Խորհրդարանական լեզվակռիվ՝ անպատասխան հարցերով
25․10․2024
Հեղինակներ՝ Տիգրան Գրիգորյան և Կարինա Ավետիսյան
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում միջադեպը ստվերեց նիստի ընթացքը, երբ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխող կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ բռնկվեց։ Վիճաբանությունը սկսվեց Քյարամյանի ելույթի ժամանակ, երբ խորհրդարանի դահլիճի իշխող կուսակցության հատվածից նրան ընդհատեցին։ Քյարամյանն ուղղակի պատասխանեց ընդհատողին՝ հարցնելով. «Բան ասեցի՞ք։ Այդ սև շորերով պատգամավորը»։ Նրա խոսքերի ընտրությունն ու տոնը քննադատության արժանացան մյուս պատգամավորների կողմից։
Աղազարյանը քննադատեց Քյարամյանի լեզուն և հարցրեց իր որդու դեմ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի ընթացքի մասին։ Երբ Աղազարյանը նստեց Քյարամյանի կողքին, նրանք սկսեցին թեժ վիճել։ Քյարամյանը, պատասխանելով իր նախկին մեկնաբանությունների քննադատությանը, շարունակեց, թե ոչ ոք իրեն չի կարող ընդհատել։
Նա այնուհետև հռետորական հարց ուղղեց Աղազարյանին, թե ինչու առնվազն երկու անձ դիմել է իրեն նրա որդու դեմ հարուցված քրեական գործի հետ կապված։ Այս լեզվակռիվը գրեթե վերածվեց ֆիզիկական բախման, Քյարամյանն ու Աղազարյանն անցան վիրավորանքների։
Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է Քյարամյանի և Աղազարյանի գործողությունների քննության մասին, այս միջադեպը լուրջ մտահոգություններ է առաջացնում, որոնք շատ ավելի խորն են, քան պարզապես ներկուսակցական կարգապահական հարցերը, և խորապես առնչվում են Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների և պատշաճ կառավարման սկզբունքների հիմքերին։
Նախ, Քյարամյանի վարքագիծը խորհրդարանում Հանրապետության կարևորագույն քաղաքական հաստատություններից մեկի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք է։ Ազգային ժողովը՝ որպես հիմնական օրենսդիր մարմին, պետք է լինի հարգալից բանավեճի և մտածված քաղաքականության մշակման հարթակ։ Երբ Քյարամյանի նման բարձրաստիճան պաշտոնյան, որը ղեկավարում է Քննչական կոմիտեն, դրսևորում է կոնֆլիկտային և ոչ պրոֆեսիոնալ նման վարքագիծ, դա խաթարում է խորհրդարանական գործընթացի արժանապատվությունն ու արդյունավետությունը։
Բացի այդ, այս միջադեպը վկայում է հիմնական իրավապահ հաստատությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հիմնարար սկզբունքի մտահոգիչ անտեսման մասին։ Առողջ ժողովրդավարության մեջ իրավապահ և քննչական մարմինները պետք է հաշվետու լինեն ընտրված ներկայացուցիչներին և, հետևաբար, հանրությանը։ Քյարամյանի ագրեսիվ կեցվածքն ընտրված պատգամավորների նկատմամբ վկայում է այս կարևոր հակակշիռների և զսպումների համակարգն ընդունելու դժկամության մասին։
Սա Քյարամյանի մասնակցությամբ առաջին սկանդալը չէ։ 2023-ի հունիսին Հայ ազգային կոնգրես կուսակցության նախկին անդամ Տիգրան Առաքելյանը խոշտանգումների մեջ մեղադրեց Քննչական կոմիտեի պաշտոնյաներին, այդ թվում Արգիշտի Քյարամյանին։ Առաքելյանը պնդում էր, որ հարցաքննության ընթացքում ենթարկվել է վատ վերաբերմունքի՝ նշելով իր ընտանիքի դեմ սպառնալիքները և ֆիզիկական բռնությունը՝ ներառյալ էլեկտրահարումը։ Քննչական կոմիտեն անմիջապես հերքեց այս պնդումները։ Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանի բողոքից հետո քրեական վարույթ է հարուցվել ենթադրյալ խոշտանգումները քննելու համար։
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից կարճ ժամանակ անց տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Քյարամյանին առնչվող վարույթը։
Democracy Watch-ը Սիվիլնեթի և Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: