Արդարադատությո՞ւն, թե՞ հաշվեհարդար. ընդդիմադիր բլոգերների ձերբակալության շուրջ
20․11․2025
Տիգրան Գրիգորյան և Տաթև Ղազարյան
Նոյեմբերի 13-ին, առավոտյան ժամը 7-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները խուզարկեցին ընդդիմադիր բլոգերներ և ակտիվիստներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տները՝ ձերբակալելով երկուսին։ Նույն օրը ավելի ուշ նրանց մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով և նրանց երկու ամսով կալանավորեցին։ Իրավապահ մարմինները նաև առգրավեցին նրանց «Իմնեմնիմի» փոդքասթի համար օգտագործվող սարքավորումները։
Ձերբակալությունները տեղի ունեցան աղմկահարույց մեդիա իրադարձությունից անմիջապես հետո։ Նոյեմբերի 12-ին Սամսոնյանը և Սաղաթելյանը իրենց փոդքասթում հյուրընկալել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ավելի քան յոթ ժամ ուղիղ եթերում պատասխանել էր հարցերին։ Թողարկումը արագորեն զգալի ուշադրություն գրավեց՝ հավաքելով մոտ 268,000 դիտում։
Երբ հեռարձակումն ավարտվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մի շարք գրառումներ կատարելով Facebook-ում ու անդրադառնալով Սարգսյանի հայտարարություններին։ Նույնիսկ մինչև թողարկման հրապարակվելը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել էր թրեյլերին՝ քննադատելով Սարգսյանին և վիրավորելով փոդքասթի հաղորդավարներին՝ նրանց անվանելով «շան լակոտներ»։ Սամսոնյանը և Սաղաթելյանը, իրենց հերթին, պատասխանեցին սեռական բնույթի բացահայտ վիրավորանքներով, որոնք ուղղված էին Սիմոնյանին, ինչպես Facebook-ում, այնպես էլ իրենց փոդքասթի ընթացքում։ Սիմոնյանը հետագայում բողոք ներկայացրեց իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում բլոգերների դեմ քրեական գործ հարուցվեց։
Այս դեպքը, ինչպես և վերջին ամիսների մի շարք զարգացումներ, լուրջ մտահոգություններ է առաջացնում ընտրովի արդարադատության հետ կապված։ Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցների կողմից խուլիգանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելումը, նրանց բնակարաններում վաղ առավոտյան խուզարկություններ իրականացնելու որոշումը ակնհայտորեն անհամաչափ էր և, կարծես թե, նպատակ ուներ ահաբեկել ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց։ Նման գործողությունները կտրուկ հակադրվում են պետական պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպերի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին։ Մասնավորապես, մոտ երկու տարի առաջ Ալեն Սիմոնյանը թքեց մի քաղաքացու վրա, ով նրան վիրավորել էր, սակայն ոչ մի քրեական վարույթ չհարուցվեց։ Ինչպես նշվել է «Democracy Watch»-ի նախորդ զեկույցում, 2020-ից 2023-ին խոսքի հետ կապված քրեական գործերի 95 տոկոսը հարուցվել է այն անձանց դեմ, ովքեր թիրախավորել էին վարչապետին կամ նրա կողմնակիցներին։
Ընթացիկ գործի մեկ այլ մտահոգիչ կողմն էլ լրատվամիջոցների վրա գործադրվող ճնշումն է։ Իրավապահ մարմինները չեն սահմանափակվել երկու բլոգերների ձերբակալությամբ, այլ նաև առգրավել են նրանց աշխատանքի վայրի՝ Antifake.am-ին պատկանող սարքավորումները։ Սա, ըստ էության, խաթարել է լրատվամիջոցի գործունեությունը, մի քայլ, որը չի կարող արդարացվել ժողովրդավարական շրջանակներում և հանդիսանում է խոսքի ազատության վրա ուղղակի ճնշում։
Ի պատասխան՝ Հայաստանի բոլոր խոշոր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իշխանությունների գործողությունները։ Հայտարարությունն ընդգծել է, որ անհամաչափ ուժի կիրառումը, ԱԱԾ-ի ցուցադրական ներգրավումը, գործի հետ առնչություն չունեցող AntiFake.am-ի այլ աշխատակիցների բերման ենթարկելը և խմբագրական բոլոր սարքավորումների առգրավումն անընդունելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։
Կարևոր է նաև նշել, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամսոնյանը և Սաղաթելյանը քրեական հետապնդման են ենթարկվում նույն քրեական հոդվածով։ 2024-ի մարտին նրանք կրկին ձերբակալվել էին չափազանց կոշտ և ցուցադրական ուժի կիրառմամբ՝ վարչապետ Փաշինյանի նկատմամբ սեռական բնույթի վիրավորանքներ օգտագործելու համար։ Նրանց նախնական կալանքը հետագայում փոխարինվեց վարչական հսկողությամբ, իսկ 2025-ի մայիսին նրանք արդարացվեցին։ Այս գործը ներառվել է Freedom House-ի «Ազատություն ցանցում 2025» զեկույցում։
Ամփոփելով, պետք է արձանագրել, որ քաղաքական ընդդիմախոսներին զրպարտելու և ապալեգիտիմացնելու համար վիրավորական և հատկապես սեռականացված բառապաշարօ օգտագործումը իրական սպառնալիք է քաղաքական բանավեճի մակարդակի և որակի համար այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ ավանդական մշակութային նորմերը և հասարակական սպեցիֆիկ վերաբերմունքը մեծացնում են նման վարքագծի շուրջ զգայունությունը։ Այնուամենայնիվ, կարևոր է գտնել ճիշտ բալանս քաղաքացիներին և հանրային դեմքերին բանավոր հարձակումներից պաշտպանելու և խոսքի ազատությունը պահպանելու միջև։ 2021-ի հուլիսին Հայաստանն ընդունեց վիրավորանքը քրեականացնող օրենք, սակայն այդ դրույթը չեղարկվեց 2022-ի հուլիսին՝ զգալի ներքին և միջազգային ճնշման պատճառով։
Անհամաչափ պատժիչ միջոցների վրա հիմնվելը, հատկապես, երբ դրանք հետևողականորեն չեն կիրառվում բոլոր դերակատարների նկատմամբ, դժվար թե բարելավի իրավիճակը։ Դեպի լուծում տանող նշանակալի առաջին քայլը կլինի իշխող կուսակցության կողմից նման բառապաշար չօգտագործելու պարտավորությունը։ Ինչպես մենք փաստագրել ենք վերջին ամիսներին, վարչապետ Փաշինյանը և կառավարության այլ պաշտոնյաներ հաճախ են օգտագործել վիրավորական և ոչ էթիկական բառապաշար՝ իրենց ընդդիմախոսներին պիտակավորելու համար։ Այդպիսով նրանք լեգիտիմացնում են այս վարքագիծը և հիմքեր են ստեղծում ուրիշների համար՝ որդեգրելու էլ ավելի նսեմացնող հռետորաբանություն։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: