Հին բարքերի վերադարձը. Հովիկ Աղազարյանի ուշագրավ պատմությունը
14.12.2024
Տաթև Բաղդասարյան, Տիգրան Գրիգորյան
Հայաստանի իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանի շուրջ ծավալվող սկանդալում շանտաժի և քաղաքական ճնշումների վկայություններն ակնհայտ են։ Վերջերս տված հարցազրույցում Աղազարյանը հայտարարել է, որ «ազդեցիկ անձինք» սպառնացել են բացահայտել իր անձնական կյանքի ինտիմ մանրամասներ, եթե ինքը չհրաժարվի պատգամավորական մանդատից։ Ենթադրյալ մանրամասների թվում է մեսենջերով անհայտ կնոջ հետ ոչ պատշաճ նամակագրությունը, ինչը Աղազարյանն անուղղակիորեն ընդունել է։
Աղազարյանի գաղտնի տեղեկությունները ի հայտ են եկել այն բանից հետո, երբ նա սեփական կամքով հեռախոսը տրամադրել էր Հատուկ քննչական կոմիտեին՝ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ իր լեզվակռվից հետո։
Աղազարյանի հեռախոսից ինտիմ բնույթի անձնական տեղեկությունները, ինչպես նաև այլ մանրամասներ, շուտով հասանելի դարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իշխող կուսակցության վարչության անդամներին։ Փաշինյանն այս քայլը հիմնավորեց՝ պնդելով, թե տեղեկությունները պարունակում էին ազգային անվտանգության ռիսկեր, ուստի պետք է ուղարկվեին իրեն։ Քաղաքացիական պայմանագրի այլ անդամներ հետագայում հայտարարեցին, որ Աղազարյանը խմբակցության փակ նիստերի մանրամասները կիսել է երրորդ անձանց հետ։
Բայցևայնպես Աղազարյանը հրաժարվեց մանդատը վայր դնել, ինչն ի վերջո հանգեցրեց նրա՝ Քաղաքացիական պայմանագրից հեռացմանը։ Նա պնդում է, որ այս գործողությունները հարկադրական մարտավարություն են՝ ուղղված իր հրաժարականին հասնելուն։
Աղազարյանի դեպքն առանձնահատուկ է նրանով, որ նա միակն էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների և բարձրաստիճան վեց պաշտոնյաների շարքում, որոնք անցյալ ամիս ճնշման ենթարկվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ով պաշտոնաթող չեղավ։
Աղազարյանի մասին ինտիմ տեղեկությունների բացահայտումը գրավել է հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն նաև բարձրացրել իրավապահ մարմինների անկախության և իշխող կուսակցության բարեվարքության վերաբերյալ կարևոր հարցեր։ Ակնհայտ է, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ իշխող կուսակցության որևէ անդամ իրավունք չունեին մատչում ունենալու Աղազարյանի հեռախոսի անձնական տեղեկություններին։ Եթե անգամ հեռախոսում կոմպրոմատային մանրամասներ կային, որոնք ենթադրում կամ ապացուցում էին Աղազարյանի անօրինական գործողությունները, նման տեղեկությունները բացառապես իրավապահ մարմինների իրավասության տիրույթում են։
Պարզ է նաև, որ Աղազարյանի հեռախոսի կոմպրոմատային բովանդակությունը չէր հրապարակվի, եթե նա համաձայներ վարչապետի՝ հրաժարական տալու «խնդրանքին»։ Ներքաղաքական նպատակներով զգայուն տեղեկությունների և կոմպրոմատային նյութերի գործիքայնացումը բնորոշ էր 2018-ի Թավշյա հեղափոխությունից առաջ քաղաքական համակարգին։
Իշխող կուսակցության կողմից նախկին գործընկերոջ դեմ տեղեկությունների այս հրապարակային օգտագործումը մտահոգիչ նշան է, որ հին բարքերը վերադառնում են։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: