Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ քաղաքական մրցակցություն

Հայաստանին պետք է ոչ թե անձերի, այլ քաղաքական մրցակցություն

12.09.2024

 

Հայկական առցանց տիրույթում հաճախ ենք տեսնում քաղաքական ուժերի, որոնք տարակարծիք մարդկանց պիտակավորում են «թուրքեր», «դավաճաններ» կամ «ռուսական գործակալներ»: Ցանկացած հասարակության բնորոշ է բևեռացման  որոշակի աստիճան, բայց երբ այն վերածվում է «մենք ընդդեմ նրանց» տարբերակման, դառնում է թունավոր և ազդարարում է ավելի մտահոգիչ բանի՝ ժողովրդավարական զարգացման հիմնարար խնդիրների մասին։

2020-2023 թթ. Արցախի կորուստը սասանեց հայերի ազգային ինքնությունը, որն այժմ մեծ ցնցումներ է ապրում՝ կոտրելով կոլեկտիվ բազմաթիվ հիմնարար ընկալումներ։ Նոր ընդհանուր տեսլականի ձևավորմանը զուգահեռ՝ քաղաքական տարբեր ուժեր հետագա իրադարձությունների վրա ազդելու պայքար են սկսել: Նման պահերին տարատեսակ հնարավորություններ են առաջ գալիս, ու տարբեր խմբակցություններ փորձում են նոր մոտեցումներ որդեգրել՝ տեսնելու, թե որն է աշխատում:

 

Փոխզիջում գտնելը և ընդհանուր հայտարարի շուրջ համաձայնության գալը ավելի հեշտ է, երբ քննարկվում են սոցիալական ծախսերն ու ներդրումային առաջնահերթությունները։ Սակայն երբ խոսքը գոյաբանական սպառնալիքների մասին է, որոնց բախվում է Հայաստանը, խաղադրույքներն ավելի մեծ են, իսկ փոխզիջումը՝ ավելի անորսալի։ Բևեռացումն այստեղ դառնում է «կամ/կամ»՝ հիմնվելով անփոփոխ թվացող ինքնությունների վրա:

 

Նույնիսկ լիովին ժողովրդավարական հասարակություններում բևեռացման որոշակի աստիճանը ոչ միայն նորմալ է, այլև շահավետ: Այն ընտրողներին առաջարկում է հստակ ծրագրային այլընտրանքներ, ինչը մեծացնում է քաղաքական ներգրավվածությունը: Սակայն բևեռացումը դառնում է թունավոր, երբ դուրս է գալիս քաղաքական ազնիվ բանավեճի սահմաններից: Այդ դեպքերում հասարակական տարբերությունները գնալով ավելի ու ավելի են բաժանվում երկու ճամբարների երկայնքով, և սկսում է գերակայել «մենք՝ ընդդեմ նրանց» մտածելակերպը:

 

Երբ ապրիլին ես և իմ գործընկեր Տիգրան Գրիգորյանը սկսեցինք Democracy Watch-ը, մեր նպատակն էր համակարգված կերպով ուսումնասիրել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մտահոգիչ միտումները: 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանը գովելի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում, և մենք ողջունում ենք այս առաջընթացը։ Այնուամենայնիվ, 2020-ի Արցախյան պատերազմից հետո մենք նկատում ենք հետընթաց դեպի այն միտումները, որոնք, թերևս, պատշաճ ուշադրության չեն արժանանում ներքին և արտաքին լսարանի կողմից:

 

Հիմնական խնդիրներից մեկը, որը մենք նկատել ենք Democracy Watch-ի մեր աշխատանքում, ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր հիմնական խմբակցությունների կողմից թունավոր, բևեռացնող հռետորաբանության խնդիրն է: Այս հռետորաբանությունը ոչ միայն բևեռացնող է, այլև ամրապնդում է Հայաստանին բնորոշ անձնավորված քաղաքականությունը և երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ամենամեծ խոչընդոտներից է:

 

Ինչու՞ կենտրոնանալ ժողովրդավարական ինստիտուտների կառուցման վրա: Որովհետև այն ստեղծում է թափանցիկ, հաշվետու և կանոնների վրա հիմնված համակարգեր, որոնք պաշտպանում են քաղաքացիների իրավունքները և խթանում լավ կառավարումը: Այս ինստիտուտները երաշխավորում են, որ քաղաքական որոշումները կայացվեն սահմանված ընթացակարգերով՝ ամրապնդելով հետևողականության, հաշվետվողականության և կանխատեսելիության քաղաքական մշակույթը: Սրանք պետության երկարաժամկետ դիմակայունության և կարողությունների կարևոր կողմերն են: Ի հակադրություն՝ անձակենտրոն ​​քաղաքականությունը, որտեղ առաջնորդությունը սնվում է անհատ գործիչների խարիզմայով կամ ուժով, կարող է հանգեցնել կամայական կառավարման և գիշատիչ էլիտայի գործելաոճի՝ խաթարելով քաղաքացիներին աջակցելու և պաշտպանելու մեխանիզմները:

 

Այս ամառ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համակարգված տեղեկատվական արշավ սկսեց ապրիլին ի հայտ եկած բողոքի շարժման առաջնորդների դեմ, որոնք դեմ էին չորս անբնակ գյուղերն Ադրբեջանին հանձնելուն: Այս ցուցարարները, որոնք արագ սկսեցին պահանջել վարչապետի հրաժարականը, սոցցանցերում ներկայացվեցին որպես Ռուսաստանի անունից հանդես եկող անձինք։ «Քաղաքացիական պայմանագրի» հետ փոխկապակցված օգտատերերը, առանց ապացույցների, պնդում էին, որ բողոքի ակցիաների առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին պաշտպանում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Կրեմլը: Ֆոտոշոփով արված որոշ նկարներում արքեպիսկոպոսը գտնվում է ռուս նշանավոր գործիչների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական մեդիաների ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի կողքին:

 

Թեև բողոքի շարժումը կարող էր որոշակիորեն առնչվել ռուսական շահերին՝ ապակողմնորոշիչ և փաստացի սխալ էր այն որակել որպես ամբողջովին Մոսկվայի կողմից կազմակերպված շարժում: Պարզ ասած՝ ապատեղեկատվական այս արշավը նպատակ ուներ ապալեգիտիմացնելու քաղաքական հակառակորդներին և շեղելու Հայաստանի ազգային անվտանգության շուրջ քաղաքականության քննադատությունը:

 

Էական է, որ ոչ միայն իշխող կուսակցությունն է նման հռետորաբանություն որդեգրում: Հունիսին X սոցիալական հարթակում Գալստանյանի էջը հրապարակել էր տարօրինակ ձևակերպված, բայց անսխալական սպառնալիք. «Ուր էլ փորձես փախչել, մենք քեզ կգտնենք և կգանք։ Եթե ​​պետք լինի, մենակ կգանք; եթե պետք լինի, ուրիշների հետ կգանք։ Եթե ​​պետք լինի, էշով կամ մետրոյով կգանք»։

 

Փաշինյանին քննադատելու շատ բան կա, բայց քաղաքականությունների, սկզբունքների կամ այլ քաղաքականություն վարելու շուրջ քննարկումների փոխարեն անհատներին թիրախավորելը հակաարդյունավետ է: Ո՞րն է դրական փոփոխությունների տեսլականը: Որո՞նք են դրան հասնելու քայլերը: Կառուցողական այլընտրանք ներկայացնելու փոխարեն Գալստանյանի հայտարարությունները պարունակում են անձնական սպառնալիքներ՝ առաջացնելով պառակտող, թշնամական դիսկուրս։

 

Ե՛վ իշխող կուսակցության զրպարտչական մարտավարությունը, և՛ ընդդիմության առճակատողական հռետորաբանությունը ընդգծում են երկխոսության ժողովրդավարական նորմերի քայքայումը: Քաղաքական ասպարեզը դառնում է անձնավորված հարձակումների, ահաբեկման և ապատեղեկատվության մարտադաշտ, ինչը վտանգում է պետության ​​ճկունությունը՝ խորացնելոով պառակտումները և խաթարելով ինստիտուտների ամբողջականությունը։

 

Հայաստանին պետք է քաղաքականության և գաղափարների, ոչ թե անձերի հիման վրա քաղաքական մրցակցություն։ Սա էական նշանակություն ունի երկարաժամկետ ժողովրդավարական համախմբման համար, քանի որ նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ քաղաքացիները կարող են վստահ լինել՝ իրենց ձայնը լսելի է՝ անկախ նրանից, թե ով է իշխանության: Ավելին, ինստիտուտները գերակա են առանձին առաջնորդների նկատմամբ և ապահովում են կառավարման կայունություն ու փոխարինելիություն, ինչը չի կարող անել անձնավորված քաղաքականությունը: Ինստիտուտներն օգնում են քաղաքական հակամարտությունը տեղափոխել խաղաղ քննարկումների դաշտ՝ նվազեցնելով բռնության և ավտորիտար հետընթացի վտանգը:

 

Կարինա Ավետիսյան

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության  տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախագիծն է։

 

Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: