Արք. Աջապահյանի դատավճիռը և արդարադատության քաղաքականացումը Հայաստանում

Արք. Աջապահյանի դատավճիռը և արդարադատության քաղաքականացումը Հայաստանում

07.10.2025

Տիգրան Գրիգորյան և Տաթև Ղազարյան

#DemocracyWatch — Հոկտեմբերի 3-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ 

Մեղադրանքը հիմնված է ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցի վրա, որտեղ հոգևորականը խոսել էր «հեղաշրջման անհրաժեշտության» մասին։ Այն ժամանակ, սակայն, Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել էր նույն հայտարարությունները և եզրակացրել, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը 2024-ին ապրիլին հայտնել էր,  որ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Այժմ դատախազությունը գործի բացումը հիմնավորում է այն պնդմամբ, թե Աջապահյանը իր խոսքերը կրկնել է 2025-ի հունիսին։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքել է այս հիմնավորումը՝ նշելով․

«իրավական տեսանկյունից  չի կարող նույնատիպ արարքը մի դեպքում համարվել հանցակազմ չպարունակող, իսկ մյուս դեպքում որակվել որպես հանցանք, ու նախկինում հանցանք չհամարվող արարքի համար անձն այժմ ոչ միայն դատապարտվի, այլ նաև ազատազրկվի»։

Նման գնահատական է տվել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբանական փորձագետ Աննա Մելիքյանը։ Democracy Watch-ին գրավոր մեկնաբանության մեջ նա մատնանշել է գործի լուրջ իրավական թերությունները։ Նրա խոսքով՝ թեև արքեպիսկոպոսին մեղադրել են երկար ժամանակահատվածում կրկնվող կոչերի համար, դատախազությունը չի կարողացել ապացուցել, որ այդ կոչերը իրական վտանգ են ներկայացրել կամ որ դրանց հետևանքով որևէ վնաս է պատճառվել։ Այս հանգամանքը, ըստ Մելիքյանի, լրջորեն կասկածի տակ է դնում գործի իրավական հիմքը։

Մելիքյանն ու Հովհաննիսյանը նաև ընդգծում են դատավճռի անհամաչափությունը։ Մելիքյանի խոսքով՝ հայկական օրենսդրությամբ ազատազրկումը պետք է դիտվի որպես վերջին միջոց՝ կիրառելի միայն այն դեպքում, երբ ավելի  մեղմ պատիժները բավարար չեն։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է այլընտրանքային պատիժներ՝ տուգանք կամ հանրային աշխատանք, սակայն դատարանը, այնուամենայնիվ, ընտրել է ազատազրկումը։

Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել երկու այլ նմանատիպ գործերի վրա, որոնցում նույն հոդվածով մեղադրյալները դատապարտվել են ոչ ազատազրկման՝ մեկ դեպքում տուգանքի, մյուսում՝ հանրային աշխատանքի։ Այդ դատավարությունները տևել են մեկուկես և երեք տարի՝ դատարանների աշխատանքային բնականոն ժամկետներին համապատասխան։ Իսկ Արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը ավարտվել է երկու ամսից էլ քիչ ժամանակում՝ անսովոր արագությամբ, ինչը, ըստ փորձագետների, ավելի է խորացնում կասկածները դատավարության արդարության և անաչառության վերաբերյալ։

Զարուհի Հովհաննիսյանը ևս նշել է, որ համանման դեպքերում նախկինում երբեք ազատազրկում չի կիրառվել։ Հետևաբար, Աջապահյանի նկատմամբ սահմանվել է ավելի խիստ և խտրական պատիժ, ինչը, նրա խոսքով, վկայում է քաղաքական հետապնդման մասին։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այս գործը լիովին համապատասխանում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) «քաղաքական բանտարկյալի» սահմանմանը։

Նշանակալի է, որ նույնիսկ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, որոնք սովորաբար համակրում են կառավարությանը, մտահոգություն են հայտնել դատավճռի անհամաչափության առնչությամբ։

Արդարադատության քաղաքականացումը և դրա հետևանքները

Ընդհանուր համատեքստում ակնհայտ է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քրեական հետապնդումը համընկել է կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածության և առճակատման շրջանին։ Սա մասամբ բացատրում է, թե ինչու նույն հայտարարությունը, որում Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր գտել, հետագայում դարձավ քրեական մեղադրանքի և ազատազրկման հիմք։

Այս քաղաքական համատեքստը  խաթարում է այն պնդումը, թե դատավճիռը եղել է անկախ դատական գործընթացի արդյունք։ Ընդհակառակը՝ այն վկայում է ավելի լայն միտման մասին՝ իշխանությունների կողմից իրավապահ և դատական համակարգերի օգտագործումը ներքաղաքական նպատակներով՝ մի բան, որը Հայաստանում աստիճանաբար դառնում է նորմ։

Այս գործը ի ցույց  է դնում արդարադատության կիրառման լուրջ անհամապատասխանություններ և վկայում է դատական համակարգի քաղաքականացման խորացման մասին։ Նման զարգացումները ժողովրդավարական հետընթացի ամենավառ ցուցիչներից են։

Ոչ պակաս մտահոգիչ է նաև միջազգային արձագանքի բացակայությունը՝ կապված իրավապահ և դատական համակարգերի այս աճող քաղաքականացման հետ։ Հայաստանի կառավարության հետ միջազգային համագործակցությունն ու աջակցությունը պետք է փոխկապակցվեն հստակ ժողովրդավարական պայմաններով՝ կանխելու երկրի սահքը դեպի Հունգարիայի և Վրաստանի պես երկրների ուղիներ։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ երբ ժողովրդավարությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները խթանող միջազգային դերակատարները աչք են փակում իրավական պետության խաթարման և ժողովրդավարական նորմերի խախտումների վրա, դա գրեթե անխուսափելիորեն հանգեցնում է ժողովրդավարական անկման և վերադարձի դեպի ավտորիտարիզմ։

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնություն է։

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: