Ժողովրդավարության գլոբալ անկումը և հնարավոր հետևանքները Հայաստանի համար

Ժողովրդավարության գլոբալ անկումը և հնարավոր հետևանքները Հայաստանի համար

23.01.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Անցյալ գարնանից ՍիվիլՆեթի հետ Democracy Watch նախաձեռնությունը սկսելուց ի վեր մենք հիմնականում կենտրոնացել ենք Հայաստանի ներքին մարտահրավերների և տագնապալի միտումների վրա: Սակայն, ինչպես ցույց է տալիս ժողովրդավարական անցումների և կայացման վերաբերյալ ակադեմիական գրականությունը, միջազգային միջավայրը մեկ այլ կարևոր գործոն է, որը նպաստում է այս գործընթացներին:

Ժողովրդավարացման երրորդ ալիքի ընթացքում Եվրոպական տնտեսական համայնքի, իսկ հետագայում՝ Եվրոպական միության հետ ինտեգրման հեռանկարը հզոր խթան էր քաղաքական անցման մեջ գտնվող երկրների համար: Խորհրդային բլոկի փլուզումից հետո ժողովրդավարությունն առժամանակ դարձավ միակ տարբերակը՝ առանց քաղաքական կամ գաղափարախոսական կենսունակ որևէ այլընտրանքի:

 

Սակայն այսպես կոչված «Պատմության ավարտի» լավատեսությունը կարճատև էր: Արևմտյան ազդեցության թուլացումը և ավտորիտար ու հիբրիդային վարչակարգերի վերելքը նոր դարաշրջան են բացել: Անցյալ տարի Freedom House-ը իր «Անցումային շրջանի երկրները» զեկույցում ժողովրդավարության անկում արձանագրեց 20-րդ տարին անընդմեջ: Ավելին, Թրամփի նախագահության և Եվրոպայում աջ պոպուլիզմի վերելքի հետ մենք ականատես ենք լինում խորը տեղաշարժի. լիբերալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները այժմ խարխլվում են հենց Արևմուտքում:

 

Այս անկումն արտահայտվում է ոչ միայն գլոբալ ինդեքսներում կամ վարկանիշներում, այլև կոնկրետ գործողություններում և հռետորաբանության մեջ: Ժողովրդավարական նորմերի՝ ուժեղ ինստիտուտների կառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողականության խթանման պաշտպանությունը գնալով դժվարանում է, երբ.

– չընտրված տեխնոմիլիարդատերերը չափազանց մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ քաղաքականության մշակման վրա,

– պաշտոնաթող նախագահը ներում է շնորհում որդուն, իսկ գործող նախագահը երկիրը ղեկավարում է որպես ընտանեկան ձեռնարկություն,

– վիրավորական, պառակտող հռետորաբանությունը դարձել է քաղաքական խոսույթի մեյնսթրիմ:

 

Հակաժողովրդավարական գլոբալ այս միտումները թափանցել են նաև մեր տարածաշրջան: Վրաստանը, որը ժամանակին համարվում էր բարեփոխումների և ժողովրդավարացման փարոս, ավտորիտար մտահոգիչ շրջադարձ է արել: Ընդդիմության առաջնորդները հարձակման են ենթարկվում փողոցներում, իսկ անկախ լրագրողների դեմ քրեական հետապնդում է իրականացվում: Սա վկայում է ավտորիտարիզմի տարածման և վարակիչ վատ օրինակների լայն երևույթի մասին, որոնք վեարձևում են քաղաքական լանդշաֆտը:

 

Նման միջավայրում Հայաստանի ժողովրդավարական ընթացքը գնալով բարդանում է: Արևմուտքում ժողովրդավարության հիմքերի թուլացման և տարածաշրջանում ժողովրդավարական կառավարման հետընթացի պայմաններում Հայաստանի իշխող էլիտաները կարող են ավելի հակվել որդեգրելու ժողովրդավարության իրենց սեփական մեկնաբանությունը: Հայկական որոշ շրջանակներում պահպանվող այն համոզմունքը, որ իշխող կուսակցությունը և նրա ղեկավարությունը, թեև գուցե անկարող, հիմնականում ժողովրդավարամետ են, վիճելի է:

 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո տագնապալի միտումները, ինչպիսիք են վարչական և իրավապահ լծակների չարաշահման միջոցով տեղական ընտրությունների բազմաթիվ արդյունքների չեղարկումը կամ գրեթե բոլոր անկախ ինստիտուտների նկատմամբ վերահսկողության ամրապնդումը, ակնհայտորեն հակասում են ժողովրդավարական սկզբունքներին:

 

Ռիսկերն իրական են, և Հայաստանի ժողովրդավարական հաջողությունը չպետք է երաշխավորված համարել: Հետընթացը կանխելու համար կենսական է իսկապես անկախ քաղաքացիական հասարակության դերակատարների և լրատվամիջոցների աջակցությունը: Այս ոլորտները առերեսվում են մեծացող ճնշումների և կարիք ունեն ուշադրության և ուժեղ պաշտպանություն առաջիկա ամիսներին:

 

Democracy Watch -ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: