«Ռուսամետի» պիտակ․ ինչպես են Հայաստանում թիրախավորվում անկախ քննադատները

«Ռուսամետի» պիտակ․ ինչպես են Հայաստանում թիրախավորվում անկախ քննադատները

30.01.2026

Տիգրան Գրիգորյան

 

Մի քանի ամիս առաջ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու վերլուծական կենտրոնների համայնքը ներկայացնող մի քանի գործընկերների հետ միասին հրավիրված էի աշխատանքային ճաշի՝ արտասահմանյան պատվիրակության մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում, երբ խոսքը հասավ Հայաստանի ներքին զարգացումներին, ես մատնանշեցի իշխանությունների նախաձեռնած որոշ գործընթացների հակասահմանադրական և հակաժողովրդավարական բնույթը՝ մասնավորապես իրավապահ և դատական համակարգերի գործիքայնացումը իշխանության՝ եկեղեցու ղեկավարության և այլ քաղաքական ընդդիմախոսների հետ առճակատման մեջ։ Այս քայլերը հաճախ արդարացվում են հիբրիդային սպառնալիքներին և արտաքին միջամտությանը հակազդելու ավելի լայն նպատակով։

 

Հայ մասնակիցներից մեկը՝ մի մարդ, որը, կարելի է ասել, իր մեջ հաջողությամբ ջնջել է քաղաքացիական հասարակության գործչի, քաղաքական ակտիվիստի և փորձագիտական համայնքի ներկայացուցչի սահմանները, կասկածի տակ դրեց իշխանության չարաշահման վերաբերյալ իմ գնահատականը և հարցրեց, թե ով է այդ դեպքերը սահմանել որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված կամ իշխանության չարաշահման օրինակներ։ Երբ ես պատասխանեցի, որ սա անկախ իրավապաշտպան կազմակերպությունների և ակտիվիստների գնահատականն է, նա ասաց, թե նման տեսակետներ ունեն միայն ռուսամետ դերակատարները։

 

Այս դրվագը խոսուն օրինակ է Հայաստանի հանրային դաշտում ձևավորվող ավելի լայն միտման։ Քաղաքական բևեռացման խորացման և Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի անկման ֆոնին անկախ դերակատարներին «ռուսամետ» պիտակավորելը դարձել է տարբեր գործիչների կողմից կիրառվող և տարածված մարտավարություն, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ոլորտում գործող որոշ անձանց կողմից։ Այս գործընթացում այդ դերակատարներին հաջողվել է հասարակության որոշ շերտերի համոզել, թե խոշոր, երկարամյա փորձ ունեցող, արևմտյան ֆինանսավորմամբ մեդիա հարթակներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ծառայում են ռուսական օրակարգին։ Երբ փորձում ես հասկանալ նման պնդումների տրամաբանությունը, պարզ է դառնում, որ այդ «մեղադրանքի» հիմքում հենց լրագրողական և մասնագիտական չափանիշների պահպանումն է այդ կառույցների կողմից։ Այս գաղափարները տարածողների ընկալմամբ «ռուսամետ» լինելը նշանակում է այլընտրանքային տեսակետների և բանավեճի համար հարթակ տրամադրել․ մեդիայի դեպքում՝ ներքին քաղաքականությունը լուսաբանելիս խնդրի երկու կողմը ներկայացնելը, իշխանությանը հաշվետու պահելը և դժվար հարցեր տալը։

 

Ամենամտահոգիչն այն է, որ նման վարքագիծ ցուցաբերում են հենց իշխող կուսակցության և իշխանության ամենաբարձր օղակների մի շարք ներկայացուցիչներ, որոնք ակտիվ մասնակցում են այս զրպարտիչ արշավներին՝ թե՛ հրապարակային, թե՛ փակ ձևաչափերում, և իրենց համախոհներին խրախուսում են անել նույնը։ Այս մարտավարությունը ենթադրում է ինքնիշխանության գաղափարի գործիքայնացում ներքին քաղաքական նպատակներով և կառավարության գրեթե ցանկացած քննադատության ներկայացում որպես օտար օրակարգերի սպասարկում, լինեն դրանք քաղաքական ընդդիմախոսներ, թե հացադուլ հայտարարած սովորական հանքագործներ։ Ցավալիորեն, քաղաքացիական հասարակության ոլորտի որոշ դերակատարներ պատրաստակամ կրկնում են այս վարքագիծը։

 

Զարմանալիորեն, այս մտածողությունը և վարքագծի օրինաչափությունը բնորոշ են հենց պուտինյան Ռուսաստանին։ Տասնամյակներ առաջ, դեռ այն ժամանակ, երբ հայկական քաղաքացիական հասարակության որոշ գործիչներ ու ակտիվիստներ չէին սկսել հիմնավորել և արդարացնել հակասահմանադրական միջոցների կիրառումը՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անվան տակ, ժամանակակից Ռուսաստանի գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Վլադիսլավ Սուրկովը, առաջ քաշեց «ինքնիշխան ժողովրդավարության» հասկացությունը։ Դրա տրամաբանությունը ծանոթ է․ քաղաքական ընդդիմախոսների և ժողովրդավարական նորմերի ճնշում՝ «Ռուսաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու» համար։

 

Պուտինյան Ռուսաստանի մեկ այլ առանցքային հատկանիշ է իրավունքի գերակայության համակարգային անտեսումը և նույնիսկ օրինականության ամենահիմնական տեսքի մերժումը՝ ներքին քաղաքական նպատակներին հասնելու համար։ Այս համատեքստում ամենավտանգավոր գաղափարներից մեկը, որին ես և իմ գործընկերները նախկինում հանդիպել էինք փակ քննարկումների ժամանակ, այժմ սկսել է բացահայտ հայտնվել հանրային խոսքում։ Տրամաբանությունը հետևյալն է՝ մենք համոզված ենք, որ այս կամ այն դերակատարը ծառայում է օտար շահերի, սակայն ապացույցներ չունենք, իսկ Հայաստանը չունի անհրաժեշտ իրավական գործիքներ դրան արձագանքելու համար, հետևաբար հնարավոր է ընդունելի լինի դիմել արտաիրավական միջոցների՝ նման «սպառնալիքները» չեզոքացնելու նպատակով։

 

Այս շրջանակում տեղ չկա պատշաճ դատաքննության, անմեղության կանխավարկածի կամ ինստիտուցիոնալ պաշտպանիչ մեխանիզմների համար։ Փոխարենը պետությանը փաստացի տրվում է բաց քարտ՝ օրենքը խախտելու՝ կամայական, ոչ ինստիտուցիոնալ գնահատականների հիման վրա։

 

Այս մոտեցումը բնորոշ է ավտորիտար համակարգերին, ինչպիսին պուտինյան Ռուսաստանն է։ Այն նաև արտացոլում է ժամանակակից պետության զարգացման տրամաբանության խորը թյուրիմացություն։ Ֆրենսիս Ֆուկույաման իր «Քաղաքական կարգ ու քաղաքական անկում» գրքում նշում է, որ պրոֆեսիոնալ և կոմպետենտ բյուրոկրատական պետության կառուցման՝ քաղաքական զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը եղել է կառավարման մեջ անձնական և սուբյեկտիվ գործոնների չեզոքացումը և դրանց փոխարինումը անանձնական և ինստիտուցիոնալ մեխանիզմներով։ Այս տեսանկյունից նման մտածողությունը համաշխարհային քաղաքական զարգացման ընդհանուր տրամաբանությունից առնվազն մի քանի դար հետ է մնում։

 

Վերջապես, մեդիայի և անկախ կազմակերպությունների ընկալումը որպես դերակատարների, որոնք պարտավոր են հետևել իշխանության գծին, նույնպես Ռուսաստանի ժամանակակից քաղաքական համակարգի կարևոր հատկանիշներից է։ Ռուսաստանում փխրուն և անկատար ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ վերադարձը սկսվեց խոշոր անկախ մեդիա հարթակները, օրինակ՝ NTV-ն, վերահսկողության տակ առնելուց և չեզոքացնելուց։ Պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության դաշտում նրանց աջակիցների կողմից անկախ մեդիայի պիտակավորումն ու վարկաբեկումը խիստ մտահոգիչ ազդակ է։

 

Այսպիսով, իրավիճակի հակասականությունն այն է, որ եթե վերոնշյալ մտածողությունն ու մոտեցումները տարածում ստանան, ապա նրանք, ովքեր հայտարարում են, թե պայքարում են ռուսական ազդեցության և դրա ենթադրյալ գործակալների դեմ, բայց միաժամանակ վարկաբեկում են անկախ դերակատարներին՝ բևեռացված և քաղաքականացված մտածողությանը չհարմարվելու համար, գործնականում Հայաստանը կմղեն մի ստատուս քվոյի, որը շատ նման է Ռուսաստանի ներկայիս քաղաքական համակարգին։ Այս տրամաբանությանը հակազդելը, հետևաբար, կենսական նշանակություն ունի նման ուղեգծից խուսափելու համար։

 

Արդեն այսօր նկարագրված վարքագիծն ու վարկաբեկիչ արշավները շատ կոնկրետ ազդեցություն ունեն Հայաստանի ժողովրդավարական գործընթացների առողջության վրա։ Այս մարտավարության նպատակը տարբեր դերակատարներին ինքնագրաքննության մղելն է և նրանց՝ ժողովրդավարական նորմերի խախտումների ու չարաշահումների դեմ բարձրաձայնելու կարողության սահմանափակումը։ Ժողովրդավարական համակարգերի ամենամեծ առավելություններից մեկը ազատ քննարկման և բաց բանավեճի ապահովման ունակությունն է։ Այս միտումները Հայաստանին զրկում են այդ առավելությունից՝ հասարակությանը պարտադրելով ոչ քննադատական և հնազանդ մտածողություն։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: