«Ես եմ կառավարությունը». Փաշինյանի միանձնյա իշխանությունը սպառնում է ժողովրդավարությանը

03․09․2025
Տիգրան Գրիգորյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։ Այս որոշմանը նախորդել էր վարչապետի հրապարակային հայտարարությունը, թե Հայաստանը չի կատարելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի հրատապ որոշումը։ Վերջինս պարտավորեցրել էր դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման գործընթացը։
Դրմեյանի պաշտոնանկության նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ որևէ պաշտոնյա, որը չի կիսում իր դիրքորոշումը, պետք է հրաժարական ներկայացնի․ «Կառավարությունը ես եմ… չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում կան մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում, հենց հիմա թող դիմում գրեն, շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես ինքս նրանց կհանեմ»։
Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը նախկինում եզրակացրել էր, որ միջազգային արբիտրաժի որոշումն իրավաբանորեն պարտադիր է։
Հակասություն ժողովրդավարական կառավարման հետ
Փաշինյանի խոսքերը ոչ միայն քաղաքականապես անպատասխանատու են, այլև՝ իրավաբանորեն անհիմն։ Հայաստանի սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանական համակարգ, որտեղ իշխանությունը բաշխված է ինստիտուտների միջև, և կառավարությունը հավաքական պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի և հանրության առաջ։ Ոչ մի անհատ՝ անգամ վարչապետը, չի կարող միանձնյա «կառավարություն» համարվել։ Իշխանությունը սեփական եսի հետ նույնացնելով՝ Փաշինյանը խարխլում է ինստիտուցիոնալ կառավարման հիմքերը և իրեն դնում է այն համակարգից վեր, որին կոչված է ծառայելու։
Այս հռետորաբանությունը զուտ խորհրդանշական չէ․ երբ առաջնորդները իրենց նույնացնում են պետության հետ, ջնջվում է անձնական կամքի և ինստիտուցիոնալ որոշումների սահմանագիծը։ Սա բնորոշ է միանձնյա կառավարմանը, որտեղ թուլանում են հակակշիռները, պատժվում է այլախոհությունը, և քաղաքական որոշումները կախված են դառնում մեկ անձի նախասիրություններից՝ ոչ թե պետական շահից։
Ավելի վաղ Democracy Watch նախաձեռնության շրջանակում մենք վերլուծել էինք Փաշինյանի կառավարման միանձնյա ոճի տարբեր դրսևորումներ։ Վերջին հայտարարությունը և Դրմեյանի պաշտոնանկությունը դրա հերթական դրսևորումն են՝ վկայելով, որ որոշումների կայացման գործընթացում բացակայում է ինստիտուցիոնալ հիմքը։
Բանավեճի դաշտի նեղացում
Դրմեյանի պաշտոնանկությունը նաև ցույց է տալիս Հայաստանի քաղաքական կյանքում արմատավորված մի ավելի լայն միտում․ իշխող շրջանակում աստիճանաբար նեղանում է ներքին քննարկումների և բանավեճի դաշտը։ 2020թ. երկրորդ արցախյան պատերազմից հետո իշխանության մեջ մնալու հիմնական չափանիշը գնալով ավելի շատ պայմանավորվում է Փաշինյանին անձնական հավատարմությամբ։ Մասնագիտական կարողությունները և մասնագիտական դատողությունները երկրորդ պլան են մղվում՝ վարչապետի գծին անվերապահ ենթարկվելու օգտին։
Այն փաստը, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ Հայաստանի շահերը միջազգային իրավական հարթակներում պաշտպանող պրոֆեսիոնալ կառույցը, ընդունել էր արբիտրաժի որոշման պարտադիր բնույթը, կարող էր դառնալ կառուցողական քննարկման առիթ։ Փոխարենը դա դարձավ պաշտոնանկության պատճառ՝ ուղերձ հղելով, որ վարչապետի քաղաքական դիրքորոշմանը հակասող անկախ մասնագիտական գնահատականները չեն հանդուրժվելու։
Ինչո՞ւ է սա կարևոր ժողովրդավարության համար
Կայացած ժողովրդավարություններում այլընտրանքային ձայների առկայությունը ոչ միայն հանդուրժելի է, այլև ողջունելի։
Ինստիտուտները կոչված են գործադիրի որոշումների վերահսկողությունն ապահովելու՝ թույլ տալով ի սկզբանե քննարկել և շտկել հնարավոր սխալները։ Այս բազմակարծությունը պաշտպանում է պետությունը հապճեպ կամ կասկածելի որոշումներից և գոտեպնդում քաղաքականությունը։
Հայաստանի ընթացքը, սակայն, ցույց է տալիս հակառակը․ համակարգը փոխվում է այնպես, որ այլախոհությունը պատժվում է, իսկ վարչապետի իշխանությունը ներկայացվում է որպես բացարձակ։ Այս միտումը մեծացնում է լուրջ քաղաքական սխալների հավանականությունը։
Ավելին՝ Փաշինյանի հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Հայաստանի ժողովրդավարությունը արդեն զգալի ճնշման տակ է։ 2020թ. պատերազմը, 2023թ. Արցախից հայերի բռնի տեղահանումը և երկրի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը աննախադեպ բեռ են դրել պետության վրա։ Հենց այսպիսի պահերին են ժողովրդավարություններին անհրաժեշտ ուժեղ ինստիտուտներ, օրենքի գերակայություն և բաց քննարկումներ՝ ճգնաժամերը հաղթահարելու համար։ Փոխարենը Հայաստանը շարժվում է դեպի մի մոդել, որտեղ մեկ գործիչն է միանձնյա որոշումներ ընդունում՝ առանց զսպումների ու հակակշիռների։
Իր ժողովրդավարական ձեռքբերումները պաշտպանելու համար Հայաստանը պետք է դիմակայի դեպի միանձնյա կառավարում այս նահանջին։
Օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաշվետվողականությունը չեն կարող զոհաբերվել քաղաքական նպատակահարմարությանը։
Ինստիտուտները պետք է գործեն անկախ նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիրքորոշումները հակասում են վարչապետի անձնական նախընտրություններին։ Հակառակ դեպքում Հայաստանը կանգնած է ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը միանձնյա իշխանությամբ փոխարինելու վտանգի առաջ։
«Democracy watch»-ը ՍիվիլՆեթի և «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» համատեղ նախագիծ է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: