Հարձակում մամուլի վրա. Հայաստանում ատելության խոսքի տարածումը

Հարձակում մամուլի վրա. Հայաստանում ատելության խոսքի տարածումը

31.03.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովում երկու միջադեպ գրանցվեց, որոնք ընդգծում են երկրի խորացող քաղաքական բևեռացումը և ժողովրդավարական հետընթացի մասին աճող մտահոգությունները: Մի դեպքում լրագրողները բռնի ուժով հեռացվեցին խորհրդարանի մամուլի օթյակից, երբ բողոքում էին Անդրանիկ Քոչարյանի վիրավորական մեկնաբանությունների դեմ: Մեկ այլ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ պառակտիչ ելույթով՝ սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելով Հայաստանի նախկին նախագահների հասցեին՝ էլ ավելի բորբոքելով քաղաքական լարվածությունը:

 

Ճնշումներ մամուլի ազատության նկատմամբ

 

Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցները Ազգային ժողովի մամուլի օթյակից բռնի ուժով հեռացրեցին լրագրողներին, երբ նրանք խաղաղ բողոքի ակցիա սկսեցին: Լրագրողները պաստառներ էին պարզել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից պահանջելով ներողություն։ Նա վերջերս անհարգալից արտահայտություններ էր արել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին: Նրանց պաստառների վրա գրված էր՝ «Ներողություն խնդրիր» և «Անդրանիկ Քոչարյան, մաքրիր շուրթերդ»: ՊՊԾ աշխատակիցները խլեցին պաստառները և լրագրողներին բռնի հեռացրին տարածքից:

 

Այս գործողությունը խորացնում է մամուլի ազատության նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքի շուրջ մտահոգությունը: Լրագրողների բռնի հեռացումը նրանց համար նախատեսված տարածքից լուրջ հարցեր է առաջացնում իշխանությունների՝ արտահայտման ազատությունը պահպանելու և լրագրողների անխոչընդոտ աշխատանքը ապահովելու պատրաստակամության վերաբերյալ:

 

Այս միջադեպից հետո շատ լրագրողներ հիշեցին, որ 2013-ին Սարգիս Խանդանյանը՝ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, իսկ այն ժամանակ ՍիվիլՆեթի լրագրող, մասնակցել էր նմանատիպ բողոքի հենց Ազգային ժողովի դահլիճում: Այն ժամանակ ոչ ոք չէր խոչընդոտել ցույցը:

 

Վարչապետի հռետորաբանությունը

 

Նույն օրն ավելի ուշ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ և վիրավորանքներ ուղղեց Հայաստանի երեք նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նա մեղադրեց նրանց իր հետ Լեռնային Ղարաբաղի կորստի հարցի շուրջ ուղղակի բանավեճից խուսափելու մեջ և զգուշացրեց նրանց կա՛մ հրապարակային քննարկման մասնակցել, կա՛մ լռել: Փաշինյանը նրանց սպառնաց «պատով տալ», «ոտի տակ տալ» և «քաղաքական դիակները» փռել։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը վիրավորական բառապաշար է օգտագործում իր ընդդիմախոսներին թիրախավորելու համար: Ակնհայտ է, որ վարչապետն ու իշխող կուսակցությունն արդեն նախընտրական ռեժիմում են, քանի որ 2026-ի խորհրդարանական ընտրությունները այդքան էլ հեռու չեն: Ընտրությունների մոտենալուն զուգահեռ, այս տեսակի հռետորաբանությունը հավանաբար ավելի կսրվի:

 

Իշխող կուսակցությունը քայլեր չի ձեռնարկում քաղաքական բևեռացումը կամ վիրավորական հռետորաբանությունը զսպելու ուղղությամբ: Ընդհակառակը, այն շարունակում է գործիքայնացնել նման մարտավարությունը իր ներքին քաղաքական նպատակների համար: Սա էլ ավելի է քայքայում բովանդակալից բանավեճի և քաղաքականության քննարկումների տարածքը, որոնք երկուսն էլ առանցքային են ժողովրդավարության համար:

 

Democracy Watch ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: