Կառավարությունը խնդիրներ է ստեղծում փախստականների համար

Կառավարությունը խնդիրներ է ստեղծում փախստականների համար

24․07․2024

 

Մայիսից ՀՀ կառավարությունը դադարեցրել է տեղահանված արցախցիների որոշակի խմբի ամսական 50 (40+10) հազարական դրամ աջակցությունների վճարումը։ Խնդրի վերաբերյալ աղմուկ է բարձրացել վերջերս, երբ մարդիկ իմացել են, որ զրկված են աջակցությունից, և նրանց բողոքը սկսել է տարածվել լրատվամիջոցներով։ Խոսքը մոտ 500 ընտանիքի մասին է, որոնց տվյալները ներառված են 2022-ից գործող բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառուների ցանկում, բայց նրանք այդ ծրագրին չեն դիմել և բնակելի գույք ձեռք չեն բերել։

 

«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը» գործում է 2023-ի հոկտեմբերից։ Այս ընթացքում ծրագիրը մի քանի անգամ լրացվել և փոփոխությունների է ենթարկվել։ Միջոցառման շրջանակում ամսական դրամական աջակցությունը վճարվում է․

 

1) ՀՀ-ում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող շահառուին և նրա ընտանիքի անդամներին (ամուսին, անչափահաս երեխա)՝ 10 000 դրամի չափով։

2) ՀՀ-ում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք չունեցող շահառուին՝ 50 000 դրամի չափով։

 

Աջակցությունը վճարվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջից, այլև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց, մասնավորապես Կարմիր խաչի ազգային ընկերության միջոցով։

 

Աջակցության շահառու չեն եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող անձինք։

 

2024-ի ապրիլի 28-ին կառավարության որոշման մեջ տեղի ունեցավ հերթական փոփոխությունը, և շահառու չհանդիսացող անձանց ավելացավ ևս մեկ խումբ։ Բնակարանային աջակցության այդ միջոցառումը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր»։ «Առանձին շրջաններ» անհասկանալի բառակապակցության տակ կառավարությունը նկատի չուներ որևէ աշխարհագրություն․ աջակցության շահառու են ժամանակին պետական ծրագրերով Արցախում վերաբնակեցված ընտանիքները, որոնց մեծ մասը տեղափոխվել էին Հայաստանից։ Ընդհանուր առմամբ, շահառու է մոտ 4400 ընտանիք։ Ցանկը կազմել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների հետ համատեղ նախքան Արցախի էթնիկ զտումը։ Որոշման մեջ իրականացված վերջին փոփոխությամբ այդ կետը հանված է, այսինքն՝ կառավարության տրամադրության տակ եղած տվյալների աղբյուրը գոյություն չունի։

 

Որոշումն ընդունում են, հետո միայն մտածում հետևանքների մասին

Այդ ծրագրին ավելի մանրամասն անդրադարձել էի իմ նախորդ հոդվածում, սակայն այս թեմայի տեսանկյունից կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ շահառուների ցանկում ընդգրկված մոտ 500 ընտանիք այդ ծրագրին չի դիմել (առցանց հայտատդիմում չի լրացրել) և հավաստագիր չի ստացել։ Հատկանշական է, որ շատերն իրենց տվյալների՝ այդ ցուցակում լինելու մասին տեղեկացել են վերջերս, երբ դադարել են ստանալ 40+10 հազարական դրամ աջակցությունը։ Նրանց մեծ մասը Շուշիից է։ Տարակուսելի է, որ Շուշիի համայնքապետարանը, անմիջական մասնակցություն ունենալով այդ ցանկի ձևավորման գործում, ժամանակին չէր տեղեկացրել մարդկանց։

 

Փաստացի, այդ ընտանիքների վիճակը ոչնչով չի տարբերվում մյուս տեղահանվածների վիճակից, որոնք Հայաստանում սեփական բնակելի գույք չունեն և բնակվում են վարձավճարով։ Բնականաբար, կառավարությունում տիրապետում են այդ տեղեկությանը և, մարդկանց աջակցությունից զրկելով, պետք է հասկանային, որ նրանց համար լուրջ խնդիրներ կստեղծեն։ Այժմ այդ մարդիկ իրենց բողոքներով հեղեղում են գերծանրաբեռնված Միասնական սոցիալական ծառայության բաժանմունքները, որտեղ առավելագույնը, որ ստանում են, հղումն է կառավարության որոշման համապատասխան կետին։

 

Կառավարությունը հերթական անգամ որոշում է ընդունում և հետո միայն սկսում մտածել հետևանքների մասին։ Պարզվել է, որ անգամ այդ աջակցության առցանց դիմումների հարթակը փակ էր և պետք է վերաբացել։

 

Ո՞րն է տեղահանվածներին երկու կատեգորիայի բաժանելու նպատակը

 

Դժվար է հասկանալ, թե ինչն է խանգարել, արդեն հավաստագիր ստացած և աջակցությամբ բնակելի գույք ձեռք բերած ընտանիքներին առանձնացնել նրանցից, ովքեր դեռ չեն դիմել, զգուշացնել մարդկանց և ժամանակ հատկացնել նախքան հավաստագիր ստանալը և գույք ձեռք բերելու գործարքն ավարտելը՝ պահպանելով դրամական աջակցությունը։ Վերջիվերջո, մինչև Արցախի Հանրապետության փաստացի լուծարումը, հենց այդպես է եղել․ ընտանիքը շարունակել է ստանալ կառավարության կողմից տրամադրվող կացության վարձի փոխհատուցումը մինչև հավաստագիր ստանալը ու ևս երկու ամիս դրանից հետո (*այդ գումարները Արցախի կառավարությունը վճարում էր ամիսների ուշացումով։ Վերջին չորս ամսվա համար (2023-ի հունիս-սեպտեմբեր) չի վճարվել, և այդ հարցը էթնիկ զտումից հետո մոռացության է մատնվել։։ Կամ, որ ավելի տեղին կլիներ, փորձել հասկանալ, թե ինչու չեն դիմում այդ հավաստագրի համար․ միգուցե այդ մարդիկ նախընտրում են օգտվել բնակարանային աջակցության վերջերս ընդունված ծրագրի՞ց։ Իրավաչա՞փ է արդյոք զրկել նրանց այդ ընտրության հնարավորությունից։ Բացարձակապես նույն կարգավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ կիրառում են իրարից զգալի տարբերվող ընթացակարգեր։

 

Ո՞րն է տեղահանվածներին երկու կատեգորիայի բաժանելու նպատակը։ Եթե մինչև 2023-ի սեպտեմբերյան դեպքերը որոշակի տրամաբանություն կար կառավարության քաղաքականության մեջ, ապա այժմ դա լրիվ անիմաստ է։ Այն ժամանակ նախատեսվում էր 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվածների մի մասի համար տներ կառուցել Արցախում, իսկ մի մասին բնակարան գնելու հավաստագիր տրամադրել, որ կարող էին օգտագործել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Որոշեցին, որ «բնիկ» արցախցիների համար տուն կկառուցեն Արցախում, իսկ տարբեր ժամանակահատվածներում Արցախում որպես վերաբնակիչ հաստատվածներին հավաստագիր կտան։ Ընդ որում, վերջիններս հավաստագրից հրաժարվելու իրավունք ունեին՝ հօգուտ Արցախում տուն ստանալու։ Հավաստագրերի ծրագիրն իրականացնում էր Հայաստանի կառավարությունը, իսկ բնակարանաշինությամբ զբաղվում էր Արցախի կառավարությունը։ Վերջինը հիմնել էր նոր կառույց՝ Բնակարանային հարցերի կոմիտե, որը զբաղվում էր շահառուների տվյալների հավաքագրմամբ։ Սակայն, ինչպես նշեցի, հավաստագրերի շահառուների տվյալները տրամադրում էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (2020-ի պատերազմից հետո Արցախի կառավարությունը և նախագահի աշխատակազմը դարձել էին մի «մեծ սոցապ»)։

 

Ակնհայտ է, որ այդ հավաստագրերի միակ գրավչությունը Հայաստանում տուն ձեռ բերելու հնարավորությունն էր (հավաստագիրը Արցախում իրացրել է ընդամենը վեց ընտանիք)։ Ի տարբերություն առկախված Արցախի՝ այն գոնե ինչ որ կայունության հեռանկար կարող էր տալ։ Ներկայում այդ ցուցակներին վերադառնալն արդիական չէ․ բնակարանային աջակցությամբ զբաղվում է միայն ՀՀ կառավարությունը, աջակցությունը գործում է միայն ՀՀ տարածքում։ Տեղահանվածներին պայմանական կատեգորիաների բաժանելու կարիք այլևս չկա։ Կարևոր է միայն տեղահանված լինելու փաստը, որի ժամանակային ելման կետը 2020-ի սեպտեմբերի 27-ն է։ ՀՀ կառավարությունը պետք է համադրեր երկու միջոցառումները և բոլորի նկատմամբ կիրառեր նույն մոտեցումը։ Իրավիճակը, որի պատճառով տեղի է ունեցել այդ տարանջատումը, գոյություն չունի։ Կառավարությանը հետաքրքիր պետք է լինի միայն այն, թե տեղահանված քանի ընտանիք է բնակարանով ապահովված և դեռ քանիսին պիտի ապահովել։ Բնակարանով ապահովված ընտանիքները դրամական աջակցության պահանջով կառավարությանը չեն անհանգստացնի։

 

2022-ին հաստատված բնակարանային աջակցության միջոցառումն ունի լուրջ թերություններ և կարող է ծառայել միայն որպես 2024-ի մայիսի 16-ի որոշմամբ ընդունված աջակցության ծրագրի հավելում՝ չորս հոգուց պակաս ընտանիքների համար հարմար տարբերակ (առաջինում աջակցության գումարը հաստատագրված է առանց ընտանիքի անդամների քանակը հաշվի առնելու, երկրորդում չկա հաստատագրված մինիմալ տրամաբանական գումար փոքր ընտանիքների համար)։

 

Կառավարությունը պարտավոր է վերանայել աջակցության ծրագրերը

 

Կառավարությունը պարտավոր է վերանայել Արցախից տեղահանված անձանց նկատմամբ նախկինում կիրառված աջակցության ծրագրերը և հետագայում ուժի մեջ մտած բարելավումները կիրառել բոլորի նկատմամբ։ Առաջին հերթին պետք է վերանայել վերոհիշյալ 500 ընտանիքների հարցը։ Հակառակ դեպքում, կլինեն բազմաթիվ դատական հայցեր, և հաշվի առնելով, թե ինչքան խոցելի կողմեր ունի որոշումը, կառավարությունը ստիպված է լինելու մարդկանց հասանելիք աջակցությունը վճարելուց բացի դատական ծախսերի և փաստաբանական ծառայությունների գումարները մարել։

 

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բնակվարձի գները բավականին բարձրացել են։ Տեղհանված ընտանիքների մեծ մասն այս պայմաններում հնարավորություն չի ունենա սեփական միջոցներով վճարել և բնակվարձը և կացության ծախսերը։ Կառավարությունը պետք է ելնի գործող իրողություններից։

 

Արցախցիների՝ Հայաստանում մնալու հարցը ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար ներուժ այդ հարցն արագ և նպատակային լուծելու համար, ուղղակի պետք է արդյունավետ կառավարում, ռեսուրսների ճիշտ օգտագործում։

 

Արամ Թադևոսյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն։

 

Հոդվածն ի սկզբանե հրապարակվել է Սիվիլնեթում։