Սիրունյանի առաջադրումը սիրուն չէ. Փաշինյանը խաթարում է դատական ​​անկախությունը

Սիրունյանի առաջադրումը սիրուն չէ. Փաշինյանը խաթարում է դատական ​​անկախությունը

04.12.2024

 

Տաթև Բաղդասարյան

 

 

Իշխող կուսակցության կողմից Բարձրագույն դատական ​​խորհրդի (ԲԴԽ) ոչ դատավոր պաշտոնի համար առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը վերջերս դարձել է հայ հասարակական կյանքի ամենահակասական դեմքերից մեկը։ Նրա առաջադրումը լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական ​​համակարգի անկախության և անաչառության վերաբերյալ:

ԲԴԽ-ն սահմանադրորեն կոչված է ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը: Սիրունյանի առաջադրումը, սակայն, մտահոգություններ է առաջացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ լինելու նրա անցյալի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության պատճառով։ Լուրջ մտավախություններ կան, որ նրա նշանակումը ավելի կլղոզի իշխանությունների տարանջատումը և ավելի կքաղաքականացնի դատական ​​համակարգը, որը ժողովրդավարական հասարակության մեջ պետք է գործի որպես անկախ արբիտր:

Ավելի վաղ վարչապետի ճնշման ներքո ԲԴԽ-ի նախորդ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականն արդեն իսկ խնդրահարույց էր այդ մարմնի քաղաքական անկախության առումով։ Այժմ Սիրունյանի առաջադրումն ավելի է սաստկացնում մտահոգությունները՝ բարձրացնելով դատական ​​կողմնակալության և քաղաքական ներթափանցման ուրվականը ամենաբարձր մակարդակներում։

Սիրունյանի թեկնածության շուրջ հակասությունները հասկանալու համար միայն պետք է ուսումնասիրել նրա նախկին հրապարակային վարքագիծը։ Թեև նա վերջերս ջնջել է Ֆեյսբուքի իր հաշվի բովանդակությունը, հավանաբար իր առաջադրմանը նախապատրաստվելիս, արխիվացված սքրինշոթերը բացահայտում են վիրավորական և պառակտող հայտարարություններով մտահոգիչ գրառումներ:

Սիրունյանը սոցիալական ցանցերում բազմիցս հայհոյախառն և գռեհիկ արտահայտություններ է օգտագործել՝ հաճախ թիրախավորելով իր քաղաքական հակառակորդներին: Հայաստանի Փաստաբանների պալատը 2019-ին դրա պատճառով նրա նկատմամբ կարգապահական գործ էր հարուցել:

Անբարեխղճությունից բացի՝ նրա հայտարարություններն արտացոլում են ավելի խորը խնդիր՝ բացահայտ թշնամանք խոցելի խմբերի, այդ թվում՝ Արցախից տեղահանված մարդկանց նկատմամբ: Մի քանի գրառումներում Սիրունյանը նվաստացուցիչ և հայհոյախառն արտահայտություններ է արել Արցախի հայերի հասցեին, ինչը այլատյացության մտահոգիչ դրսևորում է: Այս հռետորաբանությունը ոչ միայն ամրապնդում է վնասակար կարծրատիպերը, այլև խորացնում հասարակական բաժանումները պայմաններում, երբ հասարակությանը խիստ անհրաժեշտ է բևեռացման հաղթահարում։

Լայնորեն տարածված սքրինշոթերից մեկում Սիրունյանը թիրախ է դարձնում արցախցի ցուցարարին ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար՝ օգտագործելով հայհոյախառն բառապաշար և վնասակար կարծրատիպեր: Նրա խոսքերում խիստ վիրավորական արտահայտություններ կան, որոնք ուղղված են թե՛ ցուցարարին, թե՛ նրա կնոջը նսեմացնելուն, ինչպես նաև պետական ​​ռեսուրսները շահագործելու մեղադրանքներ։ Սիրունյանի հայտարարությունները ոչ միայն կարեկցանքի բացակայության ցցուն դրսևորում են, այլև խոցելի խմբին վիրավորելու մտահոգիչ վարքագիծ:

Մեկ այլ դեպքում Սիրունյանը ագրեսիվ պաշտպանում է վարչապետի ընտանիքին՝ անգամ սպառնալիքներ հնչեցնելով և գռեհիկ հարձակումներ կատարելով վարչապետի որդուն թիրախավորած անձանց։ Այս պահվածքը ոչ միայն նրա անբարեկիրթ կեցվածքն է բացահայտում, այլև նրա հավատարմությունը վարչապետի և նրա ընտանիքի հանդեպ։ Նման գործողությունները էական մտահոգություններ են առաջացնում դատական ​​պաշտոնում անկողմնակալություն պահպանելու նրա կարողության վերաբերյալ:

Սքրինշոթերը կարող եք դիտել այս հղմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դրանք պարունակում են վիրավորական բովանդակություն:

Քաղաքացիական հասարակության մի խումբ անկախ կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ իշխող կուսակցությանը կոչ անելով հանել Սիրունյանի թեկնածությունը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս առաջադրումը դատավորների նշանակումներում քաղաքական նպատակահարմարության առաջնահերթության մտահոգիչ միտում է։ Այն նախազգուշացնում է, որ նման գործելաոճը խարխլում է դատական ​​համակարգը քաղաքականությունից զերծ պահելու հիմնարար սկզբունքը, վտանգում է Բարձրագույն դատական ​​խորհրդի հեղինակությունը, քայքայում հանրային վստահությունը և նվազեցնում գործառնական արդյունավետությունը՝ ի վերջո սպառնալով ամբողջ դատական ​​համակարգի անկախությանը:

Սիրունյանի առաջադրումը Հայաստանի ժողովրդավարական ուղեգծում երկակի խնդրի դրսևորում է՝ իշխող կուսակցության աջակիցների համակարգված նշանակումը անկախ ինստիտուտներում և անհամապատասխանությունը Արցախից հայ փախստականներին ինտեգրելու կառավարության հայտարարած նպատակին: Խոցելի այս համայնքի դեմ ատելություն և կարծրատիպեր տարածելու անցյալ ունեցող անհատի ընտրությունը կարող է նմանօրինակ վարքագիծը «նորմալացնել»՝ խաթարելով թե՛ սոցիալական համախմբվածությունը, թե՛ վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ:

 

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: