Հայաստանի իշխող կուսակցության սեքսիզմի խնդիրը

Հայաստանի իշխող կուսակցության սեքսիզմի խնդիրը

15.09.2025

 

Տիգրան Գրիգորյան և Տաթև Ղազարյան 

#DemocracyWatch  - 2025-ի սեպտեմբերի 8-ին Հայաստանի քաղաքական խոսույթը հասավ նոր ցածրակետի, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցւոմ անձնական և սեքսիստական հարձակում գործեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի վրա։

Ավելի վաղ՝ Բաքվում պահվող հայ գերիների թեմային նվիրված Թովմասյանի ասուլիսի ժամանակ Հովհաննիսյանը ռեպլիկ էր թողել՝ լրագրողներին հորդորելով Թովմասյանին հարցնել, թե ինչու նա չի ներկայանում խորհրդարանի նիստերին։

Թովմասյանն ավելի ուշ նամակով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովհաննիսյանին մեղադրելով իր խորհրդարանական աշխատանքը խոչընդոտելու և լրագրողների իրավունքները խախտելու մեջ։ Նա նաև պահանջել է, որ Հովհաննիսյանը ամեն օր թմրամիջոցների թեստ հանձնի՝ խորհրդարան մուտք գործելուց առաջ։

Սեպտեմբերի 8-ին Հովհաննիսյանի հայտարարությունը լայնորեն ընկալվեց որպես զրպարտչական և սեքսիստական, երբ նա բաց տեքստով ակնարկեց, թե Թովմասյանը սեփականությունը ձեռք է բերել սեռական ծառայությունների դիմաց․
 

«Դուք լրագրող եք բոլորդ, ոչ մեկ իրեք-չորս հատ տուն չունեք չէ՞ Հյուիսիսային պողոտայում: Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանանք՝ էդ չորս հատ տունը իրան որտեղից»,-  ասել էր Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով նախկին լրագրող Թագուհի Թովմասյանին։

Թովմասյանը հերքեց, թե չորս բնակարան ունի՝ հայտարարելոով, որ Հովհաննիսյանին դատի է տալու զրպարտության համար։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դատապարտում է Արթուր Հովհաննիսյանի հռետորաբանությունը․

«Հայաստանի քաղաքական դաշտի դիսկուրսում տեղի ունեցողը պարզապես անընդունելի է։ Կանանց դեմ թիրախավորված, զրպարտչական, սեքսիստական խոսքը նորմալացվել է և լիովին արտացոլում է պատրիարխալ մտածողությունը։ Հատկապես թիրախավորվում են կանանց անձնական կյանքը, սեռականությունը, ներքնազգեստը և վարքագիծը։ Այս միտումները միշտ էլ եղել են, բայց ամենաանհանգստացնողն այն է, որ այս հռետորաբանությունը տարածվում է քաղաքական ամենաբարձր հարթակներում նստած տղամարդ քաղաքական գործիչների կողմից։ Սա ոչ միայն կոպիտ էթիկայի խախտում է, այլև կնատյացության դրսևորում»։

Սեքսիստական հռետորաբանության նախադեպեր

Առաջին անգամ չէ, որ իշխող կուսակցության պատգամավորները սեքսիստական բառապաշարով  հարձակվում են կին քաղաքական գործիչների և կին լրագրողների վրա։ Մի քանի ամիս առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել մի կին լրագրողի հարցին՝ նրան ասելով «շուրթերդ մաքրիր»։ Մինչ այդ էլ նա նվաստացնող այլ արտահայտություններ էր արել՝ լրագրողին հորդորելով «գնալ վարսավիրանոց», իսկ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին էլ ծաղրելով՝ ասել էր, որ նա պետք է խոսի փաստերով, օրինակ՝ նշելով մոր ու «անհայտ հոր» անունները։

Չնայած լրագրողների և քաղաքացիական հասարակության լայն քննադատությանը և էթիկայի քննության պահանջներին, Էթիկայի որևէ հանձնաժողով չձևավորվեց, Քոչարյանը ներողություն չխնդրեց, նրա խոսքերը որևէ հետևանք չունեցան։ 

Այս նախադեպը հուշում է, որ ինչպես Անդրանիկ Քոչարյանը, այնպես էլ նրա կուսակից Արթուր Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ պատասխանատվություն չեն կրի սեքսիստական և անվայելուչ հռետորաբանության համար։

Ինստիտուցիոնալ հանդուրժողականություն կնատյացության նկատմամբ

Թեև Թագուհի Թովմասյանի՝ Հովհաննիսյանին թմրանյութերի թեստ հանձնելու պահանջը նույնպես տխուր փաստ է և չի նպաստում խորհրդարանում բովանդակային բանավեճին, այն որևէ կերպ չի հասնում Հովհաննիսյանի սեքսիստական հարձակման լրջությանը։ Նրա խոսքերը շարունակությունն են այն վտանգավոր միտման, երբ իշխող կուսակցության պատգամավորները քաղաքական հարցերի փոխարեն դիմում են գենդերային վիրավորանքների։ Թովմասյանի կերպարի սեռականացմամբ Հովհաննիսյանը փորձեց հրապարակավ նվաստացնել նրան և վարկաբեկել որպես օրենսդիր։

Այն հանգամանքը, որ նախորդ դեպքերը, օրինակ՝ Քոչարյանի հայտարարությունները, չվերածվեցին ներողության, Էթիկայի հանձնաժողովի քննության և որևէ հետևանքի, վկայում է ինստիտուցիոնալ հանդուրժողականության մասին։ Այս վարքագծի հանդեպ պատժի բացակայությունը նորմալացնում է ոտնձգությունը և կնատյացությունը հայաստանյան քաղաքականության մեջ՝ էապես բարդացնելով կանանց համար քաղաքական մասնակցությունը։ Անհետևանք նման հարձակումները շարունակելու են քայքայել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ և կանանց զերծ պահել քաղաքական ներգրավվածությունից։

Այս միտումը ցույց է տալիս նաև ժողովրդավարական արժեքների, ներառականության և հանդուրժողականության պակասը Հայաստանի քաղաքական էլիտայի՝ հատկապես իշխող կուսակցության ներսում։ Հովհաննիսյանի կուսակիցների լռությունը ևս ապացուցում է, որ սեքսիզմը քաղաքական դաշտում մեկանգամյա դրսևորում չէ, այլ համակարգային խնդիր, որը լռելյայն հանդուրժվում է իշխող մեծամասնության կողմից։ Կուսակցական հավատարմությունն ու ներքին կարգապահությունը գերադասվում են սկզբունքային դիրքորոշումներին։ Սա ոչ միայն լուրջ խոչընդոտ է իրական պլյուրալիզմի և գենդերային հավասարության համար, այլև մեծ արգելք Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի  և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնություն է։


Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: