Կուսակցության անօրինական ֆինանսավորում․ ինչպես է «Քաղաքացիական պայմանագիրը» շրջանցում օրենքը՝ առանց հետևանքների

Կուսակցության անօրինական ֆինանսավորում․ ինչպես է «Քաղաքացիական պայմանագիրը» շրջանցում օրենքը՝ առանց հետևանքների

Տաթև Ղազարյան

 

Հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս փակեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը 2022-ին արված ենթադրյալ ապօրինի նվիրատվությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը։ Գործը, որը վերաբերում էր նախընտրական լայնածավալ անօրինական նվիրատվություններին, կարճվեց՝ առանց որևէ մեղադրանք առաջադրելու։ Այս որոշումը, զուգորդված ՔՊ-ի ֆինանսավորման գործընթացում արձանագրված ակնհայտ խախտումների հետ, լուրջ կասկածներ է հարուցում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և Հայաստանի պետական ինստիտուտների անաչառության վերաբերյալ։

Սկանդալը առաջին անգամ բացահայտվեց անցած տարի ՍիվիլՆեթի և Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP)-ի համագործակցությամբ։ Հետաքննողները պարզել էին, որ տասնյակ մարդիկ՝ որոնցից շատերը ՔՊ-ի թեկնածուներ էին տեղական ընտրություններում, կուսակցությանը մեծածավալ ու նույնական նվիրատվություններ էին կատարել։ Առնվազն տասը քաղաքներում տասը տարբեր թեկնածու նույն օրը նույն չափի գումար էին փոխանցել։ Լրագրողները զրուցել էին ավելի քան երեսուն նվիրատուների հետ, որոնցից մոտ կեսը նույնիսկ չէին հիշում, որ որևէ գումար են նվիրաբերել ՔՊ-ին։

Նմանատիպ մտահոգություններ կրկին առաջ եկան 2024-ի հունվարին, երբ Infocom.am-ն ուսումնասիրեց իշխող կուսակցության միջոցների հավաքագրումը 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրությունների համար։ ՔՊ-ն հայտնել էր, որ քարոզարշավի համար հավաքել է 506,5 միլիոն դրամ՝ աննախադեպ մեծ գումար։ Infocom-ը պարզեց, որ այդ գումարի զգալի մասն ապահովվել էր 1-ից 2,5 միլիոն դրամի նվիրատվությունների միջոցով, որոնք հաճախ վերագրվել էին համեստ եկամուտ ունեցող անձանց կամ բարձրաստիճան պաշտոնյաների ու կառավարությանը մոտ կանգնած գործարարների հետ կապ ունեցող մարդկանց։ Նշված նվիրատուներից մի քանիսը լրագրողներին ասել էին, որ տեղյակ չեն իրենց անունից նման մեծ գումարների փոխանցման մասին։

Կուսակցության 2022 և 2023 թվականների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս Հայաստանում թափանցիկության մասին օրենքների համակարգային շրջանցման ձևավորումը։ Որոշ նվիրատուներ գերազանցել էին օրենքով սահմանված նվիրատվությունների առավելագույն չափը, մինչդեռ մյուսները, կարծես, օգտագործվել էին որպես միջնորդներ՝ առանց իրենց գիտության։ Սա վկայում է հնարավոր գումարների լվացման մասին՝ «ձևական նվիրատուների» միջոցով։

Թույլ վերահսկողություն և ուշացած պատասխանատվություն

Խնդրի լրջությունը ճանաչվել էր երեք առանձին պետական մարմինների կողմից, որոնք սկսել էին քննություններ։ Գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել՝ ի պատասխան Infocom-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին հրապարակումների, սակայն մինչ օրս այդ գործի շրջանակում զարգացումների վերաբերյալ որևէ հրապարակային տեղեկություններ չկան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022-ի տարեկան հաշվետվության և անկախ աուդիտի բացասական եզրակացության հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույց էր ներկայացրել Դատախազությանը։ Թեպետ Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե հարուցել էր քրեական գործ, այն ավելի ուշ կարճվեց՝ առանց որևէ մեղադրանքի։ Այս դեպքերի հաջորդականությունն ընդգծում է, որ թեև օրենսդրական հիմքերն առկա են, դրանց կիրարկումն ընտրովի բնույթ է կրում, իսկ իշխող կուսակցության հետ կապված գործերը հաճախ խափանվում կամ վաղաժամ կարճվում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունել էր, որ «խնդիր» կա, բայց պնդել էր, թե այն չի հատել քրեական պատասխանատվության շեմը՝ հայտարարելով, որ քննչական մարմինները «հանցագործության տարրեր չեն հայտնաբերել»։ Նա այս հայտարարություններն արել էր դեռ այն պահին, երբ դատական մարմինները որևէ եզրակացություն չէին հրապարակել՝ փաստացի կանխորոշելով դրանց որոշումները և հասարակական ճնշում գործադրելով ըստ էության անկախ ինստիտուտների վրա։

Օրենսդրական բացեր և ռիսկային բարեփոխումներ

Այս սկանդալը բացահայտում է նաև Հայաստանի կուսակցական ֆինանսավորման իրավական դաշտի կառուցվածքային թուլությունները։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունները հրապարակվում են մեծ ուշացումով՝ հաճախ ընտրություններից մեկ տարի անց, ինչի հետևանքով ընտրողները խախտումների մասին տեղեկանում են այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ ազդել ընտրական արդյունքների վրա։ Հանրային վերահսկողությունն այսպիսով դառնում է անարդյունավետ և ուշացած։

Բացի այդ, ՀՀ Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունները ևս վտանգում են թափանցիկությունը։ 2024-ի դեկտեմբերին կուսակցություններին անհատական նվիրատվության առավելագույն շեմը բարձրացվեց տարեկան 2,5 միլիոն դրամից մինչև 10 միլիոն դրամ։ Սա նվազեցնում է «ձևական նվիրատուների» օգտագործման անհրաժեշտությունը, սակայն չի լուծում միջոցների ծագման աղբյուրի հետագիծը բացահայտելու խնդիրը։ Մյուս մտահոգիչ փոփոխությամբ նախընտրական հիմնադրամներին նվիրատվություններ կարող են կատարել միայն կուսակցությունները, ոչ թե առանձին քաղաքացիները։ Սա նշանակում է, որ ամբողջ գումարը նախ պետք է անցնի կուսակցական հաշվեհամարներով՝ թաքցնելով ֆինանսական հետագիծը մինչև հաջորդ տարվա հաշվետվությունները։

Գործնականում սա նշանակում է, որ նախ անցկացվում են ընտրությունները, և միայն ամիսներ անց հետաքննող մարմիններն ու հանրությունը ստանում են այն ֆինանսական տվյալները, որոնք կարող էին բացահայտել խախտումներ։ Այդ պահին ընտրությունների արդյունքներն արդեն քաղաքականորեն անդառնալի են։ 2021-ի և 2023-ի Երևանի ընտրությունների օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են նման ուշացումները վերահսկողությունն անատամ դարձնում։

 

Եզրակացություն

ՔՊ-ի ֆինանսավորման սկանդալն արտացոլում է ավելի խորքային խնդիր․ Հայաստանի քաղաքական ֆինանսավորման համակարգը ձևավորված է այնպես, որ կուսակցությունները խուսափեն ժամանակին պատասխանատվությունից։ Քննությունները կամ շատ դանդաղ են ընթանում կամ լռությամբ կարճվում, հաշվետվությունները հրապարակվում են ընտրություններից ամիսներ հետո, իսկ օրենսդրական վերջին փոփոխությունները սպառնում են նախընտրական ֆինանսավորումը էլ ավելի ոչ թափանցիկ դարձնել։

Հայաստանն իր ժողովրդավարությունն ամրապնդելու համար պետք է հրատապ ուժեղացնի ինստիտուտների անկախությունը և վերափոխի կուսակցական ֆինանսավորման համակարգը։ Նվիրատվությունների իրական ժամանակում բացահայտումը, ժամանակին իրականացվող աուդիտները և իսկապես անաչառ քննությունները կենսական նշանակություն ունեն հանրային վստահությունը վերականգնելու համար։ Հակառակ դեպքում, Հայաստանը կկանգնի այն վտանգի առաջ, որ ընտրությունները արտաքինից կլինեն մրցակցային, սակայն իշխող կուսակցությունները կունենան կառուցվածքային առավելություններ, որոնք կասկածի տակ են դնում հավասար մրցակցությունը՝ խաթարելով թե՛ պատասխանատվության մեխանիզմները, թե՛ ժողովրդավարական կառավարման հանդեպ հավատը։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։



Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: