Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը՝ որպես ներքաղաքական գործիք

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը՝ որպես ներքաղաքական գործիք

25․09․2024

 

Տիգրան Գրիգորյան

 

Democracy Watch-ի նախորդ զեկույցում իմ գործընկեր Կարինա Ավետիսյանի հետ անդրադարձ կատարեցինք իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանն այն մասին, որ «ղարաբաղցիները պետք է հյուրի պես պահեն իրենց Հայաստանում»։ Մելքոնյանի հայտարարությունը, որն այդպես էլ չդատապարտվեց իշխող կուսակցության կողմից, ոչ թե առանձին վերցված անպատասխանատու պաշտոնյայի հայտարարություն է, այլ քաղաքական օրինաչափության և կանխամտածված քաղաքականության մաս, որը նպատակ է հետապնդում քաղաքական դիվիդենդներ շահել ղարաբաղաֆոբիան գործիքայնացնելու և հակաղարաբաղյան պատումները լեգիտիմացնելու միջոցով։

 

Արցախցիների վերաբերյալ կարծրատիպերը և նրանց նկատմամբ ատելոության խոսքը հայաստանյան հասարակության մեջ գոյություն են ունեցել առնվազն վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Հիմնական պատճառը հավանաբար այն էր, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները ծագումով Լեռնային Ղարաբաղից էին և նրանց կառավարման շրջանի արատավոր երևույթները ինքնըստինքյան տարածվում էին նաև բոլոր արցախցիների վրա։ Սակայն մինչև վերջերս այդ բոլոր պատումները առկա էին միայն կենցաղային մակարդակում և հրապարակայնորեն հնչեցվում էին միայն մարգինալ խմբերի ու գործիչների կողմից։

 

Այս իրավիճակը աստիճանաբար սկսեց փոխվել Ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունում շրջադարձից հետո։ Խոսքը ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման քաղաքականության և դրան հաջորդած զարգացումների մասին է, որոնց գագաթնակետը նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի էթնիկ զտումն էր։

 

Հարյուր հազարից ավելի փախստականների ներհոսքը Հայաստան քաղաքական լուրջ վախեր առաջացրեց ՀՀ իշխող էլիտայի մոտ։ Իշխանությունների և մերձիշխանական շրջանակների հիմնական մտավախությունն այն էր, որ ամեն ինչ կորցրած փախստականների մեծամասնությունը ակտիվ ներգրավվելու է ներքաղաքական գործընթացների մեջ՝ սեփական մասնակցությամբ ուժեղացնելով տարատեսակ ընդդիմադիր շարժումներ։

 

Հենց այս վախերի պատճառով Հայաստանի իշխանությունները և նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն ու գործիչները ինչ-որ պահից սկսեցին լեգիտիմացնել կենցաղային մակարդակում տարածված վերոնշյալ հակաղարաբաղյան պատումները։ Արդյունքում այս կարծրատիպերը հասցնելով պաշտոնական մակարդակի՝ իշխանական քարոզչությունը բազմապատկեց դրանց բացասական ազդեցությունը՝ թիրախավորելով Հայաստանում ապրող ամենախոցելի խմբին։

 

Այդ գործընթացի մեջ առանձնակի եռանդ են ցուցաբերում իշխող ուժի ուղղակի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները։ Դրանց շարքին կարելի է դասել նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, որը, ինչպես նշել էինք Democracy Watch-ի նախորդ զեկույցներից մեկում, արժանացել էր ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի քննադատությանը՝ ընդդիմության ցույցերի լուսաբանման ընթացքում լրագրողական էթիկայի կանոնները խախտելու և արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար։

 

Հակաղարաբաղյան սենտիմենտներ տարածելով աչքի է ընկնում նաև իշխող ուժի վերահսկողության տակ գտնվող մեկ այլ լրատվամիջոց՝ civic.am-ը։ Այս և նմանատիպ այլ լրատվամիջոցների հիմնական ուղերձը հայաստանյան հանրությանն այն է, որ ընդդիմության ցույցերին հիմնականում մասնակցում են արցախցի փախստականները, որոնք առանձնակի համակրանք ունեն Ռուսաստանի նկատմամբ։

 

Այս տեսակի ատելության խոսքի և քարոզչական պատումների գործիքայնացումը ներքաղաքական նպատակներով խորացնում է հակասությունները հասարակության ներսում և մեծացնում փախստականների թիրախավորումը։

 

Հայաստանի իրավապահ մարմինները ևս անգործության են մատնված այս խնդիրը լուծելու հարցում։ Արցախցի փախստականների դեմ ուղղված ատելության խոսքի որևէ հրապարակային դրսևորում մինչ այսօր չի հայտնվել իավապահ համակարգի ուշադրության կենտրոնում։ Այսպես, վերջին ամիսների ընթացքում իշխող կուսակցության նախկին անդամներից մեկը անթաքույց ատելություն է տարածում արցախցիների նկատմամբ։ Նրա վերջին գրառումներից մեկը, մասնավորապես, հարցում է այն մասին, թե արդյոք դրա մասնակիցները կցանկանան, որպեսզի արցախցի փախստականները հեռանան Հայաստանից։ Ի հեճուկս այս և բազմաթիվ այլ օգտատերերի նմանատիպ գրառումների առկայությանը՝ նրանցից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել ատելություն տարածելու համար։

 

Հատկանշական է, որ իշխանության քննադատների կողմից այլ խմբերին ուղղված ատելության խոսքի պարագայում քրեական հետապնդումներ տեղի են ունենում։

Հայաստանյան հասարակությունը և դրա ակտիվ հատվածը այս փուլում փորձում է անտեսել այս խնդիրը։ Ամենատարածված մոտեցումը այն է, որ սա մարգինալ երևույթ է, որը արժանի չէ հանրության ուշադրությանը։ Շատերը ընդհանրապես ժխտում են խնդրի առկայությունը՝ նշելով, որ սոցիալական ցանցերում նման վարքագիծ հիմնականում ցուցաբերում են կեղծ օգտահաշիվները։

 

Այնուամենայնիվ, ատելության խոսքի այս ալիքի գլխավոր տարբերությունը նախորդներից այն է, որ տվյալ պարագայում կա հստակ քաղաքական օրակարգ։ Արցախցի փախստականների թիրախավորումը տարատեսակ քարոզիչներին հնարավորություն է տալիս վերջին տարիների ձախողումների համար քավության նոխազ գտնել և հանրային դժգոհությունը ուղղել նրանց դեմ։

 

Քարոզչական պատումների միջոցով մեկ խմբի թիրախավորումը իշխող ուժին հնարավորություն է տալիս նաև ներքաղաքական մոբիլիզացիա ապահովել։ Այս միտումները, անտեսվելու պարագայում, կարող են խարխլել հանրային համերաշխությունը երկրում և բարդացնել ժողովրդավարական կոնսոլիդացիայի գործընթացը։ Ի վերջո, «մենք և նրանք» (us and them) քաղաքականության առկայությունը ժողովրդավարական հետընթացի և պոպուլիստական ավտորիտարիզմի վերելքի առաջին նախանշանները կարող են լինել։

 

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության  տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախագիծն է։

 

Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: