Մեծացնել վստահությո՞ւնը, թե՞ լսարանը․ հայկական մեդիայի բարդույթների շուրջ

Մեծացնել վստահությո՞ւնը, թե՞ լսարանը․ հայկական մեդիայի բարդույթների շուրջ

20.02.2024

Հայաստանի հանրությունը տարբեր ինստիտուտների շարքում ամենաքիչը վստահում է լրատվամիջոցներին։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտության՝ «
Կովկասյան բարոմետրի» արդյունքներով՝ հարցվածների 73 տոկոսը պատասխանել է, որ չի վստահում լրատվամիջոցներին։

 

 Մեկ այլ հետազոտություն, որ իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը Հայաստանի 14-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում 2022-ի մայիս-հունիսին, կրկին վկայում է լրատվամիջոցների նկատմամբ ցածր վստահության մասին։ Հարցվածների ընդամենը 12 տոկսն է «լիովին» կամ «բավականին» վստահում լրատվամիջոցներին։ Երիտասարդները լրատվամիջոցներից ավելի քիչ վստահում են միայն քաղաքական  կուսակցություններին։

 

Այս հետազոտություններն իրականացվել են մեկուկես-երկու տարի առաջ։ Այդ ընթացքում Հայաստանում քաղաքական բևեռացումը շարունակվել է, ու անգամ էմպիրիկ հայացքով՝ լրատվամիջոցների նկատմամբ վստահության մակարդակը առնվազն փոփոխություն չի կրել, եթե չասենք, որ իջել է (սպասենք նոր հետազոտությունների հրապարակմանը)։

 

Ինչո՞ւ է լրատվամիջոցների նկատմամբ վստահությունն այդքան ցածր։

 

Այս հարցի պատասխանները բազմաշերտ են՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի մեծացող ալիքներ; քաղաքական բևեռացում, որն արտացոլվում է մեդիայում; անվտանգային մշտական սպառնալիքներ, որ պարարտ հող են ստեղծում տարատեսակ մաիպուլյացիաների ու վերլուծաբանների համար, որոնք իրենց հերթին խլացնում են իսկական փորձագիտական ձայները; արտաքին դերակատարների կողմից իրենց քաղաքական գծի և խոսույթների տեղայնացված մատուցանում հայկական լսարանին; սոցիալական մեդիայի գերիշխանություն, որտեղ էթիկական նորմեր և պատասխանատվության չափորոշիչներ չկան; հանրության մեդիա գրագիտության ցածր մակարդակ; «էխո-խցիկի» (eco chamber) երևույթ, երբ մարդիկ՝ անկախ կրթական ցենզից, սպառում են այն տեղեկատվությունն ու վերլուծությունը, որոնք վերահաստատում են իրենց  սեփական համոզմունքները։ Այս ամենին գումարվում են լրագրողական կրթության բացը և ոլորտային լրագրողների (beat reporters) խիստ պակասը։

 

Այնուամենայնիվ, «մեդիայի նկատմամբ անվստահություն» ասվածը լայն հասկացություն է։ Հարկավոր է հասկանալ՝ այդ անվստահությունը վերաբերում է անխտիր բոլորին, թե որոշակի խումբ լրատվամիջոցների կամ անգամ կոնկրետ լրատվամիջոցների։

 

Հայաստանյան մեդիա դաշտը կարելի է բաժանել հետևյալ հիմնական խմբերի․

 

1․ Իշխող քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցներ

 

Այս շարքում կան մասնավոր նորահայտ հեռուստաընկերություններ և բազմաթիվ կայքեր, այդ թվում վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։ Այս խմբում են նաև իշխող ուժի արբանյակ կուսակցությունների և/կամ անձերի պատկանող լրատվամիջոցներ։

 

Ամենակարևորը, այս խմբում է ամենալայն սփռում ունեցող Հանրային հեռուստաընկերությունը, որն այդպես էլ չի դարձել հանրային օրակարգը սպասարկող լրատվամիջոց և շարունակում է ծառայել օրվա իշխանությանը։ Չնայած 2018-ից հետո ավելացած պլյուրալիզմին և ընդդիմադիր գործիչներին ավելի շատ ձայն տրամադրելու գործելաոճին՝ Հանրայինն ակնհայտորեն իշխող ուժի գրաքննության կամ ինքնագրաքննության ներքո է։ Օրինակ, 2020-ի վերջին Երևան նոր ավտոբուսների ժամանումը տեղ չգտավ Հ1-ի լուրերում, քանի որ Քաղաքացիական պայմանագիրը գժտված էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նմանապես, քանի որ իշխող քաղաքական ուժի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները լարված են, Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակվեց Հ1-ի եթերում՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ։ Հ1-ը կառավարության մշտափոփոխ քաղաքականությունն է պաշտպանում նաև այլ հարցերում ու հատկապես Արցախի հարցում (որն այս կառավարության ձեռամբ՝ այլևս չկա)։

 

2․ Նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցներ

 

Այս շարքում նախևառաջ երկրորդ և երրորդ նախագահների հետ փոխկապված և/կամ նրանց քաղաքական գիծը առաջ տանող լրատվամիջոցներն են, այդ թվում՝ լայն սփռում ունեցող հեռուստաընկերություններ, կայքեր։ Այստեղ կարելի է դասել նաև ՀՅԴ-ի հետ կապվող լրատվամիջոցները։

 

Լրատվամիջոցների առաջին և երկրորդ խմբերը խիստ հակադիր դիրքերում են իրար նկատմամբ՝ «թալանչիներ» և «դավաճաններ» փոխադարձ խոսույթներով։

 

3․ Ռուսական լրատվամիջոցներ և նրանց հայաստանյան դուստրեր

 

Այս խմբում նախևառաջ ռուսական պետական հեռուստաալիքներն են, որոնք Հայաստանում ունեն վերգետնյա հեռարձակում և ներկա են նաև մալուխային բոլոր փաթեթներում։ Ռուսական լրատվամիջոցների հայկական դուստրերը ստեղծում են նաև տեղայնացված բովանդակություն՝ հայերեն և ռուսերեն։

 

Այս լրատվամիջոցները Մոսկվայի քաղաքական-քարոզչական գիծն են առաջ տանում և որպես կանոն՝ քննադատում Հայաստանի ներկա կառավարությանը։

 

Հատկապես ավագ սերունդը, որ ավանդաբար դիտել է ռուսերեն հաղորդումներ, այս լրատվամիջոցների լսարանն է։

 

Հատկանշական է, որ հայկական շատ լրատվամիջոցներ իրենց միջազգային լուրերը վերցնում են ռուսալեզու կայքերից, ինչը պայմանավորված է ռուսերենի դեռ մեծ  (բայց մարող) ազդեցությամբ։

 

4․ Դրամաշնորհներով գործող լրատվամիջոցներ

 

Այս խմբի լրատվամիջոցները ամբողջությամբ կամ մասամբ կախված են արևմտյան կառավարությունների և կազմակերպությունների ֆինանսավորումից։ Ի տարբերություն նախորդ երեք խմբերի՝ սրանք ունեն որոշակի թափանցիկություն ֆինանսավորման աղբյուրների և խմբագրակազմի վերաբերյալ, քանի որ դա նաև դրամատուների պահանջն է։

 

Չնայած արևմտյան դոնորները լրատվամիջոցներին հիմնականում աջակցություն են տրամադրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարեփոխումների, խաղաղաշինության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ այս խումբը տարասեռ է թե՛ բովանդակության, թե՛ խմբագրական մոտեցումների առումով։

 

Այս խմբում կարելի է դասել նաև «Ազատությանը», որը վերջին երկու-երեք տարում թերևս դարձել է Հանրայինի որակյալ այլընտրանքը, իհարկե՝ որոշակի վերապահումներով։

 

5․ Եվ այլն

 

Կան նաև փոքր ու միջին չափի այլ լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորման  աղբյուրների և խմբագրական քաղաքականության թափանցիկություն չունեն։

 

Մեծացնել վստահությո՞ւնը, թե՞ լսարանը

 

Վերոնշյալ բոլոր խմբերի լրատվամիջոցները ձգտում են հնարավորինս մեծացնել իրենց տարածումը՝ թե՛ վերգետնյա հեռարձակմամբ, թե՛ կայքերում և թե՛ սոցցանցերում։

 

Սակայն միշտ չէ, որ լսարանի մեծացումը երկարաժամկետ կտրվածքով նպաստում  է վստահության կառուցմանը։ Սա հայկական մեդիա դաշտի ամենամեծ խնդիրներից է, որին առերեսվում են ոչ միայն քաղաքականացված, այլև մյուս լրատվամիջոցները։

 

Ամենամեծ գայթակղությունը դիտումներ ապահովելու համար փորձագիտական գիտելիք չունեցող մեդիա գլուխներին որպես փորձագետ հարթակ տրամադրելն է, որոնք կեղծ իրականություն են ստեղծում։ Դա արվում է կա՛մ դիտումների համար, որովհետև, որպես կանոն, էքսցենտրիկ ապուշներին ավելի շատ են դիտում; կա՛մ քաղաքական որոշակի նպատակահարմարություններով; կա՛մ էլ ելնելով լրատվամիջոցի ղեկավարների քաղաքական նախասիրություններից, որոնք իրենք իրենց սեփական «էխո-խցիկն» են ստեղծում։ 

 

Մեդիան ընդհանրապես ու լրագրողները մասնավորապես քայքայում են երկարաժամկետ վստահությունը մի շարք այլ պատճառներով ևս։ Դրանցից առավել տարածվածը (որ, բնականաբար, փաստեր ստուգողների ուշադրությանը չի արժանանում) որևէ նյութի վերջնարդյունքն ի սկզբանե որոշելն է՝ կա պայմանական «դատավճիռը», և պետք է «ճիշտ» մարդկանց բերանով հաստատել դատավճիռը։

 

Խնդրի ձևակերպման և վերջնարդյունքի միջև այս խզումը քայքայում է ոչ միայն վստահությունը մեդիայի նկատմամբ, այլև պետության հիմքերը։

 

Տարատեսակ խեղկատակ վլոգերների ու ինքնակոչ «քաղաքագետների» դեմ իսկական մեդիան չի կարող պայքարել նրանց հետ մրցելով։ Առավել ևս՝ նրանց իր բովանդակության մաս դարձնելով։ Այդ մրցակցությունում հաղթելու շանս չկա։

 

Մեդիան՝ հանրային օրակարգ սպասարկող լրատվամիջոցները, հաղթել կարող են միայն երկարաժամկետ վստահություն կառուցելու միջոցով։

 

Լրագրողական ազնվությունը և պրոֆեսիոնալիզմը չեն կարող զոհաբերվել դիտումներին ու քլիքներին։

 

Դասական ճշմարտությունն ասում է, որ մեդիան ժողովրդավարական հասարակության կարևորագույն հենասյուն է, որովհետև տեղեկատվություն և վերլուծություն մատուցելով՝ թույլ է տալիս, որ քաղաքացիները կատարեն գիտակցված ընտրություն։

 

Բանալի բառերը՝ «տեղեկատվություն և վերլուծություն», «գիտակցված ընտրություն»։


Հովածը գրվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի «Հասկանալով ժողովրդավարության ու անվտանգության կապը հայաստանյան համատեքստում» ծրագրի շրջանակում։