Օտարերկրյա տեղեկատվական միջամտություններն ու ներքին մանիպուլյացիաներն անտեսելու վտանգը
11.09.2026
Տիգրան Գրիգորյան
#DemocracyWatch - Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամիս, և երկրում քննարկումներն ավելի ու ավելի են կենտրոնանում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության (FIMI) թեմայի շուրջ: Հայաստանի միջազգային գործընկերների գրեթե բոլոր ջանքերն այժմ ուղղված են երկրին աջակցելուն՝ դիմակայելու արտաքին դերակատարների, հիմնականում՝ Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային սպառնալիքներին: Այսօր Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր քննարկումները, կլոր սեղանները և համաժողովները պտտվում են օտարերկրյա միջամտության ռիսկերի և հիբրիդային սպառնալիքների շուրջ:
Որոշ ընդդիմադիր կուսակցություններ, քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ թերագնահատում են այս սպառնալիքը՝ պնդելով, թե այն ընդհանրապես գոյություն չունի: Որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որը պարբերաբար թիրախավորվում է օտարերկրյա չարամիտ դերակատարների կողմից, մենք կարող ենք հերքել այդ պնդումը կոնկրետ օրինակներով: Միայն անցյալ շաբաթվա ընթացքում Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը ենթարկվել է երկու ֆիշինգային հարձակման, որոնց ընթացքում անհայտ անձինք փորձել են հասանելիություն ստանալ մեր տվյալներին՝ իշխող կուսակցության և Ազգային ժողովի անունից ուղարկված կեղծ հաշիվների նամակների միջոցով: Կիբերանվտանգության փորձագետները այս արշավների հետևում հայտնաբերել են Ռուսաստանի հետ կապված դերակատարների:
Factor TV-ի վերջերս կատարած հետաքննությունը պարզել է, որ Երևանում անվճար բաժանվում է ապատեղեկատվությամբ լեցուն մի երկլեզու թերթ, որը կոչվում է «Wyoming Star»: Երբ Factor TV-ն կապ էր հաստատել լրատվամիջոցի հետ կապ ունեցող անձի հետ, վերջինս հեռախոսազրույցի ժամանակ ակամա խոստովանել է, որ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ թերթերի նոր խմբաքանակ բերելու համար: Հետաքրքիր է, որ նույն անունով մի առցանց լրատվամիջոց 2025-ի հուլիսին դիմել էր մեզ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն խնդրելով: Այն փաստը, որ Վայոմինգից ինչ-որ մեկը կարող էր հետաքրքրված լինել հայ-ադրբեջանական հակամարտության տեխնիկական մանրամասներով, անմիջապես կասկածներ հարուցեց: Մի քանի պարզ որոնումներից հետո ակնհայտ դարձավ, որ սա այսպես կոչված doppelganger (նմանակող) կայք էր՝ ստեղծված հատուկ Հայաստանի և Մոլդովայի լսարաններին թիրախավորելու համար: Այժմ նույն գործողությունն ընդլայնվել է դեպի օֆլայն տիրույթ՝ Հայաստանում անվճար թերթի տարածման միջոցով:
Այս կոնկրետ օրինակներից բացի, կիբերանվտանգության փորձագետների և փաստեր ստուգող լրագրողների շրջանում կա լայն կոնսենսուս այն մասին, որ նախընտրական շրջանում Ռուսաստանի հետ կապված ապատեղեկատվական ենթակառուցվածք է ստեղծվել, որը թիրախավորում է Հայաստանը: Այս փաստը չպետք է վիճարկվի որևէ լուրջ կամ ազնիվ մեկնաբանի կողմից: Միևնույն ժամանակ, այս արշավների ծավալն ու վերջնական նպատակները մնում են անորոշ: Օրինակ, Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի առաջատար փորձագետ Արթուր Պապյանը վերջերս տեղի ունեցած Ժողովրդավարական անվտանգության հայկական երրորդ համաժողովի իր մասնակցությամբ պանելային քննարկմանը նշել էր, որ ռուսական միջամտության մակարդակը կարող է չհասնել 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նկատված մասշտաբներին:
Կենտրոնացումը մեկ խնդրի վրա կարող է ստվերում թողնել մյուս ռիսկերը
Արձանագրելով արտաքին դերակատարների կողմից ընտրությունների ամբողջականությանը սպառնացող իրական վտանգը՝ կարևոր է նշել, որ FIMI-ն, այնուամենայնիվ, միակ մարտահրավերը չէ, որին Հայաստանը բախվում է ընտրություններից առաջ: Քաղաքացիական հասարակության, լրատվական դաշտի, միջազգային գործընկերների և դոնորների աճող կենտրոնացումն այս հարցի վրա ռիսկ է ստեղծում՝ անտեսելու այլ, նույնքան կարևոր խնդիրներ:
Այնպիսի տպավարություն է ստեղծվում, որ ներհայաստանյան և միջազգային բազմաթիվ դերակատարներ այժմ ավելի կենտրոնացած են հնարավոր օտարերկրյա միջամտության թեմայի, քան երկրի ներսում իրավունքի գերակայության և ժողովրդավարական նորմերի ակնհայտ խախտումների վրա: Ընտրությունների արդյունավետ կազմակերպման հետ կապված այլ խնդիրներ ևս, ինչպիսիք են նախընտրական արշավների ապօրինի ֆինանսավորումը և վարչական ռեսուրսի չարաշահումը, կարող են անտեսվել այս կենտրոնացման պատճառով։
Մեկ այլ միտում, որն ի հայտ է եկել հայաստանյան համատեքստին քիչ ծանոթ միջազգային դերակատարների շրջանում, Հայաստանի և Մոլդովայի միջև պարզունակ զուգահեռներ անցկացնելու հակումն է: Թեև Մոլդովայի վերջին ընտրական գործընթացներում կիրառված որոշ մեթոդներ տեսանելի են նաև Հայաստանում, համեմատությունը հաճախ զուրկ է կարևոր նրբերանգներից: Հայաստանը և Մոլդովան էապես տարբեր են իրենց արտաքին քաղաքական նախապատվություններով, Ռուսաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններով, Մոսկվայի ունեցած լծակների մակարդակով և աշխարհաքաղաքական ու աշխարհագրական միջավայրով: Այս տարբերությունները էական են: Պարզեցված համեմատությունները կարող են հանգեցնել սխալ եզրակացությունների և քաղաքական սխալ արձագանքների:
Վերջապես, չափազանց մեծ կենտրոնացումը FIMI-ի վրա ռիսկ է ստեղծում երկրորդ պլան մղելու մեկ այլ կարևոր իրականություն. ընտրական փուլում շրջանառվող ապատեղեկատվության և մանիպուլյացիաների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, բխելու է ներքին դերակատարներից: Հայաստանի ներսում քաղաքական ուժերը վաղուց են օգտագործում ապատեղեկատվությունը, դավադրապաշտական թեզերը և բևեռացնող հռետորաբանությունը որպես քաղաքական պայքարի գործիքներ: Այս հարթությունը անտեսելը խնդրի մեծ մասը կթողնի չլուծված:
Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելը միանշանակ կարևոր է, և Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել իր դիմակայունությունը նման սպառնալիքների դեմ: Սակայն այս ջանքերը չպետք է ստվերեն երկրի ժողովրդավարական գործընթացի առջև ծառացած այլ կառուցվածքային մարտահրավերները: Ազատ և արդար ընտրությունների ապահովումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը հասցեագրում է թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկերը: Այս առաջնահերթությունների միջև ճիշտ հավասարակշռություն գտնելը վճռորոշ կլինի, եթե Հայաստանը ցանկանում է պաշտպանել ոչ միայն գալիք ընտրությունների ամբողջականությունը, այլև իր ժողովրդավարության երկարաժամկետ կայունությունը:
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: