Փաշինյանի ամանորյա ուղերձը ինստիտուցիոնալ քայքայման վկայությունն է

Փաշինյանի ամանորյա ուղերձը ինստիտուցիոնալ քայքայման վկայությունն է

09.01.2025

 

Տիգրան Գրիգորյան

2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներն աստիճանաբար վերածվում են ներքաղաքական պայքարի գործիքների։ Այս քաղաքականացումը տարածվել է անգամ տոնական շրջանի վրա։ 2025-ի ընթացքում նկատված բազմաթիվ բացասական միտումներ հստակ արտացոլում գտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում։

Նախ, ապահովվեց, որ Նոր տարվա գիշերը՝ կեսգիշերից անմիջապես առաջ, ժողովրդին ուղերձով հանդես եկող միակ բարձրաստիճան պաշտոնյան լինի Նիկոլ Փաշինյանը։

2015-ի սահմանադրական բարեփոխումից հետո, որի արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն, ամանորյա ուղերձով սովորաբար հանդես էին գալիս երեք գործիչ՝ Հանրապետության նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը և վարչապետը։ 2024-ից սկսած նախագահի ուղերձը տեղափոխվեց մի քանի ժամ ավելի վաղ։ Այդ ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ ավելի վաղ եթերաժամ էր առաջարկվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին, սակայն նա հրաժարվել էր՝ իր ուղերձը հեռարձակելով մասնավոր հեռուստաընկերությունների և այլ հարթակների միջոցով։ Այս տարի, ամենայն հավանականությամբ, կաթողիկոսին ընդհանրապես եթերաժամ չի առաջարկվել ամանորյա ուղերձի համար՝ վարչապետ Փաշինյանի հետ նրա շարունակվող դիմակայության պատճառով։

Այն հանգամանքը, որ արդեն երկրորդ տարին է նախագահի ելույթը տեղափոխվում է ավելի վաղ ժամի, որպեսզի կեսգիշերին միայն վարչապետը դիմի ժողովրդին, հայաստանյան քաղաքականության առկա վիճակը բնորոշող կարևոր ցուցիչ է։ Սա արտացոլում է թե՛ Փաշինյանի կառավարման ավելի ու ավելի պերսոնալիստական ոճը, թե՛ իշխանությունների  անգամ  նոմինալ տարանջատման սկզբունքի քայքայումը, քանի որ նախագահի ինստիտուտը փաստացի վերածվել է վարչապետին ենթակա ևս մեկ կառույցի։

Փաշինյանի ուղերձի բովանդակությունը ևս ընդգծեց գործող քաղաքական համակարգի մեկ այլ բնորոշ գիծ՝ վարչական ռեսուրսների օգտագործումը քաղաքական նպատակներով։ Ամանորյա ուղերձն ինքնին վերածվեց նման ռեսուրսի։ Խոսքը, որը ավանդաբար կոչված է համախմբել հասարակությանը և շեշտել համընդհանուր արժեքներն ու պատումները՝ անկախ քաղաքական նախընտրություններից, պարունակում էր նախընտրական քարոզչության ակնհայտ տարրեր։ Իր ուղերձում Փաշինյանը մասնավորապես նշեց․ «2021-ին ասում էինք՝ ապագա կա, այսօր ասում ենք՝ ապագան այսօր է»։ «Ապագա կա»-ն իշխող ուժի նախընտրական կարգախոսն էր 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Ապագան այսօր է»-ն լինելու է կուսակցության կարգախոսը 2026-ի ընտրություններին։ Փաշինյանն այս միտքը կրկնեց նար իր խոսքի ավարտին՝ բացահայտ հղում անելով սպասվող ընտրություններին և հայտարարելով, որ արդեն հաստատված ապագան կհաղթի։

Փաշինյանն իր ելույթն ավարտեց սրտիկի ժեստով, որը մի քանի վայրկյան անց վերարտադրվեց նաև դրոնների շոուի միջոցով՝ Երևանի Հանրապետության հրապարակի երկնքում։ Այս ժեստը վարչապետի և իշխող կուսակցության սոցիալական մեդիայի նոր ռազմավարության մաս է կազմում, որի շրջանակում Փաշինյանը հրապարակում է կարճ, վիրուսային տեսանյութեր, որտեղ լսում է պատահական երգեր և տեսանյութի վերջում ցույց տալիս այդ ժեստը։ Սրտիկի ժեստի ակտիվորեն օգտագործվում է նաև իշխող ուժի անդամների կողմից կուսակցական հավաքների ժամանակ։ BBC-ի ռուսական ծառայությունը վերջերս հրապարակել էր հոդված՝ վերլուծելով այս նոր հաղորդակցման ռազմավարության տրամաբանությունն ու նպատակները։

Պետական ճնշումը եկեղեցու նկատմամբ և սահմանադրական մտահոգությունները

Նոր տարվա առաջին օրերը նշանավորվեցին նաև վարչապետ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելու շարունակական ջանքերով։ Հունվարի 4-ին վարչապետն իր պաշտոնական նստավայր հրավիրեց մի խումբ արքեպիսկոպոսների, որոնք միացել էին կաթողիկոսի դեմ նրա նախաձեռնած արշավին։ Հանդիպման ընթացքում ընդունվեց հայտարարություն, որում նշվում էր Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին, այդ թվում՝ կաթողիկոսի հեռացման։ Հատկանշական է, որ հայտարարությունը ստորագրեց նաև անձամբ Փաշինյանը՝ բացահայտ նշելով իր կարգավիճակը որպես Հայաստանի վարչապետ։ Սա էական շեղում է նրա նախնական պնդումներից, երբ եկեղեցու ղեկավարության հետ ակտիվ դիմակայության մեկնարկի փուլում նա հայտարարում էր, թե կաթողիկոսի հրաժարականը պահանջում է որպես շարքային հավատացյալ, և որ պետությունը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին։ Վարչապետ Փաշինյանի՝ արքեպիսկոպոսների ստորագրության պահին նրանց թիկունքում կանգնած լուսանկարը խիստ խորհրդանշական էր և լայնորեն տարածվեց սոցիալական ցանցերում։

Փաշինյանի հաջորդ քայլը եղավ «ուխտաերթը» Սուրբ ծննդյան օրը, որն ավարտվեց նրա կարճ ելույթով Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցիներից մեկի մոտ։ Այս ելույթը լուրջ մտահոգություններ առաջացրեց ոչ միայն եկեղեցու գործերին պետական միջամտության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության խախտման, այլև եկեղեցու և պետության տարանջատման հիմնարար սկզբունքի տեսանկյունից։ Փաշինյանի՝ «Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են» հայտարարությունը քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների և քաղաքական գործիչների կողմից գնահատվեց որպես Հայաստանի սահմանադրությանը հակասող։ Հատկանշական է նաև, որ միջոցառմանը մասնակցել էին մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, ինչը կրկին հարցեր է առաջացնում վարչական ռեսուրսների կիրառման և հնարավոր վարչական ճնշման վերաբերյալ։

 

Democracy Watch-ը CivilNet-ի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: