Ժողովրդավարությունը ճնշման տակ. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում

Ժողովրդավարությունը ճնշման տակ. քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում

12․11․2025

 

Տիգրան Գրիգորյան
Վերջին ամիսներին Հայաստանում լուրջ ժողովրդավարական հետընթաց է արձանագրվել։ Երկրի իրավապահ և դատական համակարգերը գործիքայնացվել են իշխանության ներքին քաղաքական շահերին ծառայեցնելու համար։ Ընտրովի արդարադատությունը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը և քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու նպատակով ապօրինի գաղտնալսումները դարձել են Հայաստանի քաղաքական կյանքի սովորական հատկանիշներ։

Իշխանությունները՝ վարչապետ Փաշինյանն ու իշխանական կուսակցության այլ ներկայացուցիչներ, առանձնակի ջանք չեն գործադրում իրենց մասնակցությունն այս գործընթացներին թաքցնելու համար։ Այս գործողությունները հաճախ ներկայացվում են որպես արտաքին միջամտությունն ու հիբրիդային սպառնալիքները կանխող անհրաժեշտ քայլեր։

Այս մտահոգիչ զարգացումները վերջին մի քանի ամիսներին մեր Democracy Watch նախաձեռնության զեկույցների ուշադրության կենտրոնում են եղել։ Մյուս կրկնվող թեման այն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի մասը լռում է, իսկ երբեմն նույնիսկ աջակցում է հակաժողովրդավարական մեթոդների նորմալացմանը՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու» անվան տակ։

Թեև քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբեր և կազմակերպություններ պարբերաբար դատապարտում են իշխանության կողմից իրավապահ մարմինների, դատական համակարգի և ընդհանրապես պետական ապարատի գործիքայնացումը՝ քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու նպատակով, մյուսները նախընտրում են անտեսել, արդարացնել կամ նվազեցնել այս գործողությունների լրջության աստիճանը։

Քաղաքացիական հասարակության շրջանակներում լայնորեն տարածված է այն տեսակետը, որ Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության և նոր կառավարության փոխհարաբերությունները պետք է փոխվեին՝ արտացոլելու նոր իրականությունը։ Այս տեսակետի կողմնակիցները համեմատություններ են անցկացնում կայացած ժողովրդավարությունների քաղաքացիական հասարակությունների հետ, որտեղ ՀԿ-ները համագործակցում են իրենց կառավարությունների հետ՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ Թեև ճիշտ է, որ Հայաստանում կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավորությունները ընդլայնվել են, և քաղաքացիական հասարակությունը ավելի ընդգրկված է տարբեր գործընթացներում, այս համեմատությունն ու դրանից բխող պնդումները նոր փոխհարաբերության բնույթի վերաբերյալ մոլորեցնող են։

Կառուցողական համագործակցությունը անհրաժեշտ և ողջունելի է, երբ այն բերում է գործնական լուծումների, սակայն այն երբեք չպետք է տեղի ունենա իշխանության չարաշահման և ժողովրդավարական հետընթացի հանդեպ հանդուրժողականության գնով։ Հայաստանը դեռ հեռու է այն իրավիճակից, երբ ժողովրդավարական քայքայումը հնարավոր չէր լինի, և քաղաքացիական հասարակությունն ու ՀԿ դաշտը չեն կարող հրաժարվել իրենց վերահսկող («watchdog») դերից։ Վերջին տասնամյակը ցույց է տվել, որ նույնիսկ զարգացած ժողովրդավարություններն ապահովագրված չեն հետընթացից, և անկախ, պրոակտիվ ինստիտուտների ու խմբերի առկայությունը մնում է այն հիմնական ապահովագրություններից մեկը, որը կարող է դանդաղեցնել կամ հակազդել այդ գործընթացին։

Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից առաջ քաշվող մեկ այլ հիմնավորումն էլ այն է, որ ներկայիս կառավարության հանդեպ կարելի է ավելի մեղմ լինել, քան հեղափոխությունից առաջ եղածի հանդեպ, քանի որ գործող կառավարությունը ընտրվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով, ուստի ունի ժողովրդավարական լեգիտիմություն։ Թեև այս ենթադրությունը փաստացի ճիշտ է՝ 2018 և 2021 թվականների խորհրդարանական ընտրությունները չեն վիճարկվել ներքին կամ միջազգային հիմնական դերակատարների կողմից, և չեն արձանագրվել խախտումներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ազատ և արդար ընտրությունները կայացած ժողովրդավարությունների միայն մեկ հատկանիշն են։

Ընտրված ղեկավարները նույնպես կարող են բռնել բռնաճնշումների ուղին և խարխլել իրավունքի գերակայությունը։ Հունգարիան, որը դարձել է Արևելյան Եվրոպայում ժողովրդավարական քայքայման խորհրդանիշ, դեռևս ունի ավելի բարձր ցուցանիշ, քան Հայաստանը՝ Freedom House-ի Գլոբալ ազատության ինդեքսում՝ քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների և ընդհանուր միավորների առումով։ Սակայն անհնար կլիներ պատկերացնել, որ հունգարական քաղաքացիական հասարակությունը անտեսեր Վիկտոր Օրբանի հակաժողովրդավարական քայլերը միայն այն պատճառով, որ նա ընտրված առաջնորդ է։

Քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների շրջանում տարածված ևս մեկ նարատիվ այն է, որ պետք է «տեսնել մեծ պատկերը»։ Այս մոտեցմամբ Հայաստանի փխրուն ժողովրդավարությունը ենթարկվում է հիբրիդային հարձակումների թշնամական արտաքին դերակատարների՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, և կառավարությունը պետք է անի ամեն բան այդ ռիսկերը չեզոքացնելու համար։ Այս նարատիվի կողմնակիցները նվազեցնում են ընթացիկ գործընթացների՝ ընտրովի արդարադատության, իրավապահ համակարգի գործիքայնացման, ապօրինի գաղտնալսումների նշանակությունը՝ երբեմն դրանք նկարագրելով որպես անհրաժեշտ չարիք, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ամբողջովին արդարացնելով դրանք։

Որպես վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ, ով հաճախ հանդիպում է միջազգային պատվիրակությունների հետ, ես հաճախ եմ բախվում այսպիսի չարաշահումների արդարացման փորձերին։ Նման փաստարկները ինչ-որ հասկանալի են, երբ դրանք հնչեցնում են քաղաքական շահ ունեցող պաշտոնյաներ, սակայն դրանք լիովին անընդունելի են քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որոնց առաքելությունը պետք է լինի ժողովրդավարական նորմերի և մեխանիզմների պաշտպանությունը։ Արտաքին միջամտության սպառնալիքը իրական է և արժանի է լուրջ քննարկման, սակայն լուծումը կայանում է ինստիտուտների ամրապնդման և ժողովրդավարական նորմերի պաշտպանման մեջ, ոչ թե դրանց խաթարման։

«Մեծ պատկերի» փաստարկի հետ կապված ևս մեկ խնդիրն այն է, որ այն կառավարությանը տալիս է պատրվակ՝ կամայականորեն թիրախավորել քննադատներին և կենտրոնացնել իշխանությունը։ Գրեթե բոլոր դեպքերում, երբ տեղի է ունեցել ժողովրդավարական հետընթաց, հղումները «ավելի մեծ նպատակների» օգտագործվել են նման գործընթացներն արդարացնելու համար։ Եթե այս մոտեցումը նորմալացվի Հայաստանում, քաղաքացիական հասարակությունն ու անկախ մեդիան շուտով կարող են դառնալ հարձակումների թիրախ նույն պատճառաբանությամբ՝ մի միտում, որն արդեն նկատվում է հարևան Վրաստանում։

Թույլ ինստիտուտներով փխրուն քաղաքական համակարգերում քաղաքացիական հասարակությունը հատկապես կարևոր դեր ունի՝ որպես ժողովրդավարական հետընթացը զսպող մեխանիզմ։ Հայաստանը պատմականորեն ունեցել է ուժեղ և կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը սահմանափակել է ավտորիտար իշխանությունը, ստեղծել է ազատ և անկախ հանրային դիսկուրսի տարածություն և, ի վերջո, նպաստել է համակարգի ազատականացմանը։ Սակայն այսօր քաղաքացիական հասարակության որոշ հատվածների ինքնության ճգնաժամը ստեղծում է տարածություն ժողովրդավարական հետընթացի համար։ Եթե այս ճգնաժամը չհաղթահարվի, այն լուրջ հարված կհասցնի ինչպես Հայաստանի ժողովրդավարական կայացման հեռանկարներին, այնպես էլ այդ դերակատարների վարկանիշին՝ հետևանք, որն անշուշտ կօգտագործեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակաժողովրդավարական ուժերը՝ ամբողջ քաղաքացիական հասարակությանը թիրախավորելու համար։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: