Գործիքայնացված և օտարված. արցախցիների թիրախավորումը հայաստանյան որոշակի խմբերի կողմից
31․10․2024
Կարինա Ավետիսյան
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից էթնիկ զտումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանված մարդկանց շուրջ ծավալվող խոսույթը ընդգծում է խոցելի բնակչության թիրախավորման մտահոգիչ միտումը։ Տեղահանման պատճառով փախստական ու առանց այն էլ խիստ խոցելի դարձած այս մարդկանց վիճակը ավելի է բարդանում նրանով, թե ինչպես են Հայաստանի տարբեր դեմքեր՝ պետական պաշտոնյաներից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և նույնիսկ արտասահմանյան դիվանագետներ, օգտագործում նրանց որպես քաղաքական գործիք։
Որոշակի խմբերի գործիքայնացման այս երևույթը բացառիկ չէ Հայաստանի համար, սակայն դրա տեղական դրսևորումները մտահոգիչ օրինաչափություններ են երևակում՝ թիրախավորված հռետորաբանությունից մինչև խորհրդանշական լուսանկարներ։ Ազգային տրավմայի ժամանակ կարելի էր հույս ունենալ կարեկցանքի և անկեղծ աջակցության, սակայն վերաբերմունքը հաճախ վերածվում է մեղադրանքների, կարծրատիպերի և պառակտիչ պատմույթների։
Պաշտոնյաների մասնակցությունը
2020-ից ի վեր Հայաստանում քաղաքական գործիչները սկսել են արցախցիներին ներկայացնել որպես «ուրիշ»՝ մի հանրույթ, որը ինչ-որ կերպ առանձին է և նույնիսկ բեռ է հայ հասարակության մնացած մասի համար։ Սա արտահայտվեց իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մեկնաբանություններում, որն ակնարկեց՝ արցախցի փախստականները «հրաժարվել են իրենց հողից» և պետք է «հյուրի պես պահեն իրենց» Հայաստանում։
Այսօրինակ հայտարարությունները վիրավորանքից անդին են. դրանք ահազանգում են արդեն իսկ տրավմայի ենթարկված խմբի նկատմամբ անվստահության և դժգոհության պաշտոնական հավանության մասին՝ արցախցիներին ներկայացնելով որպես օտար, որոնք պատրաստ չեն կամ չեն համապատասխանում լիարժեք սոցիալական ինտեգրման։ Այս պատմույթների ազդեցությունն ուժեղանում է, երբ իշխանամետ լրատվամիջոցները, ինչպիսին է Civic.am-ը, շարունակում են տարածել այն գաղափարը, որ Արցախի հայերը համակրանք ունեն Ռուսաստանի նկատմամբ՝ մի երկիր, որի վարկանիշը հայերի շրջանում մեծապես մթագնել է վերջին մի քանի տարիների իրադարձությունների ֆոնին։ Նման ընտրովի կարծրատիպայանացումը խորացնում է պառակտումը՝ ազգայնականության կամ պետական հավատարմության քողի տակ անուղղակիորեն վավերացնելով այլատյաց տրամադրություններ։
Իշխող կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը սոցիալական ցանցերում հարցում էր հրապարակել՝ արդյոք Արցախի փախստականները պետք է հեռանան Հայաստանից, և հանրային քննարկման էր վերածել մարդկանց տեղահանության տրավման։ Սակայն, չնայած այս հայտարարությունների ակնհայտ սադրիչ բնույթին, իրավական կամ ինստիտուցիոնալ որևէ գործողություն չձեռնարկվեց արցախցիների դեմ ուղղված ատելության խոսքին հակազդելու համար։ Հետևանքների բացակայությունը վկայում է խտրական հռետորաբանության նկատմամբ մտահոգիչ հանդուրժողականության մասին, որը վտանգում է փախստականների նկատմամբ նախապաշարմունքների նորմալացումը։
Բացասական կարծրատիպերը նոր չեն
Արցախցիներին բացասական լույսի ներքո ներկայացնելն ունի պատմական արմատներ, որ մասամբ պայմանավորված է Հայաստանի քաղաքական անցյալով։ Երկրի՝ ժողովրդականություն չվայելող երկրորդ և երրորդ նախագահները, որոնք երկուսն էլ ծագումով Լեռնային Ղարաբաղից էին, թողել էին դժգոհության ժառանգություն, որը սնուցել է արցախցիների մասին՝ որպես քաղաքականապես փակ կամ օտար ուժերից կախված լինելու կարծրատիպերը։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է իմ գործընկեր Տիգրան Գրիգորյանը, այս կարծրատիպերը նախկինում սահմանափակված էին հասարակական խոսույթով և չէին լեգիտիմացվում պաշտոնյաների կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Այսօր այս պատմույթները մտահոգիչ կերպով լուսանցքներից մղվել են հիմնական խոսույթի դաշտ՝ ստանալով պետական հավանության կշիռը։
Օտարերկրյա դիվանագիտական առաքելություններ. ձևական աջակցություն և լուսանկարչական հնարքներ
Հայաստանում օտարերկրյա դեսպանությունները նույնպես ներգրավվել են արցախցիների գործիքայնացման նուրբ, բայց ոչ պակաս խնդրահարույց ձևերի մեջ։ Չնայած նրանց կառավարությունները քիչ բան են արել արցախցիների տեղահանումը կանխելու կամ նրանց տառապանքները մեղմելու համար՝ դիվանագիտական որոշ առաքելություններ պատրաստակամ են հրապարակայնացնելու աջակցության ձևական ժեստերը։
Վերջերս տեղի ունեցած մի դեպք կապված էր Հայաստան աշխատանքային այցով եկած արտասահմանյան պատվիրակության հետ, որը հանդիպել էր բազմաթիվ փորձագետների հետ և գնացել Հայաստանի տարբեր մարզեր։ Հատկանշական է, որ իրենց հանրային հաղորդակցության մեջ հրապարակված լուսանկարները միայն լուսաբանում էին նրանց հանդիպումը արցախցիների ներկայացուցիչների հետ՝ խորհրդանշական ակնարկ փախստականներին՝ առանց էական գործողությունների ապացույցների։
Խտրական այս ցուցադրությունը հուշում է ակնհայտ մի մոտեցման մասին՝ պատրաստակամություն՝ աշխարհին ցույց տալու, որ իրենք «ներգրավված են» արցախցիների հարցով, բայց առանց դրա հետևում եղած շոշափելի որևէ քաղաքականության։ Դիվանագիտական այս ժեստերը, որքան էլ թվում է՝ արվում են բարի մտադրություններով, պետք է դուրս գան խորհրդանշական այցելությունների շրջանակից և կենտրոնանան ուղղակի օգնություն տրամադրելու և այնպիսի քաղաքականություն պաշտպանելու վրա, որը կապահովի փախստականների երկարաժամկետ անվտանգությունն ու բարեկեցությունը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը. մեղսակցություն և քավության նոխազների փնտրտուք
Հայաստանի քաղաքացիական հասարակության որոշ անդամներ, որոնք կարող էին պաշտպանել արցախցիների շահերը երկրում, հիասթափեցնող կերպով մեղսակից են եղել նրանց մարգինալացմանը։ Արտասահմանյան պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ քաղաքացիական հասարակության հայտնի որոշ դեմքեր արտացոլում են վնասակար կարծրատիպերը՝ արցախցիներին պիտակավորելով որպես Հայաստանի ժողովրդավարական զարգացման հնարավոր սպառնալիք։ Սա համահունչ է կառավարության՝ իր հասցեին քննադատությունը շեղելու փորձերին՝ համայնքին օգտագործելով որպես քավության նոխազ, ներկայացնելով նրանց որպես ժողովրդավարական առաջընթացի խոչընդոտ, այլ ոչ թե պաշտպանության կարիք ունեցող խումբ։
Քաղհասարակության կողմից նման հռետորաբանությունը կրկնակի վնասակար է։ Այն ոչ միայն ամրապնդում է բացասական կարծրատիպերը, այլև խաթարում է ներառականության և ապրումակցման այն սկզբունքները, որոնց առաջամարտիկը պետք է լինեն հենց քաղհասարակության կազմակերպությունները։
Արցախցիներին պաշտպանելու բարոյական և էթիկական հրամայականը
Խոցելի որևէ բնակչության գործիքայնացումը քայքայիչ է ժողովրդավարության համար, բայց թիրախավորել փախստականներին՝ մի խմբի, որն արդեն իսկ զրկված է ապրուստից և տնից, բարոյապես անընդունելի է։ Այս գործիքայնացումը աղ է լցնում այդ մարդկանց վերքի վրա՝ տարբեր դերակատարների համար նրանց վերածելով քաղաքական գործիքների, քավության նոխազների և լուսանկարչական օբյեկտի։ Արցախցիներին Հայաստանում ինտեգրելու և նրանց համար ապահովություն ստեղծելու օժանդակության փոխարեն այս դինամիկան նրանց թողնում է օտարված և անվստահելի։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Երևանում գործող «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն» վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: