Ինչի՞ մասին է վկայում ֆրանսիական CAESAR-ների մատակարարումը Հայաստանին
21.06.2024
Ֆրանսիան և Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում պայմանագիր են կնքել Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման վերաբերյալ։ Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի սկզբին Ֆրանսիայի Սենատը կառավարությանն առաջարկեց հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստանին և օպերատիվ արձագանքել Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես հրետանու անհրաժեշտության վերաբերյալ՝ ոչ գործնական համարելով «պաշտպանական» և «հարձակողական» զենքերի տարբերակում դնելը։
CAESAR-ի մատակարարման գործարքը ցույց է տալիս, որ Ֆրանսիան չի սահմանափակվի թռչող օբյեկտների հայտնաբերման ռադարների, հսկողության և հետախուզման սարքավորումների, դիպուկահար հրացանների մատակարարմամբ և ռազմական կրթական ծրագրերի իրականացմամբ։
Ավելին, հաշվի առնելով, որ Ֆրանսիան ունի առաջադեմ տեխնոլոգիաներ ՀՕՊ համակարգերի և հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության մեջ, կարելի է ակնկալել, որ այս ուղղությամբ որոշակի առաջընթաց կլինի, և հայկական բանակը վերջապես կհամալրվի վերջին սերնդի հակատանկային տեխնիկայով, զենիթահրթիռային համակարգերով՝ ամենափոքրից մինչև մեծ գործողությունների շառավղով:
CAESAR հաուբիցների մատակարարումը կարող է ներդաշնակորեն լրացնել Հայաստանի կողմից ձեռք բերված նույն տրամաչափի 40 կմ կրակային հեռահարությամբ ATAGS 155/52 հնդկական քարշակային հաուբիցները, ինչպես նաև 24 կմ հեռահարությամբ M777 հաուբիցի անալոգ MArG 155/39 ինքնագնաց հաուբիցները։
Որպես այլընտրանք՝ սպասարկման դյուրինության համար և, ամենայն հավանականությամբ, արժեքի տարբերության պատճառով տեին կլիներ հայկական հրետանու զինանոցում ունենալ հնդկական ATAGS 155/52 հաուբիցների ինքնագնաց տարբերակներից 8×8 զրահամեքենայի վրա տեղադրվող MGS (Mounted Gun System) համակարգը, քանի որ դրանց քարշակային տարբերակները շուտով կլինեն հայկական բանակում։ Նրանք արդեն անցել են կրակային փորձարկումներ Հնդկաստանում, սակայն բանակը դրանցով համալրելու հարցը դեռևս քննարկման փուլում է։
Ըստ հնդիկ փորձագետների՝ MGS (Mounted Gun System) 8/8-ի սերիական արտադրություն սկսելու ձգձգումների հիմնական պատճառը բյուրոկրատական քաշքշուկն է:
Մյուս կողմից, ֆրանսիական CAESAR հաուբիցները փորձարկվել են իրական մարտական պայմաններում և այսօր հաջողությամբ կիրառվում են Ուկրաինայում։ Հաուբիցն ունի բարձր շարժունակություն, արագ բացազատվում է և բերվում կրակային վիճակի, ունի երկար հեռահարություն։
Հաուբիցը կարող է օգտագործել 155 մմ հրետանային զինամթերքի ամբողջ տեսականին, ինչը նշանակում է, որ պարտադիր չէ սպասել զինամթերքի մատակարարմանը միայն Ֆրանսիայից, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիայում արտադրված որևէ հատուկ զինամթերքի (կառավարվող):
Փողային հրետանու առումով Հայաստանը շարունակում է անշեղորեն ընթանալ 152 մմ խորհրդային տրամաչափը աշխարհում լայնորեն կիրառվող 155 մմ տրամաչափով փոխարինելու ճանապարհով։
Ուրիշ բան, որ հարցեր են առաջանում գնվող CAESAR հաուբիցների քանակի վերաբերյալ։ Եթե խոսքը 18-ից ավել միավորի մասին է՝ գոնե մեկ դիվիզիոնի չափով, ապա մի փոքր հասկանալի կլինի, որ բանակի հրամանատարությունը հայկական հրետանու զարգացման որոշակի հայեցակարգ ունի։ Եթե գործարքը ենթադրում է շատ ավելի փոքր խմբաքանակ, ապա կստացվի ինչպես նախկինում, երբ MLRS «Սմերչ» կամ TOS 1 «Սոլնցեպյոկ» համակարգերի մեկական մարտկոցի գնումը ցույց էր տալիս, որ այդ տեսակի զենքը գտնվում է հայկական զինանոցում՝ առանձնապես չմտահոգվելով, թե այդ քանակը ռազմաճակատի որքան մասի համար կարող էր բավարար լինել։
Հարցեր կան նաև այն մոդելների վերաբերյալ, որոնք կառաքվեն Հայաստան։ Ցանկալի է, որ դա լինի CAESAR Mk II 6/6-ը (հայտնի է նաև որպես CAESAR NG՝ նոր սերունդ), որը ներկայացնում է ֆրանսիական Nexter Systems ընկերությունը՝ KNDS հոլդինգի կառուցվածքային ստորաբաժանումը։
Դատելով պայմանագրի ստորագրման արարողության լուսանկարներից՝ կա մեկ ուղղակի ակնարկ՝ KNDS ընկերության հետ պայմանագիրը ստորագրելուց հետո Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ձեռքում պահում են 6/6 անվային բանաձևով CAESAR հաուբիցի մոդել, և եթե այս փաստարկը բավարար է, ապա մենք կարող ենք դրա վրա հենվել:
Էդուարդ Առաքելյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ է
Հոդվածը՝ Սիվիլնեթի