Երևանի քաղաքապետի պոպուլիստական մարտավարությունը սպառնալիք է ժողովրդավարությանը

Երևանի քաղաքապետի պոպուլիստական մարտավարությունը սպառնալիք է ժողովրդավարությանը

20․12․2024

 

Տիգրան Գրիգորյան, Տաթև Բաղդասարյան

 

Դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» ՀԸ-ի ուղիղ եթերում բանավեճ էր կազմակերպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա նախորդ՝ Հայկ Մարությանի միջև։ Բանավեճի ընթացքում Մարությանը քննադատեց Ավինյանի վարքագիծը պաշտոնավարման ընթացքում՝ վկայակոչելով ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP) համատեղ հետաքննության բացահայտումները։

 

Հոդվածի հեղինակները՝ Սիվիլնեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը և Անի Գրիգորյանը, բացահայտել էին, որ 2018-2021 թվականներին, երբ փոխվարչապետի պաշտոնում Ավինյանը համակարգում էր նաև գյուղատնտեսության ոլորտը, գյուղատնտեսական մի ծրագրի ինը շահառու ենթապայմանագրային աշխատանք են տվել ծրագիրը վերահսկող պաշտոնյայի՝ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությանը: Այդ շահառուներից հինգը ստացել է մոտ 620,000 դոլարի ուղղակի վճարումներ՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Այգիների հիմնումն իրականացրել է Ավինյանների ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն։

 

Բանավեճին Ավինյանը պաշտպանողական մոտեցում ընդունեց և հայտարարեց, որ դատական հայց է ներկայացրել Սիվիլնեթի դեմ։ Նա ավելի սրեց իրավիճակը՝ լրատվամիջոցներին հավաքականորեն անվանելով «մեծ աղբանոց»։

 

Այս սադրիչ մեկնաբանությունը լայն դատապարտման արժանացավ Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական կազմակերպությունների կողմից։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում քննադատել է Ավինյանին՝ մատնանշելով քննադատություն ընդունելու նրա անկարողությունը։ Ըստ Դոյդոյանի՝ պետական պաշտոնյան «պարտավոր է բաց և հաշվետու լինել հասարակության առջև և բարձրացված հարցերին տալ հիմնավոր և հստակ պատասխաններ, ոչ թե շտապի հաշվեհարդար տեսնել իր թերությունների ու բացթողումների մասին բարձրաձայնող լրագրողների հետ»։

 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը ևս քննադատել է Տիգրան Ավինյանի հայտարարությունը՝ համարելով այն անընդունելի։ Նա ասել է, որ լրատվամիջոցին նման վիրավորական ձևով անդրադառնալն արդեն իսկ խնդրահարույց է։ Լրատվամիջոցին աղբ անվանելը խնդրահարույց է։ Ըստ Պապյանի՝ ճիշտ կլինի, որ հարցը, ինչպես նաև ՍիվիլՆեթի հրապարակումը քննվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ ««Քաղաքացիական պայմանագիրը» պետք է դիրքորոշում հայտնի Ավինյանի հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ»,- ասել է Պապյանը։

 

Նա նաև կոչ է արել Ավինյանին հարցը լուծել առանց դատարանների միջամտության՝ առաջարկելով այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են Տեղեկատվական վեճերի խորհուրդը և Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը. որոշ դեպքերում դատարանները խորհրդատվական կարծիքներ են հայցում հենց Տեղեկատվական վեճերի խորհրդից։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան փորձում է վարկաբեկել լրատվամիջոցներին։ 2021-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնի դարձավ «Հետք»-ին՝ Հայաստանի՝ հետաքննական լրագրության առաջատար կայքին, «դեղին մամուլ» անվանելով, երբ նրան հարցրել էին հունական կղզիներում ընտանեկան արձակուրդի ժամանակ իր շռայլ ծախսերի մասին։

 

Ազատ մամուլի և քաղաքական ընդդիմախոսների ճնշման համար իրավական գործընթացների զենքայնացումը լավ փաստագրված ռազմավարություն է, որը կիրառվում է հիբրիդային և ավտորիտար ռեժիմների կողմից։ Ֆիլիպինների, Սինգապուրի և Հունգարիայի նման երկրների կառավարությունները կատարելագործել են այս գործիքակազմը՝ մամուլում քննադատներին լռեցնելու համար։ Օրինակ՝ Մարիա Ռեսսան՝ Նոբելյան խաղաղության մրցանակակիրը և Rappler-ի գլխավոր խմբագիրը, ենթարկվել է կիբերզրպարտության մեղադրանքների Ֆիլիպինների կառավարության կողմից, որը լրջորեն խոչընդոտել է նրա լրագրողական աշխատանքը։ Նմանատիպ մարտավարություն է կիրառվում աշխարհի տարբեր ռեժիմների կողմից՝ այլակարծությունը ճնշելու և մամուլի ազատությունը խաթարելու համար։

 

Մեկ այլ տարածված մարտավարություն, որը կիրառվում է պոպուլիստ առաջնորդների և քաղաքական գործիչների կողմից ամբողջ աշխարհում, լրագրողների և հեղինակավոր լրատվամիջոցների դեմ բանավոր հարձակումներ են։ Այդ հարձակումները նպատակ ունեն ապալեգիտիմացնել լրատվամիջոցները՝ լրագրողներին ներկայացնելով որպես անազնիվ դերակատարներ և մամուլը դիտարկելով որպես «հանրային թշնամի»՝ պոպուլիստական «մենք ընդդեմ նրանց» խոսույթի ծիրում։ Լրատվամիջոցների դեմոնիզացիայի միջոցով պոպուլիստները ձգտում են խարխլել հանրության վստահությունն անկախ լրագրության նկատմամբ և ուշադրությունը շեղել իրենց սեփական ձախողումներից կամ հակասություններից։

 

DemocracyWatch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն վերլուծական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: