրումն այնպիսի անձանցով, որոնք չեն կարող ինքնուրույն դեր ունենալ և քաղաքական այլընտրանք դառնալ առաջնորդին։ Այդ առումով հատկանշական է, որ իշխող ուժի վարչության երկու փոխնախագահները՝ Վահագն Ալեքսանյանը ու Գևորգ Պապոյանը, քաղաքական հակասական անցյալ ունեցող և քաղաքական սուբյեկտայնությունից զուրկ գործիչներ են։
Փաշինյանի կառավարման միանձնյա այս ոճը, որոշումների կայացման գործընթացում ինստիտուցիոնալիացիայի բացակայությունը կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Հաայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության անձնավորումը, դրա նույնականացումը կոնկրետ անհատների հետ քայքայիչ ազդեցություն են ունենում ժողովրդավարական ինստիտուտների համար։ Ավելին, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ այս գործոնները լրջագույն խնդիրներ են նաև անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտներում՝ ժողովրդավարության կայացման համար ստեղծելով նաև արտաքին վտանգներ։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: