2018-25. համայնքներ, որտեղ ընտրարդյունքը «չի արժանացել» կառավարության գոհունակությանը

2018-25. համայնքներ, որտեղ ընտրարդյունքը «չի արժանացել» կառավարության գոհունակությանը

25.03.2025

 

Տաթևիկ Ղազարյան

 

2018-ի քաղաքական իրադարձություններից հետո համայնքներում նոր թափ առան տեղական ժողովրդավարական փոփոխությունները։ Ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ առանձին մարզերում և համայնքներում կար անհրաժեշտություն հետևելու ԱԺ ընտրություններին և ձևավորելու նոր տեղական իշխանություններ՝ հաշվի առնելով առաջ եկած նոր իրողությունները։

 

Բացի այդ, համայնքները 2016-ից սկսած՝ ըստ փուլերի, սկսեցին խոշորանալ՝ միավորվելով վարչական շրջանների հետ։ Սա հանգեցրեց կառավարման նոր մոդելի ներդրմանը համայնքներում, և ՏԻՄ համամասնական ընտրակարգի ընդլայնմանը։ Հիմնական խոշորացումն ու մեծ ծավալի համայնքային ընտրությունները տեղի ունեցան 2021-ի դեկտեմբերի 5-ին։ Սակայն ի տարբերություն ԱԺ համապետական ընտրությունների՝ իշխանությունները չկարողացան ձևավորել բացարձակ մեծամասնություն։

 

Դրա պատճառներից էր այն, որ իշխանությունները դեռ չէին հասցրել ստեղծել համապատասխան քաղաքական թիմեր՝ 30 տարիների ընթացքում ձևավորված տեղական քաղաքական թիմերի դեմ պայքարելու համար։ Իշխող ուժի հաղթանակները համայնքներում պայմանավորված էր հեղափոխական էյֆորիայով և նախկին քաղաքական ուժերի հանդեպ ձևավորված անվստահությամբ։

 

Համայնքների ընտրողները հնարավորություն ունեն անմիջականորեն շփվելու իրենց կողմից արդեն իսկ ճանաչելիություն ունեցող թեկնածուների հետ, ինչը հաջողությամբ կիրառեցին նաև նոր իշխանությունները։ Նրանք նախընտրական ցուցակներում ներգրավեցին հեղինակություն ունեցող անձանց, այդ թվում՝ 10-20 տարի շարունակ կառավարած գյուղապետերի։ Քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում բնակավայրերի վարչական ղեկավարները հաճախ նշանակվում են համայնքապետերի կողմից, ինչը տեղական քաղաքական «առևտրի» օրինակ է. ցուցակներում որևէ անձի ընդգրկվելը բերում է ընտրազանգվածի կողմնորոշում, իսկ այդ անձը, իր հերթին, ստանում է վարչական պաշտոն։

 

Սակայն սա միակ մեխանիզմը չէր, որին դիմեցին գործող իշխանությունները։ Այն համայնքներում, որտեղ նրանք չկարողացան տեղական իշխանություն ձևավորել, առաջացավ կառավարման ճգնաժամ։ Եթե ավագանու անդամները, չկարողանալով մեծամասնություն կազմել, հրաժարվում էին իրենց մանդատներից, ապա մյուս խմբակցությունները ևս չէին կարողանում կոալիցիա կազմել, ինչի արդյունքում Կառավարության և ԿԸՀ որոշմամբ հայտարարվում էին նոր ընտրություններ։

 

Նկատենք, որ պետական բյուջեից միջինը 33-34 մլն դրամ է ծախսվում մեկ համայնքում ընտրությունների կազմակերպման համար։ Երկրորդ ընտրական փուլում իշխանությունները սկսեցին առավել ակտիվ օգտագործել վարչական ռեսուրսները՝ մեծամասնություն կազմելու նպատակով։ Այդպիսի համայնքների օրինակներից են Վեդին, Անին, Սիսիանը և Թալինը։

 

Որոշ համայնքներում իշխանությունները փորձեցին այլ խմբակցություններից ավագանու անդամների «փախցնել» իրենց խմբակցություն՝ ապահովելով մեծամասնություն (օրինակ՝ Ալավերդիում, Ախուրյանում, Ամասիայում և Երևանի վերջին ընտրություններում)։

 

Կային նաև այլ հետաքրքիր օրինակներ, երբ իշխանություն ձևավորել չստացվեց, սակայն իշխանությունները փորձեցին ազդեցություն ունենալ ընդդիմադիրների վրա քրեական հետապնդումների և դատական գործընթացների միջոցով (օրինակ՝ Գորիսում, Վանաձորում և Գյումրիում)։

 

ԱԺ համապետական ընտրություններից անմիջապես հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր.

«Այսօրվա ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»։

 

Սա արդեն կարելի է համարել կենտրոնական իշխանությունների կողմից ուղիղ նախազգուշացում՝ նախքան քաղաքական և քրեական հետապնդումների մեկնարկը։

 

Քաղաքական և քրեական հետապնդումները համայնքներում ՔՊ-ի կամ կենտրոնական իշխանությունների կողմից

 

Անդրադառնանք ամենաթարմ զարգացող իրադարձությանը՝ Գյումրիի 2025-ի մարտի 30-ին սպասվող արտահերթ ընտրությանը՝ հետահայաց նայելով պատճառահետևանքային կապին։

 

2021-ի հոկտեմբերի 17-ի Գյումրիի ընտրությունների արդյունքում Բալասանյան դաշինքը ավագանու կազմում զբաղեցրեց 14 մանդատ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 11, Զարգացում և քաղաքացիական կողմնորոշումը (ԶԱՔԿ)՝ 4, Ապրելու երկիրը և ՀՀԿ-ն՝ 2-ական, իսկ Բարգավաճ դեմոկրատական կուսակցությունը (ԲԴԿ)՝ 1 մանդատ։ Այսպիսով, քաղաքական որևէ ուժ բացարձակ մեծամասնություն չհավաքեց։ Այդ պահին առաջատար Բալասանյան դաշինքին երեք մանդատ էր պակասում, որպեսզի դառնար կայուն մեծամասնություն։ Սակայն ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրեցին, որի արդյունքում քաղաքի կառավարմանը մասնակցեց նաև ՔՊ-ն, ներկայացնելով երկու փոխքաղաքապետ։

 

Այս կոալիցիոն կառավարումը տևեց գրեթե երեք տարի, սակայն ինչ-որ պահից ՔՊ-ն միակողմանիորեն խզեց Բալասանյան դաշինքի հետ հուշագիրը՝ պատճառաբանելով, որ քաղաքում ստվերային կառավարում է իրականացվում։ Այսպիսով, ՔՊ-ն դուրս եկավ կոալիցիայից և դիրքավորվեց որպես ընդդիմություն։ Դրանից ամիսներ անց սկսվեցին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավոր անձանց նկատմամբ քաղաքական և քրեական հետապնդումները։ Նախ՝ նրա որդուն՝ Միսակ Բալասանյանին, ետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Մյուս որդուն՝ գործարար Խաչատուր Բալասանյանին, ձերբակալեցին նրա և նրա մերձավոր ազգականի հետ առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակներում։ Վերջին քայլը Սամվել Բալասանյանի ձերբակալման որոշումն էր։

 

Այսպիսով, Բալասանյանների նկատմամբ քաղաքական և քրեական հետապնդումների արդյունքում գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորած դաշինքի ավագանու անդամները սկսեցին վայր դնել իրենց մանդատները՝ առանց հրապարակային բացատրությունների։ Սա քաղաքում հանգեցրեց կառավարման ճգնաժամի, որի լուծումը տվեց ՀՀ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։ Սա, սակայն, հակասում էր այդ պահին գործող ՏԻՄ օրենսդրությանը, բայց ԱԺ-ում ՔՊ-ի նախաձեռնությամբ վարչապետին լիազորեցին ԺՊ նշանակելու համար օրենսդրական փոփոխություն կատարել։ Փաստացի այս գործընթացով նախքան ընտրությունները չեզոքացվեց քաղաքային իշխանությունը՝ ՔՊ-ին տալով վարչական ակնհայտ առավելություն գալիք ընտրություններում։ Բացի այդ, կրկին ապահովվեց կենտրոնական իշխանությունների ուղիղ միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մեջ՝ հարցականի տակ դնելով Գյումրիի ինքնակառավարումը, քանի որ պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ի թեկնածուն գալիք ընտրությունների համար։

 

Գորիս

 

Գորիսում պատկերը այլ է։ 2017-ից ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը 2021-ին մասնակցեց ԱԺ համապետական ընտրություններին՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Քարոզարշավի ընթացքում աչքի ընկավ իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ։

 

Նախքան ԱԺ համապետական ընտրությունները, դեռ 2019-ին, ՀՀ կառավարությունը Գորիսը ճանաչել էր որպես լավագույն համայնք։ Այդ ժամանակ կենտրոնական իշխանությունների հետ առճակատումներ չէին դիտարկվում։ Սակայն 2021-ի համայնքային ընտրություններից չորս ամիս առաջ Առուշ Առուշանյանը ձերբակալվեց դատախազության միջնորդությամբ և ԿԸՀ համաձայնությամբ։ Այդ շրջանում նաև կալանավորվեցին Մեղրիի համայնքի հրաժարական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։

 

Չնայած այդ հանգամանքին՝ Առուշ Առուշանյանի դաշինքը մասնակցեց ընտրություններին և ստացավ կայուն մեծամասնություն.

  • Առուշ Առուշանյանի դաշինք՝ 13 մանդատ,
  • ՔՊ՝ 7 մանդատ։
  • ՀԱԿ՝ 1 մանդատ,

 

Գորիսում համայնքապետի ընտրությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ դատարանը Առուշանյանին արդարացրեց։ Սակայն դատարանը նրան հինգ տարով զրկեց ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից, բայց ավագանին կրկին ընտրեց նրան։ Չնայած դրան, հետապնդումները չդադարեցին, և նոր մեղադրանք առաջ քաշվեց։ Այս փուլում նախկին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նույնիսկ հանրային հորդորում էր Գորիսի ավագանուն անվստահություն հայտնել Առուշանյանի նկատմամբ։

Արդյունքում իշխանությունները չկարողացան իշխանափոխություն իրականացնել կամ նոր ընտրություններ կազմակերպել, բայց կարողացան Գորիսի ընդդիմադիր համայնքապետի լոյալությունը ձեռք բերել, ինչի հետևանքով նախկին առճակատումները մոռացության մատնվեցին։

 

Վանաձոր

 

Վանաձորում ևս ընտրություններից հետո չի հաջողվել ձևավորել լիարժեք ՏԻՄ մարմիններ։ 2021-ի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում.

  • Մամիկոն Ասլանյան դաշինքը ստացել է 15 մանդատ,
  • Քաղաքացիական պայմանագիրը՝ 9 մանդատ,
  • Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ,
  • Հայրենիք և Ապրելու երկիր կուսակցությունները՝ 2-ական մանդատ։

 

Քանի որ ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չուներ, պետք է ձևավորվեր կոալիցիա։ Սակայն նախքան բանակցությունների մեկնարկը ձերբակալվեց ամենաշատ մանդատներ ստացած ուժի ղեկավարը՝ Մամիկոն Ասլանյանը։

 

Ըստ Քննչական կոմիտեի, 2016-2021 թվականների ընթացքում Մամիկոն Ասլանյանը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է, կատարել է պաշտոնեական կեղծիք և այլ հանրորեն վտանգավոր արարքներ։ Ասլանյանը, սակայն, պնդում էր, որ ընտրություններից հետո իշխանությունների կողմից իրեն քաղաքական առաջարկ է արվել, իսկ մերժումից հետո սկսվել է քրեական հետապնդումը։ Նա 2 տարի 7 ամիս անցկացրեց կալանքի տակ։

 

Վանաձորում տարիներ շարունակ համայնքապետ չընտրվեց, նախ՝ դատարանը արգելեց ավագանու նիստ հրավիրել, այնուհետև Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումը մեկ մանդատի վերաբերյալ դատարանում անընդհատ ձգձգվեց։ Վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին, որը համայնքը ղեկավարում է արդեն չորս տարի։

 

Այստեղ ակնհայտորեն տեղի ունեցավ ավագանու դերի ստորադասում և կենտրոնական իշխանությունների ճնշում, ինչը բացասական ազդեց Վանաձորի կառավարման վրա։ Փաստացի, բնակչությունը քվեարկել էր մեկ ուժի օգտին, բայց համայնքը կառավարվում է այլ ուժի կողմից։

 

Բերդ

 

2022-ի սեպտեմբերին Բերդ համայնքի ընտրություններին «Զորավոր համայնք» դաշինքը, որը ղեկավարում էր նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ստացավ ամենաշատ ձայները՝ 11 մանդատ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 8 մանդատ, և «Արժանապատիվ սերունդը»՝ 2 մանդատ։ Այս արդյունքով «Զորավոր համայնքը» հնարավորություն ուներ ձևավորելու համայնքի իշխանությունը։ Սակայն քրեական հետապնդումները հանգիստ չթողեցին։

 

Ի դեպ, Մանուչարյանը ընտրապայքարի ժամանակ արդեն իսկ ձերբակալված էր, բայց դա չխաթարեց նրա թիմի հաղթանակը։ Եվ ավագանու 1-ին նիստից մեկ ամիս առաջ, ազատ արձակվելով բանտից, նրան նորից ձերբակալեցին նախքան ավագանու նիստը։ Նա հասցրել էր ինքնաբացարկ ներկայացնել, և ավագանու այն նիստը, որը պետք է համայնքապետ ընտրեր, միայն սիմվոլիկ նշանակություն էր ունենալու Մանուչարյանի մասնակցությամբ։ Իհարկե, քաղաքական սցենարը փոփոխվեց. եթե նախկինում կարող էին ՔՊ-ի հետ համաձայնության գալ, ապա այս դեպքում, օգտվելով իրենց մեծամասնությունից, «Զորավոր համայնք» դաշինքը Աստղիկ Հակոբյանին 11 ձայներով ընտրեց համայնքապետ։

 

Այս իրավիճակը ցույց տվեց, որ կուսակցական քաղաքական բալանսը փոխվել է, սակայն իշխանությունները շարունակում են միջամտել գործընթացին։

 

Մանուչարյանի ձերբակալությունից հետո նաև նրա կուսակիցներից մեկը՝ Սամվել Հովսեփյանը, որը կատարմամբ ստանձնել էր համայնքապետի պարտականությունները, նույնպես կալանավորվեց։ Այս զարգացումները մի կողմից ցույց են տալիս, որ քաղաքական ուժերը փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը, իսկ մյուս կողմից՝ վերադառնում է դատախազության և իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությունը։

 

Ալավերդի

 

2022-ի ընտրությունների արդյունքում Ալավերդի համայնքում քաղաքական իրավիճակը բավականին բարդ էր, քանի որ ՔՊ-ն ստացավ 13 մանդատ, Ապրելու երկիրը՝ ևս 13 մանդատ, իսկ ՀԱԿ-ը՝ 1 մանդատ։ Ըստ այդմ, առաջացավ հավասարակշռված քաղաքական իրավիճակ, բայց նաև առաջացան բազմաթիվ հակասություններ և անհամաձայնություններ։

 

Ընտրություններից հետո Ապրելու երկիրը և ՀԱԿ-ը որոշեցին կոալիցիա կազմել և առաջադրեցին Արկադի Թամազյանին որպես համայնքապետի թեկնածու։ ՔՊ-ի թեկնածուն՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, չնայած իր հայտադրման, չէր ընտրվել։ Կոալիցիայի կազմումը և Թամազյանի առաջադրումը ներկայացրեցին մի նոր քաղաքական իրավիճակ՝ ինչը ստեղծեց հետագա խառնաշփոթներ։ 2023-ի հուլիսի 28-ից սկսած՝ ՔՊ-ի խմբակցությունը հրաժարվեց մասնակցել ավագանու նիստերին՝ քվորում չապահովելով և տապալելով դրանք։

 

2023-ի դեկտեմբերի 5-ի ավագանու նիստում տեղի ունեցան կարևոր զարգացումներ։ ՔՊ-ի խմբակցությունը, հաջողությամբ մեկ ձայն ձեռք բերելով, փոխեց մեծամասնության կազմը։ Այս փոփոխությունը թույլ տվեց ՔՊ-ի թեկնածու Ղումաշյանին ընտրվել համայնքապետ։ Նիստում ՔՊ-ի կողմը նախ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնեց, և տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն՝ որի արդյունքում իշխանությունը փոխվեց և Ղումաշյանն ընտրվեց համայնքապետ։ Թամազյանի խմբակցությունը դուրս մղվեց նիստից։

 

Այս ընթացքում ոստիկանության ներգրավվածությունը դարձավ կարևոր իրադարձություն։ Նրանք ներգրավվեցին որպես քաղաքական գործիք՝ թույլ չտալով Արկադի Թամազյանին և նրա թիմին մասնակցել նիստին։ Սա իրավապահ մարմինների կողմից օրենքի շրջանցում էր և ցույց էր տալիս, թե ինչպես կարող են իրավապահները օգտագործվել քաղաքական նպատակներով՝ անկախ օրենքի համապատասխանությունից։

 

Ալավերդու համայնքում տեղի ունեցած զարգացումները ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի քաղաքական համակարգի խճճվածությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում։ Այս իրավիճակը վկայում է քաղաքական ուժերի մանիպուլյացիայի, պառակտումների և փոխանակումների մասին, որոնք իրենց ներգործություն են ունենում հասարակական կյանքի վրա։ Անվստահության գործընթացը և նրան հաջորդող բռնի իշխանափոխությունը ապացուցում են, որ տեղական քաղաքական գործիչները, իրենց հաշվարկներով ու ուժային միջոցներով, կարող են տեղափոխել իշխանությունը անօրինական գործողություններով։

 

Վերջապես, այս դեպքը հատկանշական է այն տեսանկյունից, որ այն ցույց է տալիս, թե որքան կարևոր է տեղական ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը՝ քաղաքացիների իրազեկվածության և քաղաքական անցանկալի գործողությունների կանխարգելման համար, ինչը հնարավորություն կտա հստակ տարանջատել և գետնի վրա իրականացնել տեղական ինքնակառավարումը՝ անկախ կենտրոնական իշխանական մարմիններից։

 

Այսպիսով, 2018-ին իշխանության գալով, կառավարող թիմը, չունենալով համայնքներում անհրաժեշտ ռեսուրսներ, դիմեց ոչ ժողովրդավարական ճանապարհներով իշխանությունը զավթելու։ Համայնքներում, որտեղ կարողացան հնարավորինս իրենց քաղաքական ազդեցությունը դրսևորել, վիժեցրեցին ավագանու նիստերը և գնացին նոր ընտրությունների։ Իրենց վերահսկողության տակ գտնվող վարչական ռեսուրսների միջոցով՝ նոր ընտրություններում գրանցեցին հաջողություններ կամ փորձեցին դատական իշխանության միջոցով քրեական հետապնդումներ սկսել իրենց հակառակորդների դեմ՝ հասնելով նրանց լոյալությանը իշխանություններին կամ հրաժարականներին։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: