Հայաստանի ձգտումը դեպի ազատություն, ժողովրդավարություն և անվտանգություն

Հայաստանի ձգտումը դեպի ազատություն, ժողովրդավարություն և անվտանգություն

 

 

Ազատության և պետության կողմից ապահովվող անվտանգության միջև բալանսը բանավեճի և փոխզիջման առարկա է դարձել պատմության ընթացքում: Եվրոպայից սկսած և այնուհետև տարածվելով այն երկրներում, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը ավանդաբար արժեքային համակարգի մաս չէին, այս բալանսը զգալի փոփոխության է ենթարկվել: Այս հասարակություններում նորահայտ ազատությունը մարդկանց ավելի ստեղծարար է դարձրել, ինչն էլ առիթ է հանդիսացել արագացված տնտեսական աճի համար։ Սա իր հերթին նպաստել է այդ երկրներում  անվտանգության ամրապնդմանը։ 

 

Սակայն ժողովրդավարությունը ինքնաբերաբար չի հանգեցնում արդյունավետ կառավարման: Կան մի շարք օրինակներ, երբ ժողովրդավարությունները ձախողել են զարգացում և անվտանգություն ապահովել, իսկ ավտորիտար պետությունները հասել են նկատելի տնտեսական հաջողությունների՝ առնվազն  իրենց պատմության որոշ ժամանակահատվածներում։ Չինաստանը թերևս ավտորիտար ռեժիմի ամենակարկառուն  օրինակն է, որը հասել է նշանակալի տնտեսական զարգացման վերջին տասնամյակների ընթացքում։ Մեկ այլ օրինակը Սինգապուրն է, որը  արդյունավետ կառավարման, ռազմավարական պլանավորման և բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու շնորհիվ հասել է զգալի տնտեսական աճի։ Նմանապես, 1960-ականներից 1980-ականները ընկած ժամանակահատվածում՝ ավտորիտար կառավարական համակարգերի գոյության շրջանում, արագ տնտեսական աճ է ունեցել նաև Հարավային Կորեան։ Ավելի ուշ այս տնտեսական աճը ճանապարհ է բացել քաղաքական բազմակարծության և ազատ հասարակության համար՝ ստիպելով շատերին մտածել, որ այդպիսի փոփոխությունները բարգավաճման բնական արդյունքն են։ 

 

Թե ժողովրդավարական, թե ավտորիտար համակարգերի  արդյունավետությունը, անշուշտ, կախված է մի շարք գործոններից։ Այդպիսի գործոններից են այն առանձնահատուկ համատեքստը, որի մեջ գոյություն ունի տվյալ համակարգը, առաջնորդության որակը, հասարակության հետապնդած նպատակները, ինչպես նաև քաղաքացիական մշակույթն ու արժեքային համակարգերը։ Եվ ավորիտատար, և ժողովրդավարական համակարգերն ունեն հստակ ուժեղ և թույլ կողմեր։ 

 

Ավորիտար երկներ. 

 

Ուժեղ կողմեր՝ Ավտորիտար պետությունները կարող են ավելի արագ և վճռականորեն իրականացնել անհրաժեշտ քաղաքականությունը
իշխանության կենտրոնացված բնույթի շնորհիվ: Սա հաճախ հանգեցնում է ավելի մեծ կայունության և վերահսկողության, հատկապես ճգնաժամի կամ արագ զարգացման ընթացքում։ Թույլ կողմեր՝ Պատասխանատվության բացակայությունը և կարծիքների սահմանափակ բազմազանությունը կարող են խոչընդոտել  համակարգում նորարության և ստեղծարար մտածողության  ձևավորմանը։ 

 

Ժողովրդավարական երկներ.

 

Ուժեղ կողմեր՝ Ժողովրդավարությունը  ապահովում է թափանցիկություն և քաղաքական պատասխանատվություն՝ երաշխավորելով անհատական ազատությունները։ Բաց և ազատ հասարակությունը քաղաքացիների մոտ զարգացնում է նորարարությունն ու ստեղծարար մտածողությունը։

 

Թույլ կողմեր՝ Ժողովրդավարական համարգերում քաղաքական որոշումների իրագործումը կարող է լինել ժամանակատար։ Պոպուլիզմը, ընտրական ցիկլից կախվածության վտանգը, ինչպես նաև խարիզմատիկ և դեմագոգիկ առաջնորդների առկայությունը կարող են մանիպուլյացիայի ընթարկել հանրային կարծիքը։ 

 

Կարևոր հարցը այն է, թե որտեղ է Հայաստանը գտնվում ժողովրդավարություն-անվտանգություն  առանցքում, և ինչպես է կարող ազգը շահել ազատության վրա հիմնված իր արժեքներից՝  ապահովելով բարեկեցություն և անվտանգություն։

 

Սերունդներով հայերը ապրել են ավտորիտար ռեժիմների ներքո, ինչպիսիքն էին, օրինակ,  ԽՍՀՄ-ը, ռուսական և օսմանյան կայսրությունները։ Չնայած դրան, հայերը հայտնի էին իրենց ձեռնարկատիրական ոգով և մոբիլությամբ, որոնք լիովին չէին համապատասխանում այս ռեժիմների տոտալիտար բնույթին: Խորհրդային միության փլուզումից հետո Եվրոպան դարձավ շատ հայերի համար ավետյաց երկիր՝ պայմանավորված ազատության, իրավունքների, ձեռներեցության և նորարարության ընդանուր արժեքներով, ինչպես նաև գիտելիքի և գիտության նկատմամբ հարգանքով։ Նմանապես, 2018-ի ապրիլի Թավշյա հեղափոխությունը նոր փոփոխություն բերեց այս ուղղությամբ։ Նույն տարվա վերջին  Հայաստանը The Economist-ի կողմից ճանաչվեց որպես «տարվա երկիր», և շատերը հավատում էին, որ դա Հայաստանը ազատ, բարգավաճող և զարգացած  դարձնելու պահն էր ։ 

 

Այնուամենայնիվ, Հայաստանի ժողովրդավարությունը դեռ իր զարգացման առաջին փուլում է, և ազատությունը բարգավաճման ու անվտանգության վերածելու գործընթացում բազմաթիվ մարտահրավերներ կան։ Երկրի ազգային անվտագության ռազմավարությունը՝ «Դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհումը»-ը հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ և ընդգծում էր ուժեղ և բարգավաճ Հայաստանի դերը՝ որպես սեփական անվտանգության երաշխավոր։ Սակայն Հայաստանը իր նոր սկսվող ժողովրդավարական ճանապարհին հայտվեց գոյաբանական սպառնալիքի առջև, երբ ավտորիտար Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց 2020 թվականի սեպտեմբերին։ Այդ հակամարտությունը ի ցույց դրեց Հայաստանի փխրուն ժողովրդավարության խնդիրները իր քաղաքացիների, մասնավորապես՝ Արցախի հայրենակիցների անվտանգությունը ապահովելու հարցում։

 

Անգամ հիմա՝  պատերազմից երեք տարի անց, ազգը դեռ համակերպվում է այդ իրադարձոթյունների հետ և փորձում է հասկանալ, թե ինչպես է ժողովրդավարական պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու այդքան սահմանափակ հնարավորություններ ունեցել: Հայաստանի պարագայում ժողովրդավարության ինքնաուղղման բնույթը դեռևս արդյունավետ չէ։ Փաստահենք քննադատական վերլուծությամբ պարտության արմատական պատճառները պարզելու փոխարեն կառավարությունը անվտանգային խնդիրները վերագրում է նախկին իշխանությունների կոռուպցիային կամ «հինգերորդ շարասյան» առկայությանը։ Այս մոտեցումը տարբերվում է 1973-ի Յոմ Կիպուրի պատերազմից հետո Իսրայելում տեղի ունեցած զարգացումներից: Այդ դեպքում արդեն կայացած ժողովրդավարությունը ցույց տվեց խնդիրները արագ լուծելու, սխալներից դասեր քաղելու և միջոցներ ձեռնարկելու իր կարողությունը՝ դրանք կրկնելուց խուսափելու համար։ Ի տարբերություն հասուն ժողովրդավարությունների՝  ոչ հասուն ժողովրդավարությունները կարող են դժվարանալ դասեր քաղել  սխալներից։ 


  
Հայաստանում անվտանգության հետ կապված մի քանի հրատապ խնդիրներ կան, որոնք մեծ ուշադրություն են պահանջում։ Դրանք են 2020 թվականի զինադադարի պայմանագիրը, սահմանազատումը, ռազմագերիների հարցը, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, արցախահայության իրավունքերի և անվտագության հարցը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ցավոք, դեռևս չկան լուծումներին ուղղված գաղափարների շուրջ ազգային համախմբվածության նշաններ։

 

Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում, որը սկսվել է 2022 թվականի սկզբին, առանցքային դեր է ունեցել գլոբալ ժողովրդավարական դաշինքը ամրապնդելու հարցում։ Ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, որոնց  Հայաստանը դիմակայում է՝ այս  նոր իրականությունը հնարավություն է ընձեռնում վերջինիս արագացնել իր շարժումը դեպի ընդանուր արժեքների վրա  հիմնված այս դաշինք։ 2022 թվականի սեպտեմբերին Նենսի Պելոսիի Երևան այցելությունը և ամերիկյան ու եվրոպական հաջորդիվ ակտիվ ներգրավվածությունը  Հայաստանի համար աճող  հնարավորություն դարձան։  

 

Այս արտաքին աջակցության համատեղումը կառավարման համակարգի կոնսոլիդացիային և ամրապնդմանը ուղղված ներքին ջանքերի հետ հնարավորություն են տալիս Հայաստանին արագացնել անցումը  դեպի ամուր ժողովրդավարական պետություն։ 

 

Հայաստանը, հիմնվելով ընդհանուր արժեքների վրա,  պետք է ցույց տա այս ժողովրդավարական դաշինքին, որ վերջինս կարող է միայն շահել մեր արժեքային առաջարկից․  ստեղծարար ու զարգացած հասարակություն, որը պետք է  ազատ աշխարհին որպես վստահելի գործընկեր ամենաբարդ տարծաշրջաններից մեկում։  

 

Իսրայելի մոդելը օրինակելի է, քանի որ այն կարողացել է իր աշխարհաքաղաքական խնդիրները տնտեսական առավելությունների վերածել։ Ոչ միայն կառավարությունը, այլև հասարակություն է պետք  սովորի նման օրինակներից։ Իսրայելի առողջ թերահավատության և կառուցողական բանավեճի մշակույթը՝ զուգորդված հաստատակամության ու ոչ ֆորմալության հետ, առանցքային դեր են խաղացել պետականության ամրության  ու հասարակության  դիմակայունության խթանման գործում, ինչը ամրապնդել է երկրի անվտանգությունը։ Երկրում նորարության և ձեռներեցության կենտրոնացումը բարենպաստ հող է ստեղծել ստեղծարարական ստարտափների զարգացման համար։ Հատկանշական է, որ այդ ոգին տարածվել է նրանց բանակի վրա, որը դարձել է տարածաշրջանի ամենակարող ուժը: Բանակը նաև ինկուբատոր է դարձել ինչպես բարձր տեխնոլոգիական ստարտափների, այնպես էլ բիզնես աշխարհի ապագա  առաջնորդների պատրաստման համար։ 

 

Այս սկզբունքները ուսումնասիրելով և իրագործելով՝ Հայաստանը կարող է ստեղծել  ավելի դինամիկ հասարակություն՝ օժտված նորարական, ստեղծարար և ձեռնարկատիրական գաղափարներով։ Նման մոտեցումը տնտեսական աճ և բարգավաճում խթանելու ներուժ ունի՝ միաժամանակ ամրապնդելով երկրի անվտանգությունը։ Այսպիսով, նորարական մտածելակերպի և դեպի ապագան նայող ռազմական մոտեցմամբ Հայաստանը կարող է ավելի ազդեցիկ և դիմակայուն պետություն դառնալ շատ բարդ տարածաշրջանում։  

 

Հարկ է նշել, որ նման մարդահրավերները կարող են նաև նոր հնարավությունների պատճառ հանդիսանալ։ Նման օրինակ է Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստանում ստեղծված չկանխատեսված հնարավությունները։ Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան տեղափոխված մասնագետներն ու բիզնեսները պատճառ են դարձել ՀՆԱ-ի բացառիկ բարձր աճի համար, որը 2022 թվականին կազմել է 12%։ Այս անսպասելի ներհոսքը ծնել է Հայաստանը տաղանդների համար տարածաշրջանային ապահով ապաստան դարձնելու գաղափարը, ինչը կարող է երկրի համար նոր տնտեսական դերակատարում ապահովել։ Նման քայլը կարող է տրանսֆորմատիվ նշանակություն ունենալ երկրի ապագայի համար՝ դարձնելով այն  տաղանդների, նորարաության և բիզնեսների համար գրավիչ վայր։ Այս ամենը իրականություն դարձնելու համար շատ կարևոր է օգտագործել ստեղծված հնարավորությունը և միջազգային մասնագետների ու ձեռներեցների  համար բարենպաստ մթնոլորտը պահպանել՝ երաշխավորելով, որ Հայաստանը զարգացող ու դիմակայուն  տնտեսություն ունենա գալիք տարիներին։ 

 

Հայաստանի իմիջը՝ որպես ազատության կղզյակ բռնապետությունների ծովում, զգալի դեր է ունեցել բարձր որակավորում ունեցող տեխնոլոգիական մասնագետներին հրապուրելու հարցում։ Այնուամենայնիվ, այս փուլում դեպի Հայաստան մարդկային ներհոսքի մեծ մասը պայմանվորված է պատերազմից ապաստան փնտրելու մոտիվացիայով։ Սակայն ճիշտ կառավարման և ռազմավարական  պլանավորման դեպքում Հայաստանը ներուժ ունի ներգրավել տաղանդների ոչ միայն Ռուսաստանից և Ուկրաինայից, այլ նաև Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Հնդկական թերակղզու երկրներից։ Նման ջանքերի հաջողությունը կախված է Հայաստանի արժեքային առաջարկից, որը պետք է ներառի ազատության, ստեղծարարության և նորարարության մթնոլորտի պահպանումը։ Չափազանց կարևոր է հասցեագրել ներգաղթող տաղանդների ինտեգրման ու ասիմիլիացիայի հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով նրանց ներդրումը Հայաստանի զարգացմանը։

 

Ծաղկող և նորարար Հայաստանը աշխարհի համար իդեալական գործընկեր կլինի տարածաշրջանում։ Հետևաբար, սպառնալիքների առկայության դեպքում աշխարհը ավելի հակված կլինի աջակցություն և օգնություն ցուցաբերել Հայաստանին։ 

 

Առաջ շարժվելիս՝ խորհուրդ եմ տալիս, որը Հայաստանը կենտրոնանա մի քանի կարևոր փոխկապակցված ոլորտների վրա. 

 

Անվտանգություն և պաշտպանություն 

 

Հայաստանը կարող է արժեքավոր գաղափարներ  վերցնել այնպիսի պետություններից, ինչպիսիքն են Ֆինլանդիան կամ Իսրայելը, որոնք ցուցադրել են ամուր ասիմետրիկ պաշտպանական և անվտանգային կարողություներ։ Բացի այդ, այս ոլորտում Ուկրաինայի վերջին շրջանի ջանքերը կարող են ևս օգտակար օրինակ ծառայել։ Սովորելով այս երկրների փորձից՝  Հայաստանը պետք է նոր հայեցակարգ ձևակերպի և իրականացնի, որը կներառի ռազմական բարեփոխումները, պահեստազորային հակակարգը, տարածքային պաշտպանությունը, ռազմական արդյունաբերությունը և քաղաքացիական ենթակառուցվածքների աջակցությունը։ 

 


Ժողովրդավարություն և ազատություն

 

Երկրի իմիջը (բռնապետությունների ծովում ժողովրդավարական կղզի) ամրապնդելու համար անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարական ընթացակարգերը և երաշխավորել ազատ ու արդար ընտրութունների անցկացումը։ Օրենքի գերակայության պահպանումը, ինչպես նաև ներկա ու նախկին պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, պետք է լինի առաջնահերթություն։ Ազատ աշխարհի հետ դաշինքների ստեղծումը՝  ներառյալ Եվրամիության (ԵՄ) պոտենցիալ անդամակցության ձգտումը, վճռորոշ է Հայաստանի համար։ 

 

Դիվանագիտություն 

 

Հայաստանը պետք է ընդլայնի իր դաշնակիցների շրջանակը՝ փնտրելով նոր գործընկերներ այնպիսի երկրներում, ինչպիսիքն են Մեձավոր Արևելքի երկրները, Չմիացած երկրների շարժումը (ՉՄՇ), ԵՄ-ն, ինչպես նաև Հնդկաստանը և Չինաստանը։ 2020 թվականի պատերազմը Հայաստանի համար ցավոտ դաս է հանդիսացել իր ներկայիս ընկերների ցանցի սահմանափակ բնույթի հարցում։ Ի հեճուկս մեծ սփյուռքի և բազմաթիվ երկրների հետ բազմադարյա հարաբերությունների առկայությանը՝ Հայաստանը ոչ մի աջակցություն կամ ընկալում չի ստացել Արցախի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում։

 

Տնտեսական զարգացում 

 

Առաջնորդվելով ազատությամբ, նորարարությամբ և ստեղծարարությամբ՝ Երկիրը նոր «ստարտափ ազգ» դառնալու ներուժ  ունի։ Ժողովրդավարական կղզին կարող է վերածվել թարմ գաղափարների կզղու։ Խրախուսելով ձեռնարկատիրական ոգին և կրթության ու հետազոտության մեջ ներդրումներ կատարելով՝ Հայաստանը ստարտափների և նորարության համար   բարենպաստ միջավայր կարող է ստեղծել։ 

 

Կրթություն 

 

Բացի տեխնոլոգիաներից և բնական գիտություններից մենք պետք է բարձրացնենք կրթության մակարդակը քաղաքագիտության, պատմագիտության, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, դիվանագիտության և հարակից այլ ոլորտներում։ Նման ոլորտներում որակյալ կրթության տրամադրումը կնպաստի պատասխանատու քաղաքացիների մի նոր սերնդի ձևավորմանը, որը ի վիճակի կլինի որոշումներ կայացնել՝ հիմնվելով փաստերի, քննադատական մտածողության, փաստահենք վելուծության, առողջ դատողության և տրամաբանության, այլ ոչ թե զգացմունքերի կամ առասպելների վրա։ 

 

 

 

Դավիթ Հակոբյան


Հովածը գրվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Հասկանալով ժողովրդավարության ու անվտանգության կապը հայաստանյան համատեքստում» ծրագրի շրջանակում։