Ընդդիմադիր գործիչների խտրական հետապնդումը լուրջ մտահոգություններ է առաջացնում

25.02.2025
Հայաստանի իշխանության վերաբերմունքը ընդդիմադիր գործիչների նկատմամբ շարունակում է մտահոգություններ առաջացնել խոսքի ազատության և քաղաքական ճնշումների վերաբերյալ: Վերջին գործը վերաբերում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին, որն այժմ կառավարության խիստ քննադատ է և YouTube-ում հաղորդում է վարում: Ղազարյանի դեմ քրեական մեղադրանք է առաջադրվել զրպարտչական համարվող հայտարարությունների համար, ինչը սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Ղազարյանին մեղադրել են Սահմանադրական դատարանի դատավորների մասին զրպարտչական տեղեկություններ տարածելու մեջ: Քննիչները պնդում են, որ նրա հայտարարությունները պարունակել են «վիրավորանք» և վնասակար պնդումներ։ Որպես դատական վարույթի մաս՝ դատարանն արդեն մասնակի սահմանափակել է նրա հանրային խոսքի իրավունքը, այդ թվում՝ դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների մասին կարծիք արտահայտելու իրավունքը մինչև գործի ավարտը:
Գործի հիմքում ընկած է Ղազարյանի քննադատությունը Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որը վերաբերում էր երկրի իրավական համակարգում Անկախության հռչակագրի դերին ու նշանակությանը: Ըստ Ղազարյանի՝ որոշումը նպաստել է Ադրբեջանի և Թուրքիայի պատմույթներին, ինչի համար և նա քննադատել է դրանում ներգրավված պաշտոնյաների:
Իշխանության քննադատի լռեցո՞ւմ
Ղազարյանը երկար ժամանակ է՝ Հայաստանի իշխանության բացահայտ քննադատն է և սոցիալական ցանցերում ու իր հրապարակային հայտարարություններում նա հաճախ դատապարտում է կառավարության քաղաքականությունն ու գործողությունները: Նա հայտնի է նաև իր խիստ և հակասական հայտարարություններով, որոնք երբեմն մոտ են դավադրության տեսություններին: Ղազարյանի քաղաքական գործունեության շուրջ քաղաքացիական հասարակության շրջանում բանավեճ է սկսվել հակասական հայտարարություններ անող գործիչների դեմ հետապնդումների վերաբերյալ:
Այնուամենայնիվ, մի շարք իրավապաշտպաններ միանշանակ դատապարտել են քրեական գործը՝ կոչելով այն խոսքի ազատության դեմ հարձակում: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում խոսքի ազատության տարածքը օրեցօր նեղանում է, դա մարդկանց լռեցնելու ևս մեկ փորձ է, և դատական նման որոշումները հաջորդում են մեկը մյուսին. «Ընդամենը 20 օր առաջ, փետրվար 2-ին, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ևս կիրառվել էր խոսքի ազատությունը սահմանափակող որոշում, որով նրան արգելել էին խոսքով հանդես գալ։ Այս տեղեկատվական դարաշրջանում քանի՞ հոգու բերանն եք կարելու նմանատիպ որոշումներով…»:
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարել է, որ «Էդգար Ղազարյանի նկատմամբ ընդունված դատական որոշումը հերթական անգամ ապացուցում է, որ խոսքի ազատության երաշխիքների առումով ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ դրա մեկնաբանությունները դատարանների կողմից բազմաթիվ հակասություններ և անորոշություններ են պարունակում»։
Խոսքի ազատության երկակի չափանիշներ
Այլ քննադատներ ևս խոսքի ազատության նկատմամբ պետական հաստատությունների մոտեցման մեջ ընդգծում են երկակի չափանիշները: Մինչ Ղազարյանը կանգնած է իր մեկնաբանությունների համար հնարավոր ազատազրկման վտանգի առջև, իշխանական տարբեր գործիչներ նման հայտարարություններ են անում առանց իրավական հետևանքների:
Ըստ իրավապաշտպանների՝ այս երկակի չափանիշը վնասում է կառավարության պնդումների վստահելիությունը, որ այն չի միջամտում քրեական գործերին: Նրանք պնդում են, որ խոսքին առնչվող օրենքների խտրական կիրառումը քաղաքական կողմնակալության հստակ նշան է:
Քանի որ Հայաստանը շարունակում է իր հետհեղափոխական ժողովրդավարական ուղին, Ղազարյանի գործի նման դեպքերը լակմուսի թուղթ են հիմնարար ազատությունների հարցում իշխանությունների հանձնառության վերաբերյալ: Ընդդիմադիր գործիչների խտրական հետապնդումը լուրջ մտահոգություններ է առաջացնում երկրում քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության և օրենքի գերակայության վերաբերյալ:
Այս գործը նաև ընդգծում է քաղաքացիական հասարակության և պրոժողովրդավարական դերակատարների մշտական երկընտրանքը՝ պե՞տք է արդյոք հավասարապես բարձրաձայնել ժողովրդավարական սկզբունքների մասին, երբ բաժանարար հռետորաբանության և երբեմն ապատեղեկատվության համար հայտնի անհատները ենթարկվում են պետական հետապնդման: Պատասխանը հստակ է՝ ժողովրդավարության կողմնակից գործիչները պետք է արտահայտվեն, նույնիսկ եթե նրանք խիստ անհամաձայն են թիրախավորված անհատների հետ: Այդպես չվարվելը կասկածի տակ է դնում նրանց ազնվությունն ու առաքինությունը: Ավելին, իրավական համակարգի զենքայնացման և չարաշահման հանդեպ աչք փակելը մեկ գործում ճանապարհ է հարթում դրա ընդլայնման համար այլ խմբերի և անհատների դեմ:
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: