Չորս թեզ և հակաթեզ. ինչու պետք է շարունակվի արցախցիների աջակցության ծրագիրը

Չորս թեզ և հակաթեզ. ինչու պետք է շարունակվի արցախցիների աջակցության ծրագիրը

16.04.2025

 

2025-ի ապրիլի 1-ից Հայաստանի կառավարությունը կրճատում է արցախցիների կեցության ծախսերին ուղղվող դրամական աջակցությունը։ Շուրջ 53,000 մարդ կդադարի ստանալ աջակցությունը, մյուսները կստանան ամսական 40,000-ական դրամ (նախորդ 50,000-ի փոխարեն), իսկ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ 30,000-ական։ Աջակցության այս միջոցառումը գործում է 2023-ի հոկտեմբերից։ Յուրաքանյուր ամիս տրամադրվում էր մոտ 5 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, արցախցիներին տրամադրվող դրամական աջակցությունների ընդհանուր ծավալը կրճատվելու է մոտ 40 տոկոսով։

 

Սոցիալական աջակցության կրճատումը Ազատության հրապարակում մարտի 29-ին արցախցիների հանրահավաքի գլխավոր պատճառն էր, որն իր հերթին բուռն կրքեր բորբոքեց Հայաստանում։ Ստորև ներկայացնում եմ կառավարության գլխավոր հիմնավորումները կամ թեզերը, որոնք խեղաթյուրում են իրականությունը և մոլորեցնում հանրությանը։ Դրանք իրենց մեջ նաև թիրախավորող տարր են պարունակում՝ փորձելով առկա խնդիրների մեջ մեղադրել արցախցիներին։

 

ԹԵԶ 1 – Աջակցությունները ժամանակավոր բնույթ են կրում, դրանց կրճատումը կամ դադարեցումը տրամաբանական է

 

Հայաստանի կառավարությունից շարունակ պնդում են, որ դրամական աջակցության ծրագիրը չի կարող «հավերժ» շարունակվել։ Նրանք արդեն մի քանի անգամ «զիջման» են գնացել և երկարաձգել են 40+10,000 դրամի աջակցությունը։ Իշխանության կարծիքով, մեկ ու կես տարին բավարար ժամանակ էր, որ բռնի տեղահանվածները կարողանային աշխատանք գտնել և ինքնուրույն լուծել իրենց նյութական խնդիրները։ Այս տեսակետը խեղաթյուրում է իրականությունը և հանրության մոտ սխալ պատկերացումներ է ձևավորում։

 

Նախանշված վերջնաժամկետը, որից հետո աջակցությունը կրճատվում կամ դադարեցվում է, որևէ հանգրվանում չի նշանակում արցախցիների սոցիալական վիճակի բարելավում կամ այլ ձեռքբերում։ Վերջնաժամկետներն ավելի շատ օրացուցային են։ Պետք է արձանագրել, որ աջակցության նպատակն է բռնի տեղահանվածների կացության ծախսերի հոգումը, ինչը, պարզ ասած, նշանակում է բնակվարձի փոխհատուցում։ Պետական աջակցության գերակշիռ մասը ստանում են արցախցիներին վարձակալությամբ բնակտարածք տրամադրողները։ Արցախցիները չեն ապրում պետության կողմից տրվող գումարների հաշվին։ Ապրուստի միջոցներ նրանք վաստակում են աշխատելով։ Դժվար է գտնել արցախցու, որը չի աշխատում կամ աշխատանք չի փնտրում։

 

Պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձի նկատմամբ պետության պարտավորությունները կարող են ավարտվել այն ժամանակ, երբ փոխհատուցվի նրա մշտական բնակության վայրի կորուստը։ Այս տրամաբանությունը գործել է 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվածների նկատմամբ, որոնց մի մասի համար բնակտարածք էր կառուցվում Արցախում, իսկ մյուսներին Հայաստանը ներառել էր բնակապահովման իր ծրագրի մեջ։ Նրանք բոլորը շարունակում էին պետությունից դրամական օգնություն ստանալ, մինչև իրենց բնակարանային հարցի լուծումը։

 

ԹԵԶ 2 – Որոշ արցախցիների տրամադրվում է աջակցություն, որ դրա կարիքը չունեն, փոխարենը աջակցություն կստանան կարիքավորները

 

– Կառավարությունը կարող է ունենալ դրամական աջակցության երկու մոտեցում՝ համապարփակ և թիրախային։ Համապարփակ աջակցությունը նշանակում է դրամական օգնություն բոլոր բռնի տեղահանվածներին, ովքեր Հայաստանում սեփական բնակարան կամ տուն չունեն։ Այս տրամաբանությունը գործել է մինչև 2025-ի ապրիլի 1-ը։ Դրա առավելությունն այն էր, որ ներառում էր բոլոր շահառուներին, սակայն կառավարության մոտ մտավախություն է առաջացել, որ տեղահանվածների մի մասն ունի բարձր եկամուտներ, և նրանց հավելյալ աջակցություն տրամադրելը նպատակահարմար չէ։ Այստեղ մեզ չեն տրամադրվում հստակ տվյալներ, թե քանի հոգու մասին է խոսքը և ինչպես են նրանց եկամուտները արտահայտվում՝ ընտանիքի կարիքների հետ համեմատած։ Եթե նայենք Հայաստանում գրանցված աշխատող արցախցիների աշխատավարձերի վիճակագրությանը, ապա մոտ 2000 հոգի կա, որ վաստակում է 300,000 դրամից ավելի գումար։

 

Փոխարենը՝ կառավարությունն առաջարկում է թիրախային մոտեցում, որի իմաստը սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին հավելյալ աջակցություն տրամադրելն է։ Կառավարության հաշվարկներով՝ խոսքը մոտ 3000 ընտանիքի մասին է։ Մեկ շնչի հաշվով ամսական 55,000 դրամից քիչ եկամուտ ունեցող ընտանիքները անապահովության նպաստ կստանան ընտանիքի մի անդամի հաշվով 40,000-ական, մյուսները՝ 10,000-ական դրամ։ Այս ծրագիրը, որ գործարկվում է այս ապրիլից, երկողղմանի (դիմող, Միասնական սոցիալական ծառայություն) շատ բարդ և աշխատատար գործընթաց է լինելու։ Պոտենցիալ շահառուն պետք է բազմաթիվ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնի սկզբում առցանց, ապա առձեռն, որից հետո Միասնական սոցիալական ծառայությունը կդիտարկի դիմումը և նպաստ նշանակելու որոշում կկայացնի։ Հաշվի առնելով դիմումատուների քանակը և դիմումների ուսումնասիրության երկարատևությունը, արցախցիներին սպասում է հերթական «ոդիսականը» այս ծառայության տարածքային բաժանմունքների հերթերում։

 

Կառավարության այս մոտեցումը, իհարկե, սահմանափակում է բյուջեի գումարների ուղղումը բարձր եկամուտներ ունեցողներին, բայց ծանր դրության մեջ է դնում շատ ավելի մեծ խումբ կազմող մարդկանց, որոնք ունեն անապահովության շեմից քիչ բարձր եկամուտներ և դրա մեծ մասը ծախսում են որպես բնակվարձ։

 

ԹԵԶ 3 – Դրամական աջակցությունների շարունակումը արգելակում է բնակարանային ապահովման ծրագիրը

 

Կառավարության պաշտոնյաները համարում են, որ դրամական աջակցությունը գործոն է, որը արցախցիներին չի մոտիվացնում դիմելու բնակարանային ապահովման ծրագրին։ Այս տեսակետը փաստական ապացույցներ չունի և նույնպես հուզական ֆոն է ստեղծում, որ պետության գումարների հաշվին արցախցիները հայտնվել են «հարմարավետության գոտում», որից չեն կամենում դուրս գալ։ Կառավարությունը սլաքներն ուղղում է արցախցիների դեմ և համառորեն հրաժարվում է ընդունել, որ բնակապահովման ծրագիրը լիարժեք չէ և չի կարողանում լուծել բռնի տեղահանվածների գլխավոր խնդիրը՝ մշտական կացարանով ապահովումը։

 

Շուտով կլրանա առաջին տարին, ինչ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին։ Շահառուների մոտավոր քանակը դիտարկվել է 25,000 ընտանիք։ Կառավարության կանխատեսումով՝ մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը պետք է դիմեր 4200 ընտանիք։ Ապրիլի 16-ի դրությամբ տրվել է մոտ 900 հավաստագիր, որից իրացվել է 100-ը։ Նման վիճակագրությունը չի կարող բացատրվել տասնայակ հազարավոր մարդկանց միևնույն վարքաբանական դրսևորումներով։

 

Չպետք է նաև մոռանալ, որ բնակարանային ծրագրին դիմելու հերթ կա սահմանված։ Որոշ ընտանիքներ կարող են դիմել միայն 2026-ի կամ 2027-ի հունվարի 1-ից հետո, մինչդեռ դրամական աջակցության կրճատումը նրանց էլ է վերաբերում։ Ավելի կարևոր է արձանագրումը, թե դրամական աջակցությունն ինչու է դիտարկվում բնակարանային ծրագիրը արգելակող, ոչ թե խթանող գործոն։ Պետության օգնությունը համեմատաբար ավելի կայուն նյութական վիճակ է ապահովում, որը հնարավորություն է տալիս ընտանիքին հավելյալ գումար ունենալ հիփոթեք մարելու կամ տուն կառուցելու համար։ Իմանալով, որ պետությունը հոգալու է բնակվարձը, ընտանիքը մի՞թե շահագրգռված չէ զբաղվել մշտական կացարանի հարցերով, քանի դեռ ստանում է այդ գումարը։

 

ԹԵԶ 4 – բնակարանային ապահովման ծրագրով բոլոր արցախցիները, առանց սեփական գրպանից ծախսեր կատարելու, կարող են մշտական կացարանի տեր դառնալ

 

Նախորդի շարունակությունն է կառավարությունից հնչող հաջորդ մոլորեցնող թեզը, ըստ որի՝ բնակապահովման ծրագրով արցախցիները կարող են բնակարան, տուն գնել կամ կառուցել առանց հավելյալ հիփեթեքային վարկ ձևակերպելու։ Այդպիսի հնարավորություն գոյություն ունի միայն սահմանափակ թվով բնակավայրերում, որտեղ, սակայն բավարար քանակի բնակֆոնդ չկա՝ չհաշված մյուս դժվարությունները։ Իրականում, կառավարությունն առաջարկում է կա՛մ տեղափոխվել իր կողմից նշված բնակավայրեր, կա՛մ պատրաստ լինել հիփոթեք վճարել, որը հաճախ հավաստագրով տրամադրվող գումարից ավելին է։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքերի հետքերով, թե 12 մլն դրամով կարելի է բնակարան ձեռք բերել Վանաձորում, Արմավիրում կամ Հրազդանում, Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ բնակավայրերում նշված գումարով հնարավոր չէ ձեռք բերել բարվոք վիճակում գտնվող նույնիսկ մեկ սենյականոց բնակարան։

 

Կառավարությունը շարունակում է անտեսել օբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով բնակապահովման ծրագիրը չի հաջողում։ Թերբնակեցված կամ սահմանամերձ բնակավայրերը արցախցիներով համալրելու կիսապարտադրված քաղաքականությունը չի կարող արդյունավետ լինել։ Այդպիսի բարդ, հանրապետական նշանակություն ունեցող խնդիրը մի քիչ ավելի շահավետ հավաստագիր տալով չի կարող լուծվել։ Պակաս կարևոր չեն նաև տեխնիկական և բյուրոկրատական խոչընդոտները, որոնց կարող է բախվել բնակարանային ծրագրի պոտենցիալ շահառուն։ Եթե նույնիսկ ընտանիքը բավարար եկամուտներ ունի հավելյալ վարկ մարելու համար, աջակցությունից օգտվելը բարդ ու ժամանակատար գործընթաց է։ Դիմողը կարող է խոչընդոտների բախվել ցանկացած փուլում։ Առաջին քայլը Հայաստանի քաղաքացի դառնալն է, որտեղ պահանջվող փաստաթղթի բացակայությունը շտկվում է միայն դատական կարգով։ Հավաստագրի համար առցանց հայտադիմումը կարող է մերժվել սխալ մուտք արված տվյալի կամ տեխնիկական այլ պատճառով։ Հաջորդ խնդիրը կարող է առաջանալ բանկում, որը հակված չէ վարկ տրամադրել մի գույքի համար, որի առաջնային տիրապետողը պետությունն է։ Բացի այդ, կարող է պարզվել, որ շահառուն դեռ Արցախում բնակվելու ժամանակից չմարած վարկ ունի և բանկի «սև ցուցակում» է․․․

 

Բնական է, որ արցախցիները, ինչպես և մյուս հայաստանցիները, ձգտում են բնակվել այն տարածքներում, որտեղ ավելի բարձր վարձատրվող աշխատանք և ավելի որակյալ ենթակառուցվածքներ կան։ Եթե հարցը դրված է այնպես, որ դրա համար նրանք պետք է սեփական ներդրումն ունենան, ինչը նույնպես կարելի է հիմնավոր համարել, ապա նրանց դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Աջակցության կրճատումը հանգեցնում է ֆինանսական բեռի զգալի ավելացման բոլոր ընտանիքների վրա և ավելի է սահմանափակում նրանց հնարավորությունները։

 

Բոլոր նախադրյալներն առկա են, որ արցախցիների բնակարանային ապահովումը դառնում է Հայաստանի հերթական քրոնիկ խնդիրը, որ տասնամյակներով շարունակվելու է։

 

Արամ Թադևոսյան,

ԺԱՏԿ փորձագետ

 

Հոդվածը նախապես հրապարակվել է Սիվիլնեթում