Հիբրիդային սպառնալիքներն ընդդեմ խոսքի ազատության

18.02.2025
Տիգրան Գրիգորյան
Փետրվարի 1-ին հայկական մեդիա դաշտը ցնցվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 70-ամյա դասախոս Ղարիբ Բաբայանի հետ պատահած մի դեպքից։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր տեսանյութ, որտեղ Իրանի ադրբեջանցիների մի խումբ Երևանի Հանրապետության հրապարակում երգում էր «Ղարաբաղ» երգը։ Իր գրառման մեջ Բաբայանը զայրույթ էր հայտնել իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ։ Բաբայանը գրել էր.
«Ամոթ։ Երևանի կենտրոնական հրապարակում ադրբեջանցիների մի խումբ ադրբեջաներեն երգում է Ղարաբաղ երգը։ Որտե՞ղ է մեր քաջարի ոստիկանությունը։ Թե՞ միայն կարող են Եռաբլուրում մեր զոհված զինվորների մայրերին ծեծել։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլիներ Բաքվում, եթե նույն քանակի հայ երիտասարդներ հայերեն երգեին, թեկուզ ոչ հայրենասիրական երգ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված հանցագործները, որ ադրբեջանցիները այդպես հանդուգն ու լկտի են պահում իրենց Երևանի կենտրոնում։
Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատ այցելում Հայաստան և այդպես լկտի պահում իրենց՝ մի օր Ծիծեռնակաբերդում Գորշ գայլերի նշան ցույց տալով, մյուս օրը Երևանի կենտրոնում իրենց լեզվով Ղարաբաղ երգելով։
Հայաստանցիներ, ի՞նչ է կատարվում ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ եք հանդուրժում այս դավաճան ու վաճառված իշխանությունների բոլոր ստորացուցիչ գործողությունները ձեր դեմ։ Մինչև ե՞րբ եք հանդուրժելու և լռելու։ Ամոթ է»։
Այս գրառումից հետո Ղարիբ Բաբայանի դեմ քրեական գործ հարուցվեց «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» հոդվածով (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված)։
Ուշագրավ է, որ գործի վերաբերյալ իր պաշտոնական հայտարարության մեջ Քննչական կոմիտեն Բաբայանին մեղադրել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների և հայ ոստիկանության սպաների նկատմամբ քաղաքական և այլ հայացքների, ինչպես նաև անձնական ու սոցիալական հանգամանքների հիման վրա ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և խթանելուն ուղղված նյութեր տարածելու և հրապարակային ելույթներ ունենալու մեջ։
Նույն օրը միջնորդություն ներկայացվեց Բաբայանին կալանավորելու համար, սակայն դատավորը ի վերջո որոշեց սահմանել վարչական վերահսկողություն՝ սահմանափակելով Բաբայանի՝ հանրային տարածքներում ազատ արտահայտվելու իրավունքը։
Գործը միանշանակ քննադատության է արժանացել Հայաստանի իրավապաշտպան հանրության կողմից։ Իրավապաշտպան Արաքս Մելքոնյանը քրեական հետապնդումը որակել է որպես ամոթ և անօրինականություն, իսկ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը այն նկարագրել է որպես խոսքի ազատության ակնհայտ ճնշում։
Հիբրիդային սպառնալիքներ
Ակնհայտ է, որ թեև Բաբայանի հռետորաբանությունը վիճահարույց էր, նրա դեմ հարուցված քրեական գործը վտանգավոր չափազանցություն է։ Հայաստանի կառավարության արձագանքը մտահոգիչ հարցեր է բարձրացնում խոսքի ճնշման և անորոշ սահմանված իրավական դրույթների՝ այլախոհությունը լռեցնելու նպատակով զենքի վերածելու վերաբերյալ։
Այս քրեական գործը արտացոլում է նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի անհրաժեշտության մասին հայկական կառավարության ավելի լայն ընկալումները, ինչը հաստատել է հենց վարչապետ Փաշինյանը իր վերջին մամուլի ասուլիսում։ Փաշինյանը պնդել է, որ ադրբեջանական երգի կատարումը ցույց տվող տեսանյութի հրապարակումը հիբրիդային գործողության մաս էր՝ ուղղված Հայաստան-Իրան հարաբերություններին վնաս հասցնելուն։
Հայաստանի նորաստեղծ Արտաքին հետախուզության ծառայության վերջին զեկույցը տեղեկատվական և հիբրիդային սպառնալիքները նշել է որպես երկրի անվտանգության հիմնական ռիսկեր 2025-ին։ Այնուամենայնիվ, նման սպառնալիքների դեմ պայքարը լուրջ մտահոգություններ է առաջացնում հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ խոսքի ազատության հետ հնարավոր բախումների վերաբերյալ։ Խոսքը ճնշելը կամ անհատներին անորոշ կամ չափազանց լայն իրավական դրույթներով հետապնդելը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել՝ խեղդելով այլախոհությունը և քայքայելով ժողովրդավարական սկզբունքները։
Ավելին, եթե կառավարությունը չարաշահում կամ սխալ է կիրառում օրենքը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի անվան տակ, այն կարող է ուժեղացնել հենց այն վտանգները, որոնց դեմ փորձում է պայքարել։ Չափազանց իրավական գործողությունները կարող են սնուցել անվստահությունը, խորացնել հասարակական անջրպետը և նույնիսկ ձեռնտու լինել Հայաստանը ներսից ապակայունացնել ցանկացող արտաքին ուժերին։ Վտանգն այն է, որ ցանկացած կառավարության քննադատ, լրագրող կամ ակտիվիստ կարող է հետապնդման ենթարկվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի պատրվակով՝ ազգային անվտանգության մտահոգությունները վերածելով ընդդիմության լռեցման գործիքի։
Կարևոր է չափավոր և իրավունքները հարգող մոտեցումը, որպեսզի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ջանքերը չիրականացվեն ժողովրդավարական ազատությունների հաշվին։ Հակառակ դեպքում, հենց այն ինստիտուտները, որոնք կոչված են պաշտպանելու երկիրը արտաքին մանիպուլյացիաներից, կարող են ի վերջո նրա ժողովրդավարությունը քայքայել ներսից։
Democracy Watch-ը CivilNet-ի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: