Արցախցիների ինտեգրումը Հայաստանի ուժային կառույցներում․ խնդիրներ և անելիքներ
27․08․2024
Հայաստանի զինված ուժերը և ԱԱԾ մարտական ստորաբաժանումները, որոնց կազմում ընդգրկված են նաև սահմանապահ զորքերը, ներկայումս բարեփոխումների սկզբնական փուլում են։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանակը և ԱԱԾ ենթակայության տակ գտնվող հատուկ նշանակության ջոկատներն ընդհանուր առմամբ ունեն ցածր մարտունակության մակարդակ, բայց միևնույն ժամանակ երկիրն ունի բավարար միջոցներ, առաջին հերթին ֆինանսական ռեսուրսներ՝ իրականացնելու անհրաժեշտ բարեփոխումները, մարտունակությունը բավարար մակարդակի հասցնելու համար։
Արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար, բացի բանակի զարգացման, ֆինանսների և համապատասխան նոր, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման հայեցակարգից, առաջին հերթին անհրաժեշտ են, իհարկե, համապատասխան կադրեր, որոնք իրենց գիտելիքներով և մարտական հարուստ փորձով կդառնան գործընթացի յուրահատուկ շարժիչներ:
Եվ այստեղ անհրաժեշտ է հատկապես առանձնացնել Արցախի ՊԲ զինծառայողներին, առաջին հերթին՝ ՊԲ հատուկ նշանակության ջոկատայիններին, զորքերի տարբեր ճյուղերի մասնագետներին և Արցախի ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատայիններին, ովքեր ունեն անգնահատելի մարտական փորձ և տիրապետում են համապատասխան գիտելիքների և հմտությունների՝ տարբեր բնույթի մարտական առաջադրանքներ կատարելու համար: Այստեղ պետք է փաստել, որ ՊԲ սպաների և զինվորների մարտական որակներն ու գիտելիքների մակարդակը գերազանցում և միշտ գերազանցել են նմանատիպ ցուցանիշները հայկական բանակի այլ կորպուսներում։
Արցախի հայության լիակատար հայրենազրկումից և ՊԲ-ի լուծարումից հետո, 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զեկուցեց.
«Մեզ համար ցանկալի կլիներ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության անցնեն ՀՀ ՊՆ-ում, քանի որ նրանք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձով կարող են օգուտ բերել երկրի զինված ուժերին»։
Սարգսյանը նաև հավելեց, որ ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը և վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն շարունակել ծառայությունը հայկական բանակում, կստանան նման հնարավորություն։
Այսինքն՝ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն անմիջապես հասկացրել են, որ բոլոր զինվորականները կարող են առանց որևէ խնդրի ծառայության ընդունվել հայկական բանակում։
Լավագույն տարբերակը, իհարկե, կլիներ ՊԲ որոշ ստորաբաժանումների պահպանումը մեկ մարտական միավորի մեջ, թեկուզ ուժեղացված բրիգադի մակարդակով, բայց ելնելով բազմաթիվ արտաքին քաղաքական նկատառումներից և առավել ևս՝ ներքաղաքական բնույթի որոշ գործոններից, որոնք հիմնականում անհիմն կերպով ուռճացված են, Հայաստանի իշխանությունները նման քայլի չեն դիմել և դժվար թե դիմեն մոտակա ապագայում։
Այս փուլում կարևոր է գնահատել, թե ինչպես է ընթանում Հայաստանի անվտանգության ոլորտում զինծառայողների և այլ ուժային կառույցների աշխատակիցների ինտեգրման գործընթացը անցյալ տարվա սեպտեմբերին Արցախից հայերի բռնագաղթից հետո և հասկանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել այս ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից։
Նշենք, որ կառավարությունը չի սահմանափակում ՊԲ նախկին զինծառայողների՝ հայկական բանակի ստորաբաժանումներում ինտեգրումը, բայց դրա հետ մեկտեղ առաջացնում է արհեստականորեն ստեղծված խոչընդոտ։
Այս հարցում կառավարության ստեղծած գլխավոր և, հավանաբար, միակ արհեստական դժվարությունը Արցախի բնակիչներին տրված 070 ծածկագրով անձնագրերի պարտադիր փոխարինումն է ՀՀ քաղաքացիների այլ ծածկագրով անձնագրերով։ Սակայն ոչ ոք չի բացատրում այս պարտադիր պահանջի էությունը, քանի որ մինչ 2023 թվականի հոկտեմբերը նման խնդիր գոյություն չի ունեցել։
Շատերն սկսում են անձնագիրը փոխելու ընթացակարգը, բայց կան նաև այնպիսիք, ովքեր չեն ցանկանում փոխել անձնագիրը, այդ թվում՝ իրենց սկզբունքային դրդապատճառներով։ Կան նաև մարդիկ, ովքեր կառավարության այս որոշման մեջ ինչ-որ խաբեություն են տեսնում, ինչը նույնպես փոխադարձ անվստահության մթնոլորտ է ստեղծում։
Սուբյեկտիվ պատճառներից հիմնականում առանձնանում են անձնական բնույթի պատճառներ։
Ցածր աշխատավարձեր, սոցիալական և կենցաղային խնդիրներ, բնակարանային խնդիրներ, զբաղվածության բացակայություն, անորոշություն և հնարավոր դժվար ադապտացում ծառայության նոր վայրում։ Մեծ բացասական դեր է խաղում նաև բարոյահոգեբանական վիճակը և մոտիվացիայի կորուստը շատ զինվորականների մոտ՝ վերջին պատերազմների մի շարք պարտություններից հետո:
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ հայկական զինված ուժերը Արցախի զինվորականներով համալրելու գործընթացը շարունակվում է, թեև շատ դանդաղ տեմպերով, և դժվար թե ՀՀ կառավարությունը կարողանա առաջարկել ավելին, քան առաջարկում է հիմա:
Շատ ավելի դժվար է ընթանում Արցախի ԱԱԾ աշխատակիցներով Հայաստանի ԱԱԾ նմանատիպ կառույցների համալրումը։
Այս ամռանը ընդունվեց օրինագիծ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձանց ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ում շարունակելու մասին։
Միաժամանակ, Հայաստանի խորհրդարանում միաձայն ընդունված օրինագիծը սահմանում է, որ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի ԱԱԾ-ում պաշտոններ զբաղեցրած անձինք կարող են աշխատանքի ընդունվել միայն համապատասխան թափուր պաշտոններ առաջանալու դեպքում։
Այսինքն՝ խոսքը Հայաստանի ԱԱԾ-ում նոր ստորաբաժանումներ ստեղծելու մասին չէ, և Արցախի ԱԱԾ աշխատակիցները, օրենքի տրամաբանությամբ, պետք է սպասեն թափուր աշխատատեղերի կամ նոր կադրերի հայտնվելուն։
Արցախի ԱԱԾ կազմում ընդգրկված էին հարյուրավոր պրոֆեսիոնալներ մարտական անձնակազմից, այդ թվում՝ դիպուկահարներ, դիվերսիոն և հետախուզական գործունեության մասնագետներ։ Նրանց շուտափույթ ծառայության ընդունումը պետք է առաջնահերթություն լինի օպերատիվ ծառայությունների ներկայացուցիչների, հետաքննիչների և հիմնականում քաղաքականացված գործունեությամբ զբաղվող անձանց հնարավոր աշխատանքի ընդունման նկատմամբ։
Այս փուլում ամենաիրատեսական կարող է թվալ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը Արցախի կադրերով համալրելը, քանի որ, ըստ ՀՀ որոշ պաշտոնյաների հավաստիացումների, այս ոլորտում փորձառու մասնագետների լուրջ պակաս կա։
Արցախի էթնիկ զտումից մեկ տարի անց կարելի է փաստել, որ Հայաստանի իշխանության հիմնական բացթողումը երկրի ուժային կառույցներում արցախցի մասնագետներ ներգրավելու հարցում նախաձեռնողական մոտեցման բացակայությունն է։
Անվտանգային լուրջ խնդիրներ ունեցող պետությունը պետք է համապատասխան մասնագետների համապարփակ բազա կազմի և անհատական մոտեցում ցուցաբերի նրանցից յուրաքանչյուրին աշխատանքի ընդունելու հարցում։ Նման մասնագետների զրոյից պատրաստելը շատ ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ կխլի:
Էդուարդ Առաքելյան
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ