Վարչական ռեսուրս, ֆինանսավորում, հիբրիդային սպառնալիքներ. նախընտրական մարտահրավերները

Վարչական ռեսուրս, ֆինանսավորում, հիբրիդային սպառնալիքներ. նախընտրական մարտահրավերները

28.11.2025


2026թ․ Ազգային ժողովի հերթական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, և տրամաբանական է, որ հանրային ու քաղաքական դիսկուրսի առանցքը հենց ընտրական օրակարգն է։  

Ընտրությունների հանդեպ հանրության աճող հետաքրքրության մասին են վկայում նաև վերջին ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշները՝ 43% Գյումրու և 45%՝ Վաղարշապատի դեպքում, մինչդեռ նույն համայնքների նախորդ ընտրություններում գրանցվել է 24% և 27% մասնակցություն։

Քաղաքական հետաքրքրությունն առավել քան ակնհայտ է՝ նոր քաղաքական շարժումներ, միավորումներ, առաջադրումներ և ակտիվ աշխատանք հետնաբեմում։

Առաջիկա ԱԺ ընտրությունների մասին խոսելիս կարևոր է հասկանալ օրենսդրական որոշ փոփոխություններ, որոնք կձևավորեն ընտրական միջավայրը։ Կարևոր փոփոխություններից առաջնայինը, թերևս, անցողիկ շեմերն են, որոնք կուսակցությունների համար դառնում են 4%, իսկ դաշինքների համար՝ 8%՝ 2-3 կուսակցություններից կազմված դաշինքների համար և 10%՝ 4-ից ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար։ Շեմերի նման փոփոխությունը պակաս հավանական է դարձնում մեծ դաշինքների ձևավորումը և խրախուսում առանձին կուսակցությունների մասնակցությունը։ Հավանական է նաև ավելի ակտիվ կուսակցությունների կողմից փոքրերի «կլանումը» կամ ոչ ֆորմալ դաշինքներով հանդես գալը, երբ պաշտոնապես ստեղծված դաշինք չկա, բայց մի կուսակցության ներկայացուցիչներն՝ իրենց ռեսուրսներով հանդերձ, ընդգրկվում են մեկ այլ կուսակցության ցուցակում։

Գաղնտիք չէ, որ ընտրությունների որակի գնահատման համար կարևոր է ոչ միայն քվեարկության օրվա հանգիստ և կազմակերպված ընթացքը, այլև ընտրական ողջ գործընթացը՝ նախընտրական շրջանից մինչև հետընտրական գործընթացներ։ Սակայն հայաստանյան ընտրությունների տխրահռչակ պատմությունը՝ նախկինում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով ու բռնությամբ զուգորդված քվեարկության օրերի մասին հիշողությունը, հաճախ հանգեցնում են նրան, որ վերջին տարիներին ընտրությունների մասին հանրային ու քաղաքական գնահատականները շեշտադրում են առավելապես քվեարկության օրվա խաղաղ ընթացքը՝ մոռացության մատնելով նախընտրական շրջանի խախտումները, որոնք ի սկզբանե կարող են ստվերել ազատ և հավասար մրցակցության միջավայրը։ Արձանագրելով, որ վերջին տարիներին Հայաստանում ձևավորվել են համեմատաբար թափանցիկ ու ազատ ընտրական պրոցեսներ, այդուհանդերձ նախընտրական հատվածում դեռ առկա են բազմաշերտ խնդիրներ, որոնցից մի քանիսին անդրադարձ կկատարվի այս հոդվածում։

Չվերահսկվող և ապօրինի ֆինանսական հոսքեր

Ժողովրդավարական ընտրությունների մասին խոսելիս նախ և առաջ պետք է ունենալ այն հարցի պատասխանը, թե ինչպես են ֆինանսավորվում մասնակից կուսակցությունները։ Արդյո՞ք նրանք օգտվում են ֆինանսավորման արգելված աղբյուրներից՝ նվիրատվություններ բիզնեսից և փոխկապակցված իրավաբանական անձանցից, գումարների ներգրավում այլ պետություններից, պետական ռեսուրսների չարաշահումից ստացված ներդրումներ և այլն։ Ցավոք, 2026թ․ ԱԺ ընտրություններում ոչ ընտրողները, ոչ լրագրողները, ոչ ՀԿ-ներն ու դիտորդները չեն իմանալու, թե կուսակցություններն ինչպես ես ֆինանսավորում իրենց նախընտրական հիմնադրամները։ Պատճառն այն է, որ նախընտրական հիմնադրամները ֆինանսավորվելու են բացառապես կուսակցությունների հաշվեհամարներից, իսկ դրանց մասին մանրամասն ինֆորմացիան կհրապարակվի միայն մեկ տարի անց՝ կուսակցությունների տարեկան հաշվետվություններում։ Սա շատ ուշացած հաշվետվողականություն է և այն ազդեցությունը, որ կարող են ունենալ ապօրինի փողերը ընտրությունների վրա, բացահայտման պահին արդեն անդառնալի կլինի։ Ստացվում է, որ եթե չլինեն օրենսդրական փոփոխություններ, մենք կունենանք ընտրություններ, որտեղ ի սկզբանե թափանցիկության սկզբունքը խաթարված է լինելու՝ առնվազն մեկ կրիտիկական բաղադրիչի՝ ֆինանսավորման մասով։

Անարդար առավելություն՝ պետական ռեսուրսների հաշվին

Դիտորդական զեկույցներում հաճախ կարդում ենք, որ ընտրությունների ընթացքում չարաշահվում են վարչական ռեսուրսները։ Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական, նյութական, տեղեկատվական, տրանսպորտային ու այլ միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են պաշտոնատար անձինք՝ պայմանավորված հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ իրենց վերահսկողությամբ։

Համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում այս ռեսուրսների չարաշահման բազում դեպքեր ենք տեսնում՝ լրացուցիչ, չպլանավորված ֆինանսական հատկացումներ՝ համայնքային խնդիրները լուծելու համար, հանրային հեռուստաընկերության եթերի չարաշահում, պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների՝ հավաքներին մասնակցելուն ուղղորդում և պարտադրում, հանրային ռեսուրսներով ժամանցային միջոցառումների անցկացում և այլն։ Սա իհարկե անհամաչափ և անարդարացի առավելություն է տալիս իշխող կուսակցությանն ու թեկնածուներին՝ խաթարելով հավասարության սկզբունքը, և ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը։ Թեև օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ վարչական ռեսուրսի չարաշահման արգելքի խախտման համար, սակայն գործնականում այս արատավոր գործունեությունը դեռ շարունակվում է և մեծ է հավանականությունը տեսնելու շատ դրսևորումներ նաև առաջիկա ԱԺ ընտրություններում։

Անաչառ դիտորդական ինստիտուտի խաթարում

Քաղաքական առումով կողմնակալ կամ կեղծ դիտորդություն է համարվում ընտրությունների դիտարկումն այնպիսի խմբերի և անձանց կողմից, որոնք անկախ չեն, հետապնդում են քաղաքական նպատակ, զբաղվում են քարոզչյությամբ և շահագրգիռ են կոնկրետ արդյունքներով։ Կողմնակալ կամ կեղծ դիտորդությունն, ըստ էության, քաղաքական գործունեության ձև է, որն ուղղված է քաղաքական գործիչների կամ ուժերի շահերն առաջ մղելուն՝ վստահելի դիտորդության նմանակման միջոցով։ Ի տարբերություն անկախ ու անկողմնակալ դիտորդների՝ կեղծ դիտորդական խմբերը ցուցաբերում են նվազ ֆինանսական թափանցիկություն, հրապարակում են կողմնակալ զեկույցներ, եթե առհասարակ հրապարակում են։ Կեղծ դիտորդների նպատակն է կամ լեգիտիմացնել թերի ընտրությունները, կամ ընդհակառակը՝ նսեմացնել, խաթարել ընտրական կառույցների ու ազատ ընտրությունների հեղինակությունը, ստեղծել ինֆորմացիոն քաոս և այդպիսով առաջ մղել իրենց շահերը։

ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է դիտորդական առաքելություններին զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Չնայած դրան՝ վերջին 2 ՏԻՄ ընտրություններում կողմնակալ դիտորդական առաքելությունները գործել են ակտիվ և անկաշկանդ, և այդ ակտիվությունը հուշում է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու։ Սա մեծ վնաս է հասցնում ընտրություններում դիտորդի՝ որպես անաչառ արբիտրի դերին ու հեղինակությանը, քանի որ ընտրողները զրկվում են ընտրությունների իրական որակի մասին անաչառ կարծիք լսելու հնարավորությունից։ Ընտրությունների ամենակարևոր գործոնը վստահությունն է, իսկ քաղաքական նպատակահարմարություններով գործող կեղծ դիտորդները ստեղծում են անորոշություններ և տարածում ապատեղեկատվություն, ինչը կարող է բերել ճգնաժամերի։

Հիբրիդային սպառնալիքներ

Ընտրությունների շուրջ ամենից թրենդային խոսույթն իհարկե հիբրիդային սպառնալիքներն են։ Հիբրիդային սպառնալիքները արտաքին ու ներքին դերակատարների կողմից ստեղծվող բազմաշերտ ընտրական սպառնալիքներն են՝ հիմնականում զուգորդված ապատեղեատվությամբ, մրցապայքարի ապօրինի ֆինանսավորմամբ, ընտրակաշառքով և կիբեռհարձակումներով։ Հաշվի առնելով արտաքին դերակատարների շարունակական հետաքրքրությունը՝ ազդելու Հայաստանում քաղաքական դաշտի վրա, վերջին շրջանում ակտիվացած քաղաքական խմբերի կապերը օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև Մոլդովայի և Ռումինիայի ընտրություններից քաղված դասերը՝ ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմիններն ու հասարակական կազմակերպությունները պետք է աչալրջորեն վերլուծեն հնարավոր ռիսկերն ու դրանց դիմագրավման շուրջ աշխատանքներ տանեն։

Մյուս կողմից, հիբրիդային սպառնալիքներն ուռճացնելը ու դրանց մասին անհարկի հաճախ խոսելը՝ առանց հիմնավոր վերահսկիչ միջոցառումների, այլ միայն նարատիվներ կամ կոնտր-նարատիվներ ստեղծելու նպատակով (hատկապես կրկին արտաքին դերակատարների մասնակցությամբ) ինքնին կարող է վերածվել «հիբրիդային սպառնալիքի» և չարաշահվել իշխանության կողմից՝ ճնշելու և լռեցնելու ընդդիմադիր ձայները։

Քաղաքացիական հասարակության դերը

Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունները և մեդիան երկար տարիներ կարևոր դերակատարում են ունեցել ընտրական գործընթացների վերահսկողության գործում․ նրանք են արձանագրել հիմնական խախտումները, հավաքագրել փաստեր և ձևավորել հանրային ճնշում՝ ավելի արդար գործընթացների համար։ Այսօր, երբ ընտրախախտումների ճնշող մասը ընտրատեղամասից տեղափոխվել է նախընտրական փուլ, դրանք հայտնաբերելը դարձել է զգալիորեն ավելի բարդ։ Վարչական ռեսուրսի օգտագործումը, քարոզչության անհավասարակշռությունը կամ ապօրինի ֆինանսական հոսքերը սիստեմատիկ մոնիտորինգ, փորձագիտական վերլուծություն և արագ արձագանք են պահանջում։ Սակայն ՀԿ-ների մեծ մասը նախընտրական գործընթացների վերահսկողությամբ չի զբաղվում՝ թողնելով դաշտը 1-2 մասնագիտացված դիտորդական կոալիցիաներին և հետաքննող լրագրողներին, ինչը, հաշվի առնելով ընտրական մարտահրավերների բազմազանությունը, կարող է անբավարար լինել։ Տարբեր ոլորտներում մասնագիտացված հասարակական կազմակերպությունները պետք է դիտարկեն և գնահատեն ընտրական գործընթացները՝ իրենց ոլորտային դիտանկյունից։

Ֆինանսավորման նվազումը շատ կազմակերպությունների ստիպում է ավելի կաշկանդված գործել։ Առկա ֆինանսավորման մեխանիզմները կարող են բերել իրավիճակի, երբ հասարակական կազմակերպություններն ավելի շատ ներգրավված են ընտրողների իրազեկման, քան ընտրական գործընթացների վերահսկողության ծրագրերում։ Ավելին, մտահոգիչ է, երբ քաղհասարակության որոշ խմբեր իրենց տեսնում են քարոզչության տիրույթում։ Խոսքը ոչ թե ընտրողների իրազեկման կամ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին է, այլ այսպես կոչված «արժեքների» քարոզչության, որի սահմանը նախընտրական քարոզչության հետ կարող է շատ նուրբ լինել և բևեռացված ընտրական միջավայրում նվազեցնել առանց այդ էլ փխրուն վստահելիությունը։

Առկա է նաև մոտեցում, թե անցյալի մասշտաբային ընտրախախտումների ֆոնին ներկայիս իրավիճակը պետք է բավարար գոհացուցիչ համարել։ Բայց հենց ներկա՝ համեմատաբար ավելի ազատ ու թափանցիկ ընտրական գործընթացներն ամրապնդելու ու շարունակաբար զարգացնելու նպատակը պետք է պարտավորեցնի մեզ սահմանել ու ձգտել ավելի բարձր ստանդարտների։

 

Մարիամ Հովեյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի ղեկավար

 


Հոդվածը հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Ժողովրդավարական անվտանգություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։