Եկեղեցու դեմ արշավը, կիրառվող պատմույթները և գործիքները սպառնալիք են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը

Եկեղեցու դեմ արշավը, կիրառվող պատմույթները և գործիքները սպառնալիք են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը

05.06.2025

 

Արամ Թադևոսյան

 

Մայիսի 29-ին կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին նշեց, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են («чулан»-ը ռուսերեն բառ է, որ նշանակում է պահասենյակ, հին, անպետք իրերի պահման վայր)։ «Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն [մահճակալ] է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել»,- ասաց Փաշինյանը։

 

Այդ բառերին հետևեց բարձրաստիճան մի շարք հոգևորականների արձագանքը, որն իր հերթին առիթ դարձավ վարչապետի և իշխող ուժի այլ ներկայացուցիչների կողմից եկեղեցականների դեմ արշավի։ Արշավն ուղեկցվեց վերջերս իշխող վերնախավի մոտ շատ կիրառելի դարձած վիրավորական բառերով, բարոյական և կրոնական բնույթի մեղադրանքներով։

 

Վիրավորանքներ հոգևորականության հասցեին

 

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի օր շարունակ աստվածաշնչյան տարբեր մեջբերումներ է տեղադրում և հոգևորականության ինտիմ կյանքին վերաբերող գրառումներ անում։

 

Ցնցող էր Փաշինյանի մայիսի 30-ի անհասցե գրառումը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նույնիսկ Հայաստանի պայմաններում, որտեղ թիրախավորող, վիրավորական, խտրական քաղաքական խոսույթը տարածված է, վարչապետի բառերը անսպասելի և շոկային էին։ Վարչապետի այս գրառումը Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության դեմ լայնածավալ արշավի ազդակ էր, որին միացան իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ, իշխանամետ մի շարք գործիչներ։ Իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցներն ակտիվ տարածում են նրանց կողմից առաջ քաշվող պատումները։

 

Առավել կոշտ բառապաշար է կիրառում վարչապետի կին Աննա Հակոբյանը, որն առանց անուններ տալու, որոշ հոգևորականների վերագրում է ծանր հանցագործություններ, ինչպիսիք են մանկապղծությունը և կրիմինալը։ Նա գրեց․ «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են․․․»։ Նույն տեքստում, ակնհայտորեն ի նկատի ունենալով կաթողիկոս Գարեգին Բ-ին, նրան անվանում է «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզ»։ Պետք է ընդգծել, որ Հայաստանում որևէ հոգևորականի մեղադրանք չի առաջադրվել մանկապղծության կամ այլ քրեորեն պատժելի արարքի համար։

 

Ներխուժում անձնական կյանք և սպառնալիքներ

 

Իշխանություններն իրենց արշավում որպես գործիք կիրառում են եկեղեցական կանոնները, որոնց միջոցով թիրախավորում են այդ կանոնները ենթադրաբար խախտած հոգևորականներին։ Փաշինյանն ֆեյսբուքյան իր պատին մի քանի անգամ անդրադարձավ բարձրաստիճան հոգևորականության կողմից կուսակրոնության ուխտը խախտելուն և դրա հետևանքներին։ Նա ակնարկեց՝ տիրապետում է տվյալների, որ որոշ եպիսկոպոսներ և անձամբ կաթողիկոսը սեռական հարաբերություններ են ունեցել եկեղեցական այդ պաշտոնները զբաղեցնելու ընթացքում։ «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում».- գրել է վարչապետը։

 

Իր դիրքորոշումները հիմնավորելով պնդումով, որ հայ ժողովուրդը, որի մեծ մասը համարվում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, իրավունք ունի քրիստոնեական արժեքներով և կանոններով առաջնորդվող հոգևորականություն ունենալ, վարչապետը համարում է, որ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Նրա կարծիքով՝ եկեղեցական բարձր պաշտոններում բարոյական առումով անհամապատասխան անձանց գտնվելը, զավակ ունեցող մարդու կողմից կաթողիկոսի պաշտոն զբաղեցնելը պետական անվտանգության խնդիր է։

 

Կուսակրոնության թեման պետական նշանակության հարց դարձնելուն հետևեց սպառնալիքը, որ պետությունը կարող է անցնել գործնական քայլերի։ «Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ՝ կամավոր հրաժարակա՞ն տալ, թե՞ ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»,- գրեց Փաշինյանը։

 

Բարձրաստիճան հոգևորականության դեմ արշավի ընթացքում իշխանություններն անթաքույց ներխուժում են մարդու անձնական տարածք, ինչը մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Որպես աշխարհիկ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը և օրենքները գերակա են ցանկացած կրոնական կազմակերպության, այդ թվում Եկեղեցու կանոնադրության նկատմամբ։ Եկեղեցական կարգի խախտման վերաբերյալ կասկածը մարդու ինտիմ կյանքի հանրայնացման պատճառ չի կարող լինել։

 

Միջամտություն եկեղեցու ներքին ինքնավարությանը

 

Հարցերը, որոնք եկեղեցու ներքին կարգավորումների տիրույթում են և որևէ կերպ ենթակա չեն հանրայնացման, վարչապետը դարձնում է հրապարակային խոսույթի մաս, ընդ որում հավակնում է միջամտել եկեղեցու կառավարմանը, որի լիազորությունը չունի։

 

Հայաստանի սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից և օժտված են ներքին ինքնավարությամբ։ Գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի եկեղեցական և բարոյական նորմերը խախտելու կասկածանքով ազդել կաթողիկոսի կամ եպիսկոպոսների նշանակումներին կամ այլ կերպ միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում և կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում, ուղղակի միջամտություն է եկեղեցու ներքին ինքնավարությանը։

 

Դրան անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցին։ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից»։

 

Իշխանությունն առայժմ սահմանափակվում է բառերով և մեդիա արշավներով, բայց մտավախություն կա, որ գործը կարող է հասնել օրենսդրական միջամտության, ինչը հակաժողովրդավարական քայլ կլինի և ուժեղ հարված կրոնական ազատությանը Հայաստանում։

 

Մանիպուլյացիա և ուշադրության շեղում

 

Կիրառված բառապաշարի և լիազորությունների խախտման համար վարչապետին և նրա թիմակիցներին քննադատեցին ոչ միայն ընդդիմությունը և եկեղեցին, այլև բազմաթիվ հանրային գործիչներ, քաղհասարակության կազմակերպություններ։ Օրինակ՝ հասարակական 17 կազմակերպություն համատեղ հայտարարություն տարածեց «դադարեցրեք կանանց շահագործումը քաղաքական հակամարտություններում» վերնագրով, որտեղ խստորեն դատապարտում են «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սոցիալական ցանցում արված հայտարարությունը, որում նա թիրախավորում է հոգևորական գործչի ենթադրյալ զուգընկերոջը՝ հրապարակելով նույնականացնող տվյալներ և վերածելով պասիվ սեռական օբյեկտի՝ հոգևոր գործիչին վարկաբեկելու նպատակով»: Կազմակերպությունները պահանջում են Փաշինյանից հեռացնել գրառումը և հանրային ներողություն խնդրել։

 

ԵԱՀԿ/ՀԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետների խմբի անդամ Իզաբելլա Սարգսյանը ևս քննադատեց վարչապետի գրառումները՝ նշելով․ «Եթե պետությունը սկսի միջամտել կրոնական կազմակերպությունների սոցիալական դոգմաներին՝ դրանք որակելով բարոյական կամ անբարոյական, կկանգնի այնպիսի անլուծելի հարցերի առաջ, որ կփոշմանի, որ առհասարակ թեմա է բացել: Կարո՞ղ է մուսուլման կինը մազերը չփակել, կարո՞ղ է հրեան շաբաթ օրը աշխատել, կարո՞ղ է կաթոլիկ կինը աբորտ անել, կարո՞ղ է եզդին իր համայնքից դուրս ամուսնանալ, կարո՞ղ է հավատացյալը գեյ լինել, կարո՞ղ է կինը խորան բարձրանալ, կարո՞ղ է սիքխը մազերը կտրել»։

 

Ակնհայտ է, որ իշխանություն – եկեղեցի հակամարտության պատճառները քաղաքական են։ Գործող իշխանությունները և Եկեղեցու վերնախավը հակասություններ ունեն շատ, այդ թվում Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում։ Գլխավոր ընդդիմադիրներից մեկը արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն է։ Իշխանությունն ի դեմս կաթողիկոսի և եպիսկոպոսների տեսնում է հերթական քաղաքական հակառակորդների, որոնց դեմ կիրառում է հասանելի ողջ գործիքակազմը։

 

Այնուամենայնիվ, ամենանհանգստացնողն այն է, որ իշխանական կուսակցությունն ու անձամբ վարչապետը խթանում են այս խզումը՝ կիրառելով ագրեսիվ մեթոդներ, որոնք վտանգում են թե՛ ժողովրդավարական նորմերը, թե՛ կրոնական ազատությունը։ Իրավիճակը կայունացնելու փոխարեն՝ նրանք հաճախ ավելի են սրում լարվածությունը՝ օգտագործելով բաժանարար հռետորաբանություն և անձերի թիրախավորումներ՝ վտանգավոր օրինակ ծառայելով քաղաքական բանավեճի համար։ Այս վարքագիծը խաթարում է ազգային կարևոր հարցերի շուրջ համախմբման ջանքերը և սպառնում խորացնել հասարակության ներսում առկա պառակտումները՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար վճռորոշ փուլում։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է: