Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները՝ վտանգված. ինչ պետք է և չպետք է անի Արևմուտքը

Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները՝ վտանգված. ինչ պետք է և չպետք է անի Արևմուտքը

28.08.2024

 

Տիգրան Գրիգորյան


2018-ի թավշյա հեղափոխությանը հաջորդած տարիներին Հայաստանին դրվատանքի են արժանացրել ժողովրդավարական առաջընթացի համար։ Ավելի թափանցիկ, հաշվետու և ներառական կառավարության խոստումը հույս արթնացրեց Հայաստանի քաղաքացիների մոտ և գրավեց միջազգային հանրության ուշադրությունը։ Այնուամենայնիվ, ընտրական գործընթացներում և խոսքի ազատության ոլորտում զգալի առաջընթացին զուգահեռ վերջին տարիներին երկրի ժողովրդավարական հետագծում մտահոգիչ միտումներ են նկատվում:

 

Այս միտումները հատկապես ակներև են դարձել Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից և դրան հաջորդած ներքին անկայունության և աշխարհաքաղաքական փխրունության ժամանակաշրջանում: Իշխող կուսակցությունը, բախվելով ներքին և արտաքին մարտահրավերներին, որդեգրել է 2018-ի թավշյա հեղափոխության հիմքում ընկած արժեքներին չհամապատասխանող մոտեցումներ։ Փոխանակ կենտրոնանալու ուժեղ ինստիտուտների կառուցման վրա, որոնք կապահովեն առկա հասարակական և քաղաքական տարաձայնությունների խաղաղ հանգուցալուծում, իշխող կուսակցությունը ներքաղաքական պայքարում փոխառել է իր հակառակորդների գործելաոճն ու հռետորաբանությունը։ Սա կասկածի տակ է դնում իշխող կուսակցության հանձնառությունըՀայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ 

 

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ են եկել վարքագծի որոշակի օրինաչափություններ և միտումներ, որոնք վտանգում են թավշյա հեղափոխության ժողովրդավարական ձեռքբերումները։ Այս զարգացումները կարելի է դասակարգել՝ ըստ հիմնական ոլորտների:

 

Առաջինը քաղաքական բևեռացումն է և պառակտող հռետորաբանությունը: 2018-ին իշխանափոխությունից հետո նախկին, իսկ այսօր՝ ընդդիմադիր վերնախավերը սկսեցին թիրախավորել նոր իշխանություններին՝ նրանց պիտակավորելով որպես Ջորջ Սորոսի հետևորդներ և արտաքին դերակատարների կողմից Հայաստանի քաղաքական դաշտ ներմուծված անհատներ: Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ընդդիմությունը սաստկացրեց իր հարձակումները՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին անվանելով «դավաճաններ»։

 

Պառակտող և բևեռացնող քաղաքական հռետորաբանության խնդրով զբաղվելու փոխարեն իշխող կուսակցությունը հետևեց ընդդիմության օրինակին և մշակեց քաղաքական հակառակորդներին թիրախավորող սեփական բառապաշարը: Ինչ-որ պահից Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սկսեցին դիրքավորվել որպես ինքնիշխանության պաշտպան՝ իրենց բոլոր մրցակիցներին անվանելով «հինգերորդ շարասյուն»։ Այս մոտեցման կիզակետը 2022-ի Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, որոնց ընթացքում Փաշինյանը և իշխող կուսակցության մյուս անդամները թիրախավորեցին  իրենց նախկին դաշնակից և գլխավոր մրցակից Հայկ Մարությանին։

 

Այս քաղաքականության արդյունքում էլ ավելի է սրվել քաղաքական բևեռացման և պառակտիչ հռետորաբանության խնդիրը։ Սա մահացու վտանգ է ներկայացնում նոր ձևավորվող հայկական ժողովրդավարության համար, քանի որ բոլոր հիմնական քաղաքական դերակատարները հակված են ապալեգիտիմացնել իրենց հակառակորդներին և տեղ չթողնել քաղաքակիրթ քաղաքական բանավեճի համար: Երկընտրանքի, «սևի ու սպիտակի»  բաժանումները պարարտ հող են ստեղծում քաղաքական արմատականության համար:

 

Մեկ այլ մտահոգիչ միտում, որը կարող է Հայաստանին մղել դեպի ժողովրդավարական ​​հետընթաց, իշխող կուսակցության կողմից անկախ մարմինների վերահսկողության տակ առնելն է: Այս միտումը սրվեց 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Հանդիպելով մարտահրավերների ինչպես համակարգի ներսից, այնպես էլ դրսից՝ իշխող կուսակցությունը սկսեց համակարգված վերահսկողություն հաստատել այն ինստիտուտների վրա, որոնք պետք է ինքնավար լինեն:


Օրինակ՝ Հայաստանի նախագահը, ինչպես նաև Բարձրագույն դատական ​​խորհրդի ղեկավարը, Փաշինյանի կառավարության նախկին նախարարներ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իշխող կուսակցության նախկին պատգամավոր է։ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը նույնպես վերահսկվում է իշխող կուսակցության նախկին պատգամավորների և Փաշինյանների ընտանիքին մոտ կանգնած անհատների կողմից։


Իշխող կուսակցության՝ հանրային անկախ ինստիտուտների գոյության հանդեպ անհանդուրժողականությունը վերջերս դրսևորվեց Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի փոխարինմամբ։ Այս գործընթացում ներգրավված առանցքային պաշտոնյան խոստովանեց, որ որոշման առաջնային պատճառը Խումարյանի կողմից վարչապետ Փաշինյանի քաղաքականության հրապարակային քննադատությունն էր։

 

Այս գործողությունների հիմքում ընկած տրամաբանությունը պարզ է՝ հետպատերազմյան բուռն շրջանից հետո իշխող կուսակցությունը ձգտում է լիակատար վերահսկողություն սահմանել պետական ​​բոլոր ինստիտուտների վրա։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ինստիտուցիոնալ զսպումների և հավասարակշռության բացակայության պայմաններում ժողովրդավարությունը դժվար թե ամրապնդվի։

 

ՏԻՄ ընտրությունները ևս մեկ խնդրահարույց ոլորտ է, որը հարցեր է առաջացնում իշխող կուսակցության՝ ժողովրդավարական նորմերին հավատարմության վերաբերյալ: Թեև հեղափոխությունից հետո բոլոր մակարդակներում ընտրությունների որակը զգալիորեն բարելավվել է, իշխող կուսակցությունը մի քանի քաղաքներում ընտրված ընդդիմադիր քաղաքապետներին հեռացնելու և իր դաշնակիցներին նշանակելու նպատակով հետընտրական գործընթացներ է նախաձեռնել: Այս օրինաչափությունը լուրջ կասկածի տակ է դնում իշխող կուսակցության հավաստիացումները, թե ընտրակեղծիքների դարաշրջանին վերադարձ չի լինի։

 

Վերոհիշյալ միտումները հիշեցնում են այն գործընթացները, որոնք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում վերջին տասնամյակում հանգեցրել են ժողովրդավարական հետընթացի: Այս առումով Հայաստանը ներկայում ավելի մոտ է «հունգարացմանը», քան ժողովրդավարության զարգացմանը։ Հայաստանի համար մեկ այլ նախազգուշացնող օրինակ է հարևան Վրաստանը, որտեղ նմանատիպ գործընթացներ են ծավալվել վերջին տարիներին։

 

Որպեսզի այս սցենարները Հայաստանում իրականություն չդառնան, Հայաստանի արևմտյան գործընկերները պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Շատ հաճախ արևմտյան կառավարություններն անտեսում են Հայաստանի իշխող վերնախավի լուրջ բացթողումներն ու թերությունները։ Օրինակ, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն շարունակում են գովաբանել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների գործընթացին իր հանձնառության համար, չնայած այն հանգամանքին, որ արտաքին դերակատարների կողմից աջակցություն ստացած որոշ լայնածավալ բարեփոխումներ ձախողվել են:

 

Դրա ամենավառ օրինակը ոստիկանության բարեփոխումներն են։ Ներքին գործերի նախարարության ստեղծման հիմքում ընկած ամբողջ հայեցակարգը անվտանգության ինստիտուտների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումն էր: Սակայն այս ծրագիրն ավարտվեց նրանով, որ Նիկոլ Փաշինյանը նորաստեղծ նախարարության ղեկավար նշանակեց ոստիկանապետ, վարչապետի մերձավոր ու դպրոցական ընկեր Վահե Ղազարյանին։ Այս դեպքում ներքաղաքական նպատակները գերակայել են իրական ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության նկատմամբ:

 

Արևմուտքի կողմից աջակցվող բարեփոխումների այս միտումնավոր սաբոտաժից հետո ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ ԱՄՆ-ի կողմից կոշտ արձագանք չի եղել: Նույնը պատկերն էր հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժի անհամաչափ կիրառումից հետո: Հայաստանյան քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ և միջազգային իրավապաշտպաններ դատապարտեցին ոստիկանական բռնությունը, մինչդեռ արևմտյան կառավարությունների արձագանքը նկատելիորեն թույլ էր:

 

Արևմտյան գործընկերների այս պասիվ և երբեմն աջակցող դիրքորոշումը կարող է դրդել Հայաստանի իշխող կուսակցությանը ժողովրդավարությունը զարգացնելու փոփոխարեն առաջնահերթություն տալ իր իշխանության ամրապնդմանը:

 

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է կենտրոնանան ժողովրդավարական ինստիտուտների և նորմերի աջակցության, այլ ոչ թե անհատների և քաղաքական ուժերի վրա, որոնց համարում են ժողովրդավարության կողմնակից: Ավելին, Հայաստանին պետք է տնտեսական աջակցություն տրամադրել այն պայմանով, որ ժողովրդավարության հետընթաց տեղի չի ունենա։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

Հոդվածի անգլերեն տարբերակը՝ հղմամբ։

 

Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թգավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: