Հսկողություն, արտահոսքեր և ժողովրդավարության շարունակվող հետընթաց

Հսկողություն, արտահոսքեր և ժողովրդավարության շարունակվող հետընթաց

27.10.2025

 

Տիգրան Գրիգորյան

 

Մայիսի 30-ին՝ Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների միջեւ բախման ընթացիկ փուլի հենց սկզբում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անպատեհ մի գրառում արեց․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Սկզբում վարչապետի այս գրառումն ընկալվեց որպես սեքսիզմի տարրերով և անձնական կյանքի գաղտնիության խախտում ենթադրող վիրավորանք։ Սակայն այն շուտով վերաճեց եկեղեցու դեմ լայնածավալ արշավի, որին լծվեցին իրավապահ և դատական համակարգերը։

Փաշինյանի անպատեհ գրառումը նոր նշանակություն ստացավ հոկտեմբերի 24-ին, երբ Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքը հրապարակեց մի քանի կարճ տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կնոջ հետ մտերմիկ իրավիճակներում է։ Տեսանյութերը նկարահանված էին լոգասենյակում և հյուրասենյակում, և դրանց կից նշվում էր, թե կինը արքեպիսկոպոսի քեռակինն է։

Հրապարակումից հետո իշխող կուսակցության հետ կապ ունեցող լրատվամիջոցներն ու իշխանամերձ բլոգերները սկսեցին տարածել այդ տեսանյութերը՝ փորձելով դրանք ներկայացնել որպես եկեղեցու ներսում ընթացող վեճերի արդյունք։ Սակայն այդ վարկածը քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ հենց վարչապետն էր դեռ ամիսներ առաջ իր գրառմամբ ակնարկ արել նման նյութերի գոյության մասին, և որ նման գաղտնի տեսանկարահանումների հնարավորությունն ունի միայն պետության անվտանգության համակարգը։

Այս նյութի տարածման ձևն ամբողջությամբ համընկնում է օրերս ՍիվիլՆեթի հետաքննության բացահայտած մեխանիզմին՝ ապօրինի լսումների և դրանց հրապարակման այլ դեպքերում։ Այդ հետաքննությունը ուսումնասիրել էր վերջերս տեղի ունեցած երկու դեպք, երբ հրապարակվեցին մասնավոր հեռախոսազրույցներ՝ մեկը հոգևորականների, մյուսը՝ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պարզվել էր, որ մեկի ձայնագրությունը նախ հայտնվել էր տելեգրամյան ահայտ ալիքում, որը տարածում է իշխանամետ և ընդդիմադիրներին թիրախավորող բովանդակություն, և այնուհետև արագորեն արտատպվել էր իշխող կուսակցության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից։ Երկրորդ դեպքում ձայնագրությունը նախ հրապարակվել էր իշխող ուժին հարող MediaNews-ի յություբյան ալիքում, որից հետո լայնորեն տարածվել էր այլ իշխանամետ լրատվամիջոցներով։ Այս ապօրինի ձայնագրությունները հետագայում դարձել էին քրեական գործեր հարուցելու հիմք՝ դրանց բովանդակության վրա հղումով։

Հայաստանի օրենսդրությամբ՝ առանց դատարանի թույլտվության կատարված գաղտնալսումները չեն կարող օգտագործվել քննության կամ դատավարության ընթացքում։ Սակայն երբ այդպիսի նյութերը հրապարակվում են մամուլում, դրանք հիմք են դառնում քրեական հետապնդման համար։ Այսպիսով իշխանությունները այս հնարքի միջոցով քաղաքականապես մոտիվացված գործերի դեպքում փաստացիորեն շրջանցում են օրենքով սահմանված սահմանափակումները։

Ի դեօ, նույն մեխանիզմն ու դերակատարները վերջերս արձանագրվել էին նաև «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» զեկույցում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց դեմ ատելության խոսքի դեպքերին։

Ակնհայտ է, որ նույն գործելաոճը կրկնվել է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող գաղտնի նկարահանումների արտահոսքի դեպքում։ Այդ առումով, վարչապետի ամիսներ առաջվա գրառումը, այդպիսի նկարահանումներ իրականացնելու տեխնիկական հնարավորությունները և տարածման նույնանման մեխանիզմը համատեղ դիտարկելիս՝ գրեթե կասկած չի մնում, թե ով է կանգնած եկեղեցու և ընդդիմության ներկայացուցիչների դեմ ուղղված այս և նախորդ նմանատիպ արտահոսքերի հետևում ։

Այդ տեսանյութերի հրապարակումը լայն հասարակական վրդովմունք առաջացրեց Հայաստանոըմ։ Երևանի մամուլի ակումբի նախագահ, մեդիափորձագետ Արթուր Պապյանը ընդգծեց, որ անձնական կյանքի խախտումն ու գաղտնի ձայնագրությունների կամ տեսանյութերի հրապարակումը որևէ կերպ չի կարող արդարացվել՝ ո՛չ քաղաքական պայքարի, ո՛չ հասարակական շահի, ո՛չ անձնական վրեժի, ո՛չ էլ քարոզչության նպատակով։ Նա, մասնավորապես, նշեց․ «Սա պարզապես էթիկայի հարց չէ՝ սա թե՛ ՀՀ Սահմանադրության ու մի շարք օրենքների, այնպես էլ միջազգային մի շարք պարտավորությունների խախտում է, որը հակասում է ժողովրդավարական արժեքների հիմքերին»։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ անձնական կյանքը տեսաձայնագրելը հանցանք է։ Գաղտնալսումները տարածելը նույնպես հանցագործություն է։

Ապօրինի գաղտնալսումների և կոմպրոմատների օգտագործման այս ու նախորդ դրվագները Հայաստանի ժողովրդավարական հետընթացի մեկ այլ վտանգավոր միտում է։ Անձնական կյանքի և հանրային ոլորտի միջև սահմանների դիտավորյալ ոչնչացումը լրջագույն սպառնալիք է Հայաստանում քաղաքական իրավունքներին ու քաղաքացիական ազատություններին։ Քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության կողմից միասնական ու վճռական արձագանքի բացակայությունը կարող է լեգիտիմացնել այս գործելաոճը՝ նորանոր դերակատարների դարձնելով թիրախ ապագայում։

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: