ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Ֆրանսիան և Հնդկաստանն այժմ հանդիսանում են Հայաստանին զենք մատակարարող հիմնական երկրները:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարին լավատեսություն է հայտնել նոր պայմանավորվածությունների վերաբերյալ՝ ասելով, որ դրանք կբարելավեն բանակի վաղվա օրը և սպառազինության որակը։ 2022 թվականի սեպտեմբերին սահմանային բախումներից հետո Հայաստանը հասկացավ, որ ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի շուկան անբավարար է՝ կայուն և հուսալի մատակարարումներ ապահովելու համար։ Առաջնահերթություն է դարձել սպառազինության և ռազմական տեխնիկայի դիվերսիֆիկացումը։ Դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից և դրան հաջորդած հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Հնդկական սպառազինություն
Հայաստանի կողմից Հնդկաստանից ձեռք բերված զենքի մասին տեղեկատվության առաջնային աղբյուրը հնդկական մամուլն է։ Հայաստանը պաշտոնապես չի հրապարակել ոչ մատակարարվող հնդկական զենքի ցանկը, ոչ էլ հնդկական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերը։ Սակայն, Հայաստանը նաև չի հերքել հնդկական լրատվամիջոցների տեղեկությունները` կարծես թե նախընտրելով այս հարցերի շուրջ երկիմաստության ռազմավարությունը։
Դեռևս նախքան արտահանման խոշոր պատվերը, Հայաստանը Հնդկաստանից 40 մլն դոլարով գնել է «Swathi WLR» հակամարտկոցային 4 ռադար։
Բաց աղբյուրները նշում են, որ 2022 թվականի աշնանից տարբեր զինատեսակների մատակարարման պայմանագրեր են կնքվել։ Սա ներառում է 214 մմ «Pinaka» ՀԿՌՀ, «Konkurs» հակատանկային հրթիռներ (արտադրված ռուսական լիցենզիայիայով), ականանետեր և այլ զինամթերք, ինչպիսիք են հրազենային զենքի պարկուճները, 30-40 մմ նռնակները: Ցուցակում ներառված են նաև ինքնագնաց հաուբիցներ «MarG» 155մմ/39, քարշակային հաուբիցներ «ATAGS» 155/52, ԱԹՍ-ների դեմ պայքարի «ZEN ADS» համակարգեր, ՀՕՊ ՀԶԿ «Akash» «Akash-NG» համակարգեր։ Բացի այդ, տեղեկատվության արտահոսքը հուշում է, որ Հայաստանը ձեռք է բերում հնդկական հակահրթիռային պաշտպանության համակարգեր, մասնավորապես՝ AAD Systems («Ashwin» BMD interceptor)։
Ըստ հնդկական լրատվամիջոցների տեղեկությունների, Հայաստանի կողմից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ավելի լայն տեսականու ձեռք բերման առաջարկներ կան։ Սա ներառում է ՕՀՄՄ «Pralay», գերձայնային հրթիռներ «BrahMos» և «BrahMos NG», երրորդ սերնդի հակատանկային հրթիռային համակարգեր, տարբեր տեսակի հարվածային ԱԹՍ-ներ և այլն:
Ավելին, Հնդկաստանը կարող է առաջարկել հայաստանյան Սու-30ՍՄ-ների արդիականացում ժամանակակից հնդկական ավիոնիկայով, ռադարներով և հրթիռներով, ինչպիսիք են «Astra BVRM»-ը և «Smart Anti-Airfield Weapon»-ը (SAAW):
Հնդկաստանի հետ ընթացիկ և առաջիկա պայմանագրերի գումարային արժեքը փորձագետների շրջանում տատանվում է 1 միլիարդից մինչև 2 միլիարդ դոլար:
Ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի հետ
Անվտանգության ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությունը Հայաստանը սկսել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի Երևան կատարած այցի ժամանակ։ Լեկուրնուն ժամանել է Ֆրանսիական մի շարք առաջատար պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ներառյալ MBDA-ն, որը մասնագիտացած է օդային, ռազմածովային և ցամաքային զորքերի հրթիռների և հրթիռային համակարգերի մեջ, «Nexter»-ը, որը հայտնի է տանկերի, զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, հակաօդային համալիրների և հակատանկային կառավարվող հրթիռների արտադրությամբ, «Safran»-ը՝ ինքնաթիռների շարժիչների, ավիացիոն սարքավորումների, օպտիկա-էլեկտրոնային, նավիգացիոն, կառավարման համակարգերի արտադրող, «Thales»՝ ռադարներ, ռադիո-էլեկտրոնային պայքար, հակահրթիռային պաշտպանության համակարգեր և կիբերանվտանգություն, «Arquus»՝ հետևակի մարտական մեքենաներ, հետախուզական մեքենաներ և ընդհանուր նշանակության զրահափոխադրիչներ։
Համաձայն ստորագրված հուշագրի և բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերում հետևյալը.
· 50 միավոր «Bastion» զրահամեքենա
· Երեք GM200 ռադար, որոնք կարող են հայտնաբերել օդային թիրախները 250 կիլոմետր շառավղով։
· Գիշերային տեսողության սարքեր (հեռադիտակներ և ակնոցներ)։
· PGM ընկերության արտադրության տարբեր մոդիֆիկացիաների դիպուկահար հրացաններ։
· «Mistral» մոտակա հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։
Ներկայումս բանակցություններ են տարվում միջին և մեծ հեռահարության ՀՕՊ, հրետանային և ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի տրամադրման շուրջ։ Այս քննարկումները կենտրոնացած են հայկական բանակի կոնկրետ պահանջների և դրանք բավարարելու Ֆրանսիայի կարողությունների վրա:
Համագործակցության ամենակարևոր ասպեկտը ներառում է ռազմական կրթություն, մարտական պատրաստության համակարգեր, տարբեր զորավարժություններ և ուսուցում, լեռնային հետևակի և դիպուկահարների պատրաստություն, խորհրդատվական և փորձագիտական աջակցություն: Այս ասպեկտը հատուկ ուշադրության է արժանի:
Ֆրանսիան պարտավորվել է հինգ հայ սպաների պատրաստել Սեն-Սիր ռազմական ակադեմիայում՝ հետագայում այդ թիվը ավելացնելու հնարավորությամբ։ Ֆրանսիան նաև կաջակցի կրտսեր սպայական անձնակազմի պատրաստմանը:
Բացի այդ, Ֆրանսիան Երևան կուղարկի հակաօդային պաշտպանության ոլորտում մասնագիտացած ռազմական խորհրդական։
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընթացիկ և ապագա պաշտպանական գործարքների ֆինանսական մանրամասները մնում են չբացահայտված։
Հետևանքներ
Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը բազմաթիվ առավելություններ է տալիս Հայաստանին։ Դրանք ներառում են սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների դիվերսիֆիկացումը և ռուսական մատակարարումներից կախվածության նվազեցումը: Ավելին, ժամանակակից հրետանային համակարգերի գնման միջոցով Հայաստանը խորհրդային ժամանակների 152 մմ տրամաչափի զինատեսակներից անցում է կատարում աշխարհում ընդունված 155 մմ տրամաչափի:
Այնուամենայնիվ, այս մոտեցումն ունի իր բացասական կողմերը, հատկապես հնդկական արտադրության համակարգերի վերաբերյալ: Որոշ զինատեսակներ դեռ չեն տեղակայվել հնդկական բանակում, և Հայաստանը հանդիսանում է առաջին գնորդը, կարող է նույնիսկ լինել առաջին օգտագործողը մարտական իրավիճակներում: Դրանց արդյունավետության, դրական և բացասական կողմերի ճշգրիտ գնահատում կարող է իրականացվել միայն մարտական օգտագործումից հետո:
Թեև որոշ ռուս վերլուծաբաններ կարող են պնդել, որ միատեսակությունը կարևոր է, քան նորարարությանը, սակայն հայկական համատեքստում նորարարությունն ավելի կարևոր է և նոր զինատեսակները բանակում, ի վերջո կարող են ստանդարտացվել:
Անցումը ժամանակակից սպառազինության համակարգերի ներառում է ինչպես քարշակային, այնպես էլ ինքնագնաց հրետանու տարբերակների ձեռքբերում, որոնք արտադրված են Հնդկաստանում: Սա ներառում է նաև 122 մմ, 300 մմ տրամաչափերի հրթիռային հրետանի և նոր՝ 214 մմ տրամաչափի ներդրում, որոնց մի մասը հանդիսանում են ուղղորդվող հրթիռներ: Նման անցումը մի շարք բարդություններ է պարունակում, այդ թվում՝ անձնակազմի պատրաստում, նոր սարքավորումների հարմարեցում, վերանորոգում և պահեստամասեր, նյութատեխնիկական ապահովում և զինամթերքի կառավարում: Այս գործընթացը պահանջում է մեծ նախապատրաստական ժամանակ, ամուր պայմանագրային հարաբերություններ մատակարար գործընկերների հետ, այս դեպքում՝ Հնդկաստանի, և Հայաստանի ներսում զինամթերք արտադրելու հնարավորություն (հիմնականում՝ 155 մմ):
Շատերը քննադատել են Հայաստանի կողմից այնպիսի համակարգերի ձեռքբերումը, որոնք անհամատեղելի են այն համակարգերի հետ, որոնք հայկական բանակն օգտագործում է շուրջ 30 տարի: Սակայն այդ համակարգերն ու դրանց զինամթերքը հիմնականում արտադրվում են Ռուսաստանում։ 2022 թվականից ի վեր Ռուսաստանը բախվում է զինամթերքի դեֆիցիտի հետ և դիմել է Հյուսիսային Կորեային՝ նրա զինապահեստներից մեծ քանակությամբ գնելու նպատակով, իսկ ավելի փոքր ծավալով ձեռք է բերել Իրանից։
Ճիշտ մոտեցման դեպքում, Հայաստանը կարող է մինչև 2026 թվականն ավարտել հրետանու և հակաօդային պաշտպանության նոր համակարգերի ինտեգրման և հարմարեցման գործընթացը։
Դա վերաբերում է նաև ֆրանսիական արտադրության զենքերին և սարքավորումներին։ Հայաստանում օդային թիրախների հայտնաբերման նման ռադարներ չեն եղել. դրանք կարող են ինտեգրվել Հայաստանի գործող ՀՕՊ համակարգերին, ինչպես նաև Ֆրանսիայից և Հնդկաստանից ստացվելիք համակարգերին։ Հայաստանը պատրաստվում է Ֆրանսիայից ձեռք բերել մոտակա հեռահարության հակաօդային պաշտպանության «Միստրալ» համակարգեր։ Սրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն վերջին սերնդի մոդելները և ակնկալվում է, որ հայկական բանակի զինանոցում զգալիորեն կգերազանցեն իրենց խորհրդային-ռուսական անալոգներին:
Ինչ վերաբերվում է զրահապատ մեքենաներին, կարևոր է գնահատել դրանց որակն ու առավելությունները՝ համեմատած Հայաստանի զինապահեստում առկա ՈւԱԶ մեքենաների և ԳԱԶ-Սադկո բեռնատարների հետ՝ հիմնական շեշտը դնելով անձնակազմի պաշտպանվածությունն ապահովելու կարողությունների վրա:
Ամեն դեպքում, Հայաստանը պետք է անցնի իր ռազմական արդիականացման և սպառազինությունների ձեռք բերման աղբյուրների դիվերսիֆիկացման այս բարդ գործընթացը:
Էդուարդ Առաքելյան
Վերլուծաբան
ԺԱՏԿ