Եվ մի տանիր ըզմեզ ի փորձագետ․ Փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում

Եվ մի տանիր ըզմեզ ի փորձագետ․ Փորձագիտական համայնքի խնդիրները Հայաստանում

10.12.2024


Վերլուծական կենտրոնները արևմտյան երկրներում կարևոր տեղեկատվական վերլուծական պատնեշի դեր են խաղում կուսակցական ու խմբային շահերով պայմանավորված որոշումների ու քաղաքականությունների համար։ Փաստահեն վերլուծություններ ներկայացնելով «ուղեղային» կենտրոնները կամ վերլուծական խմբերը իրականության վերաբերյալ հնարավորինս օբյեկտիվ պատկեր են ներկայացնում՝ ներկա ու ապագա  որոշում կայացնողներին հնարավորություն տալով իրենց քաղաքականությունները խարսխել այդ հետազոտությունների վրա։ 
Երբ փորձում էի զուգահռենր տանել հայաստանյան իրականության հետ, նկատեցի, որ անգլերեն «Think tank»-ը հայերեն թարգմանվել է «Ուղեղային կենտրոն», ինչը կարծես նախասահմանել է այդ դաշտի գլխավոր հայատանյան առանձնահատկությունը․ Հայաստոնւմ այդ կենտրոններում որպես կանոն ոչ թե մտածում են, միտք ստեղծում, այլ կենտրոններ են որտեղ «ուղեղներ են հավաքում»։ 


Միաժամանակ, Հայաստանյան համատեքստում «փորձագիտական դաշտը» միայն վերլուծական կենտրոնների աշխատակիցներից չի, որ կազմված է։ Փորձագիտական դաշտի մեջ կան և՛ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, և՛ գիտական հիմնարկների գիտաշխատողներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, որոնք հընթացս զբաղվում են արտաքին քաղաքականության վերլուծությամբ, և՛ նախկին ու ներկա քաղաքական գործիչներ։ 


Հայաստանյան համատեքստի մյուս առանձնահատկությունն այն է, որ սահմանները լզողված են քաղաքականությամբ զբաղվողների, քաղաքականություն վերլուծողների, քաղաքականության ջատագովությամբ զբաղվողների ու քարոզչության մարտիկների միջև։ Արդյունքում, հայաստանայան դաշտում վերլուծական հանրույթը նույնպես արհեստականորեն երկփեղկված է՝ կամ պրոիշխանական է, կամ ընդդիմադիր, կամ արևմտամետ է, կամ ռուսամետ, կամ Արարատն է տեսնում պատուհանից, կամ Արագածը։ 


Որպես հետևանք, մեր շուրջը տեղի ունեցողը վերլուծելու փոխարեն, փորձագետների մի մասը զբաղված է իշխանության յուրաքանչյուր քայլը արդարացնելով, հանրությանը այդ քյալերի նպատակահարմարությունը բացատրել, մեկնաբանելով, զուգահեռաբար քննադատելով, հաճախ ավելի շատ անվանարկելով ընդդիմությանը։ Մյուս մասը իր մասնագիտական պարտքն է համարում ընդդիմանալ, սխալ համարել, քարկոծել ամեն բան, ինչ որոշում է անել իշխանությունը․ որքան սուր բառապաշարով, այնքան սկզբունքային ու աներկբա ընդդիմադիր-վերլուծող։ Բայց որևէ, անգամ ամենաձախողված իշխանություն անում է նաև քայլեր, որոնց այլընտրանքը ավելի վնասակար կարող են լինել երկրի համար։ Եթե վերլուծելու փոխարեն դիրքավորվում ես որպես քննադատ ու անկախ ամեն բանից քննադատում կատարվող ամեն բան, ապա հավանականությունը, որ պարզապես կկորցնես վերլուծելու համար այնքան անհրաժեշտ սթափ մտածելու ունակությունը շատ մեծ է։ 


Աներկբա պաշտպանողներն ու իշխանական ամեն քայլ արդարացողները այս նույն խմբի տրամաբանությամբ են գործում, միայն թե հակառակ նշանով։ Այս խմբի համար պրոցեսները Հայաստանի համար դրական լույսի ներքո ներկայացնելն ու իշխանության ամեն քայլ ռազմավարական հաղթանակ ներկայացնելը դառնում է հիմնական նպատակ՝ անկախ կատարվողից, դրանց բերած ռիսկերից ու որոշումների այլընտրանքներից։ Ու եթե առաջին խումբը «չմշակված վախ»  ու մոտալուտ կործանում է վաճառում հասարակության ընդդիմադիր հատվածին, ապա այս մի խումը արդարև կարելի է «հույսի վաճառականների» համքարություն համարել։ 


Միաժամանակ, խմբերից մեկը արդարացնում է ամեն բան, ինչ անում է Ռուսաստանը մեր ու այլ տարածաշրջաններում, մյուսները իրենց պարտքն են համարում դրական լույսի ներքո ներկայացնել Արևմտյան երկրների յուրաքանչյուր որոշում՝ հատկապես մեր տարածաշրջանում։ Այս գործողություններից որևէ մեկը ինքնին դատապարտելի արարք ու քայլ չէ, միայն թե որևէ առնչություն չունի վերլուծելու հետ։ 


Այս երկու խմբերն էլ որպես կանոն վերլուծություններ անելիս շեշտը դնում են ռազմաքաղաքական գուշակությունների վրա ու քանի որ հաճախ չի պատահում, որ որևէ մեկը հիշեցնի նախորդիվ արված բազում տապալված գուշակությունները,  նրանց հաղթարշավը վանգայական ոլորտում շարունակվում է։


Դաշտը կարող է փոքր ինչ առողջանալ հին ու նոր այնպիսի կազմակերպությունների շնորհիվ, որ արևմտյան ֆինանսավորում ունենալով աշխատում են թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով ու պրոֆեսիոնալ կադրեր ներառելով։ Այս խմբի ներկայացուցիչների՝ հնարավորինս անաչառության ձգտող վերլուծությունները, որպես կանոն թիրախավորվում են վերոնշյալ երկու խմբերի կողմից էլ՝ մի դեպքում իշխանության հանդեպ ոչ բավարար քննադատական լինելու, մյուս դեպքում իշխանությանը քննադատելու «մեղադրանքով»։ 


Միաժամանակ, անկախ վերլուծական կենտրոնների գործունեությունը հաճախ պիտակավորվում է նաև ընդհանուր քաղաքացիական հասարակությանն ուղղված պիտակների շրջանակներում՝ ֆինանսավորման աղբյուրը որպես շահերի սպասարկում ներկայացնելով։ Այստեղ, սակայն, երկու դիտարկում պետք է հաշվի առնել։ Նախ, արևմտյան ֆինանսավորման հիմնադրամները որպես կանոն ֆինասնավորում են ծրագրեր, որ միտված են անկախ վերլուծություններ ներկայացնելու, ինչպես նաև ժողովորդավարական ու իրավահավասարության սկզբունքները հարգելու (դրույթներ, որ սահմանաված են նաև մեր Սահմանադրությամբ)։ Եվ երկրորդ, այդ հիմնադրամների ֆինանսավորումը թափանցիկ է, այլ կերպ ասած յուրաքանչյուր ծրագրի ու կենտրոնի ֆինասավորման աղբոյւրները ոչ միայն հասանելի են հանրության համար, այլև պարտադիր հրապարկվում են յուրաքանչյուր միջոցառման, հրատարակության, գործունեության լուսաբանմանը կից։ 


Ի տարբերություն այս մոտեցման՝ արևմտյան ֆինանսավորումը դիվականացնող շրջանակների, հասարակական-քաղաքական խմբերի, վերլուծաբանների ու քաղտեխնոլոգների գործունեության ֆնանսավորման աղբոյւրն անհայտ է, չլուսաբանվող ու առեղծվածային։ Միաժամանակ, նրանց տարածած կոչերը՝ սահմանափակելու այս կամ այն գաղափարը տարածող խմբերի ու կենտրոնների գործունեությունը, հակասահմանադրական ու հակաօրինական։ Ո՛չ վերլուծական հատ ու կենտ ինստիտուցիոնալ հենքով կենտրոնները, ո՛չ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները, իհարկե, անթերի չեն  իրենց գործունեության մեջ։ Բայց քանի դեռ նման կազմակերպությունները գործում են իրենց նպատակների մեջ սահմանելով Հայաստանի սահմանդրությամբ ամրագրված ազատություններ, իրավահավասարություն, անկախ վերլուծական մտքի ջատագովում ու ժողովրդավարական արժեքների կարևորում, նրանց թիրախավորումը որպես «հակապետական գորունեությամբ» զբաղվողների, նշանակում է որ պիտակավորողները «պետություն» ասելիս Հայաստանը նկատի չունեն։ 


Առհասարակ, քաղաքացիական հասարակությունը և վերլուծական կենտրոններն էլ, որպես լայն իմաստով քաղաքացաիական հասարակության մաս, որևէ երկրի ժողովրդավարական զարգացման կարևոր բաղադրիչ են․ Վերլուծական կենտրոնները՝ որպես վարվող քաղաքականությունների արդյունավետությունը գնահատող ու լուծումներ առաջարկող կենտրոններ, հասարակական տարբեր խնդիրներով զբաղվող կազմակերպությունները՝ որպես համապատասխան հասարակական շերտերի ու նրանց կարիքների գնահատման, համապատասխան օրենսդրական փոփոխություններ առաջարկելու, ջատագովելու ու օրենսդրական բարեփոխումների կյանքի կոչումն արդյունավետ իրականացնելուն միտված քայլերի իրականացնողներ։ Հետևաբար, քաղաքացիական հասարակության՝ անտեղի ու անօգուտ լինելու մասին թեզերը, իսկ և իսկ համահունչ են տարատեսակ ռեպրեսիվ ռեժիմների տեղական ու տարածաշրջանային նպատակներին։ Առանց քաղաքացիական վերահսկողության տասնապատաիկ ավելի հեշտ է ժողովրդավարության բացակայությունը լայն մասսաներին ներկայացնել որպես անվտանգության նկատառումներից բխող միջոցառումների շարք կամ «ավանդական արժեքների» պահպանման միակ տարբերակ, իսկ ընդունվող որոշումները՝ որպես միակ հնարավոր ելքեր ստեղծված ու ապագա իրադրություններում։ 


Ուղեղային կենտրոնների միջազգային փորձն ու պատմությունը հաշվի առնելով՝ հայաստանյան համատեքստը տարբերվում է նաև նոր գաղափարների սակավությամբ, եթե չասենք իսպառ բացակայությամբ։ Իհարկե, ոչ ինստիտուցիոնալ հիշողության, ոչ ռեսուրսների ու հնարավորությունների իմաստով չի կարելի հայաստանյան իրադրությունը համեմատել մեծ տերություններում գործող ուղեղային կենտրոնների տված արժեքների հետ։ Բայց պետք է հիշել, որ տարբեր երկրների արտաքին քաղաքական ծրագրերում նորարարական մոտեցումների առանցքային մատակարարը հենց ուղեղային կենտրոննր են եղել, ու դա հնարավոր է եղել հենց անկախ գործելու, անկախ մտածելու ու նոր մտքերի, հին խնդիրների համար նոր լուծումների ստեղծման հնարավորության միջոցով։ 


Հայաստանյան դաշտի առողջացման համար լուծումների մասին քննարկումները միշտ հանգում են ինքնամաքրման մասին քննարկումներին։ Բայց այդպիսի մոտեցումը երկու թերություն ունի։ Նախ, չի ապահովագրում ցենզուրայից ու անհատական համակրանք/հակակրանքների հիման վրա  որոշակի վերաբերմունք ունենալուց։ Գիտական ձեռքբերումները որպես չափանիշ ընտրելն էլ ճիշտ ֆիլտր չի ապահովում․ քաղաքագիտության դոկտորներ Շիրինյանն ու Խաչիկյանը վկա։ Միաժամանակ, չի լուծում վերլուծական համայնքի կողմից հավանության չարժանացած միավորների հանրահռչակման հարցը։ Այդ պատճառով այստեղ կարևոր դերակատարում ունեն նաև խոշոր լրատվական միջոցներն ու հատկապես հանրային հեռուստաընկերությունը։ Ոչ պրոֆեսիոնալիզմը, կամ վերլուծաբանի անվան տակ քարոզչությամբ կամ գուշակությամբ զբաղվողների հանրահռչակումը՝ արհեստականոերն բարձրացնում է վարկանիշը մարդկանց, որոնք այդ վարկանիշը հետո օգտագործում են այլընտրանքյաին իրականության պատկերներն ավելի մեծ զանգվածների շրջանում տարածելու համար։ 


Հայաստանում ուժեղ վերլուծական համակարգ ստեղծելու համար, ուրումն, պետք է ուժեղացնել անկախ գործող միավորների կարողությունները, հնարավորինս շեշտադրել ապակուսակցական, անաչառ վերլուծությունների կարևորությունը ու խթանել նոր գաղափարներ առաջարկող վերլուծությունների ի հայտ գալը։ Միայն այդ դեպքում վերլուծական կենտրոններն ու փորձագիտական լայն համայնքը կկատարեն իրենց առաջնային դերը՝ որպես կամուրջ գիտահետազոտական աշխատանքի ու քաղաքականության ոլորտի միջըև կխթանեն ավելի տեղեկացված ու դիմակայուն քաղաքական դաշտի ու առհասարակ հասարակության ձևավորումը։ 

 

Աննա Գևորգյան