Հայաստանում քաղաքական բևեռացումը լուրջ վտանգ է ժողովրդավարությանը․ ինչպես հաղթահարել այն
29.09.2024
Տիգրան Գրիգորյան
Վերջերս Վաշինգտոն աշխատանքային ուղևորության ժամանակ, որը Միացյալ Նահանգներ իմ առաջին այցն էր, հյուրանոցի իմ սենյակում առցանց զննում էի հետաքրքիր վայրեր, ուր կարող էի այցելել։ Հայտնաբերեցի «Քաղաքականություն և արձակ» (Politics and Prose) հայտնի գրախանութը և որոշեցի գնալ այնտեղ: Նկատեցի, թե ինչպես են մարդիկ ինչ-որ միջոցառման պատրաստվում: Գուգլի արագ որոնմամբ պարզ դարձավ, որ տեղի է ունենալու հայտնի սոցիոլոգ Արլի Հոքշիլդի գրքի շնորհանդեսը: Ձևացնելով, որ եկել եմ միջոցառմանը, նստեցի՝ լսելու:
Վերջին 7-8 տարիների ընթացքում Հոքշիլդը ուսումնասիրել է Դոնալդ Թրամփի հիմնական ընտրազանգվածը՝ փորձելով հասկանալ նրանց շարժառիթները: Այդ թեմայով նրա նախորդ գիրքը՝ «Օտարները սեփական հողում» (Strangers in Their Own Land), դարձել է New York Times-ի բեսթսելլեր: Իսկ լույս տեսած վերջին գիրքը՝ «Գողացված հպարտություն. կորուստ, ամոթ և աջերի վերելք» (Stolen Pride: Loss, Shame, and the Rise of the Right), յոթ տարվա հետազոտության արգասիքն է, այդ թվում՝ Կենտուկիի ամենաաղքատ կոնգրեսական շրջանում՝ Փայքում անցկացված ընդարձակ հարցազրույցները։ Փայքը ավանդաբար քվեարկել է Դեմոկրատական կուսակցության օգտին, բայց անցած տասնամյակում անցել է Թրամփին աջակցելուն։
Հետաքրքիր էր Ամերիկայի սրտում մի միջոցառման ներկա գտնվելը, որտեղ լիբերալներով լի սենյակը անկեղծորեն փորձում էր հասկանալ միլիոնավոր մարդկանց տեսակետներն ու դժգոհությունները, որոնց հետ նրանք համաձայն չէին՝ առանց կասկածի տակ դնելու նրանց ամբողջականությունը կամ պիտակավորելու դրանք: Թրամփի առաջին նախագահությունից ի վեր բազմաթիվ հետազոտողներ փորձում են հասկանալ այս տարանջատումների պատճառը:
Democracy Watch-ի նախորդ զեկույցներում մենք բացահայտում էինք խորացող քաղաքական բևեռացումը որպես Հայաստանում ժողովրդավարական համախմբման հիմնական խոչընդոտ: Իշխող կուսակցության և խորհրդարանական ընդդիմության՝ միմյանց ապալեգիտիմացնելու փոխադարձ ջանքերը պարարտ հող են ստեղծել հակաժողովրդավարական և հակասահմանադրական գործողությունների համար։
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը և անվանակոչությունը տարածվում է քաղաքական էլիտաների սահմաններից անդին՝ նրանց կողմնակիցների վրա: 2018-ի Թավշյա հեղափոխությունից ի վեր ընդդիմադիր քարոզիչները Հայաստանի հանրային դիսկուրս են ներմուծել «ժեխ» եզրույթը՝ նկարագրելու Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածին՝ ակնարկելով, որ նրանք անկիրթ են և չունեն արժեքներ։ Իսկ իշխանության քարոզիչները ընդդիմության կողմնակիցներին կամ հանրահավաքի մասնակիցներին որակում են կոռումպացված և «ինքնիշխանությանը դեմ»:
Այս թունավոր քաղաքական մթնոլորտի պայմաններում քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության մեջ նկատելի է իրական ջանքերի պակաս՝ հասկանալու այս խմբերի քաղաքական նախապատվությունների հիմքում ընկած դրդապատճառները: Սև-սպիտակ մտածողությունը համատարած է, որը մասամբ սնվում է ժամանակակից Հայաստանում հասարակագիտական կրթության սարսափելի որակով և մասամբ այս ոլորտներում գնալով աճող քաղաքականացմամբ և բևեռացմամբ:
Քաղաքական տարբեր հայացքներ ունեցողների դժգոհություններն ու շարժառիթները հասկանալ չցանկանալը միայն խորացնում է հասարակական տարանջատումները և մեծացնում քաղաքական բռնության վտանգը: Գիտնականները, ինչպիսիք են Արլի Հոքշիլդը և Ռոբերտ Ութնոուն՝ «Լքվածները․ անկում և ցասում գյուղական Ամերիկայում» (The Left Behind. Decline and Rage in Rural America) գրքի հեղինակը, փորձել են քննարկումներ սկսել Միացյալ Նահանգներում այս խնդիրների լուծման կարևորության վերաբերյալ:
Հոքշիլդը, մասնավորապես, ընդգծում է մշակութային առումով երկլեզու լինելու և քաղաքական բևեռացված հայացքներ ունեցող խմբերի միջև «ապրումակցման կամուրջներ» կառուցելու անհրաժեշտությունը: Նրա վերջին գրքի հիմնական պատգամն այն է, որ դեմոկրատներն ու հանրապետականները շատ ավելի ընդհանուր բաներ ունեն, քան պատկերացնում են: Սա, անշուշտ, ճիշտ է նաև հայ հասարակության համար։ Թեև բարու և չարի պարզեցված, երկփեղկված պատմությունը շահավետ է քաղաքական դերակատարների համար, քաղաքացիական հասարակության և Հայաստանի ժողովրդավարության զարգացման մեջ ներդրում ունեցած բոլորի համար առաջնահերթ պետք է լինի քաղաքական խզումը թոթափելը՝ երկխոսության և փոխըմբռնման միջոցով:
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախագիծն է։
Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: