Ամերիկյան դրոններ՝ Հայաստանի համար. գործարքի ռազմաքաղաքական նշանակությունը

Ամերիկյան դրոններ՝ Հայաստանի համար. գործարքի ռազմաքաղաքական նշանակությունը

ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց Հայաստանին ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին։ Խոսքը գնում է 11 միլիոն դոլարի՝ ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող հետախուզական V-BAT անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում փետրվարի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով։

 

Գործարքի ռազմաքաղաքական նշանակությունը

 

V-BAT-ների հայտնվելը Հայաստանում պարզապես հերթական դրոնների գնում չէ, այլ ավելի լայն ռազմաքաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն։

Խոսքը արևմտյան արտադրության հարթակի մասին է, որն արդեն կիրառվում է ԱՄՆ ԶՈւ-ի և նրա դաշնակիցների կողմից, ինչպես նաև օգտագործվել է ժամանակակից պատերազմների պայմաններում։ Սա նշանակում է Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմատեխնիկական համագործակցության ձևավորում և սպառազինության աղբյուրների աստիճանական դիվերսիֆիկացիա։ Ավանդական մատակարարումների կրճատման և Ռուսաստանից ռազմատեխնիկական կախվածության նվազման ֆոնին գործարքն ընկալվում է որպես Հայաստանի պաշտպանական ճարտարապետության ավելի լայն վերափոխման մաս։

 

Առանձին ուշադրության է արժանի նաև խորհրդանշական և քաղաքական բաղադրիչը․ V-BAT-ների փոխանցումը կարող է ծառայել որպես ազդակ ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ շարունակելու մասնակցությունը Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդման գործում։

 

V-BAT-ը ուժեղացնում է հայկական բանակի հնարավորությունները հետախուզության, մշտադիտարկման և թիրախավորման ոլորտում՝ այն բաղադրիչներում, որոնք վերջին տարիների հակամարտություններում ցուցաբերել են վճռորոշ նշանակություն։ «Tail-sitter» ձևաչափը և նվազագույն պահանջները մեկնարկային հարթակի նկատմամբ հատկապես արդիական են Հարավային Կովկասին բնորոշ լեռնային պայմանների համար։

 

Այս հանգամանքը բարձրացնում է դրոնների կիրառման շարժունակությունը՝ ներառյալ աշխատանքը շփման գծի մոտ և դժվարամատչելի շրջաններում։

 

Ինքնին 11 միլիոն դոլարի մատակարարումը չի փոխում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Մոտավոր մեկ միավորի արժեքից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանը ձեռք է բերել շուրջ 12 դրոն։ Սակայն այստեղ որակական գործոնը ավելի կարևոր է քանակականից․ հարցն առնչվում է ժամանակակից հետախուզական համակարգի ներդրմանը, որը հնարավոր է ինտեգրել ցանցակենտրոն կառավարման համակարգերին։ Համապատասխան կապի և կառավարման ենթակառուցվածքի առկայության դեպքում նման դրոնները կարող են էապես բարձրացնել հրետանու և այլ կրակային միջոցների ճշգրտությունը։

 

Այսպիսով, տեղի է ունենում հայկական բանակի տեխնոլոգիական բնույթի և արտաքին քաղաքական կապերի աստիճանական փոփոխություն։ Երկարաժամկետ հեռանկարում նմանատիպ այլ մատակարարումները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ, քան զուտ մարտավարական ուժեղացումը։

 

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից հետո անմիջապես կայցելի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ին։

 

Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական սարքավորումների վաճառք սկսելու մտադրության մասին՝ «զրահաբաճկոններ, նավակներ և այլ արտադրանք»՝ ռազմավարական գործընկերության և խաղաղ նախաձեռնության շրջանակում։

 

Սա նշանակում է, որ թեև Հայաստանին հետախուզական դրոնների մատակարարումն ունի կարևոր մարտավարական և խորհրդանշական նշանակություն, տարածաշրջանային օրակարգի վրա կարող է ազդել նաև Բաքվի համար նախատեսված առաջարկների փաթեթը, որը կարող է լինել բազմաշերտ և համալիր։

 

Ի՞նչ է V-BAT-ը

 

V-BAT-ը ուղղահայաց թռիչք և վայրէջք իրականացնող (VTOL) հետախուզական անօդաչու թռչող սարք է, որը մշակվել է ամերիկյան Shield AI ընկերության կողմից։ Այն գտնվում է ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ և օգտագործվում է Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից, ներառյալ ծովային հետևակը, ռազմածովային ուժերը և հատուկ նշանակության ուժերը։

 

V-BAT-ը շահագործվում է նաև մի շարք այլ պետությունների կողմից։ Օրինակ՝ Հունաստանում այս դրոնները նկատվել են 2025 թվականի գարնանը։ Ուկրաինային աջակցության շրջանակում դրանք փոխանցվել են նաև Ուկրաինային և կիրառվում են մարտական պայմաններում 2024 թվականից։ 2024թ. վերջին Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը V-BAT-ը ընտրել են որպես իրենց նավային հետախուզական անօդաչու թռչող սարք։

 

Ուկրաինական ռազմաճակատում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ կայունություն ցուցադրելուց հետո սարքը մեծ պահանջարկ ձեռք բերեց։ Ակտիվ պատվիրատուների կամ փորձարկումներ իրականացնող երկրների թվում են նաև Նիդեռլանդները, Ավստրալիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան և ԱՄԷ-ն։

 

Այսինքն՝ խոսքը հարթակի մասին է, որն արդեն անցել է գործնական շահագործում տարբեր պայմաններում՝ ծովային պարեկությունից մինչև ակտիվ մարտական գործողությունների գոտի, և ունի բարձր պահանջարկ։

 

Արտադրողի տվյալներով՝ պատվերների կամ պայմանագրերի ծավալները սովորաբար տատանվում են 4-ից մինչև 300 միավորի սահմաններում։ Մեկ V-BAT-ի գինը մոտավորապես 1 միլիոն դոլար է, թեև այն կարող է փոփոխվել՝ կախված ձեռք բերվող սարքերի քանակից և ինտեգրված տեխնոլոգիաներից։

 

Սարքը պատկանում է «tail-sitter» կատեգորիային․ իրականացվում է ուղղահայաց թռիչք, ապա՝ հորիզոնական թռիչք թևի հաշվին, և ուղղահայաց վայրէջք՝ «պոչի վրա»։ Թռիչքի և վայրէջքի համար պահանջվում է առնվազն 2.5×2.5 մետր հարթակ, ինչը համակարգը դարձնում է հարմար լեռնային տարածքներում, նավերի վրա կամ չպատրաստված հարթակներից գործելու համար։ Բազային կոնֆիգուրացիայում V-BAT-ը իրականացնում է հետախուզության, դիտարկման և թիրախավորման խնդիրներ։

 

Միևնույն ժամանակ նախատեսված է նաև հարվածային ֆունկցիաների ինտեգրման հնարավորություն։ Մասնավորապես, հարթակը կարող է կրել մինչև չորս Hatchet մինի զինամթերք (Northrop Grumman-ի մշակում)։ Դրանք սահող մինի ռումբեր են՝ 32.5 սմ երկարությամբ և 2.9 կգ զանգվածով, որոնցից 1.4 կգ-ը բաժին է ընկնում մարտական հատվածին։ Օրինակ՝ Սեուլը ծրագրում է զինել V-BAT-երը սեփական արտադրության լազերային կառավարվող L-MDM հրթիռներով։

 

Արտադրական համագործակցություն

 

Կարևոր բաղադրիչ է արտադրող ընկերության միջազգային համագործակցությունը։ Ներկայում Shield AI-ն տարեկան արտադրում է շուրջ 200 դրոն Տեխաս նահանգում գտնվող իր Batcave ձեռնարկությունում։ Արտադրությունը ընդլայնելու նպատակով ընկերությունը որոշել է V-BAT-երի արտադրություն սկսել նաև Հնդկաստանում։

 

Դեկտեմբերին հնդկական JSW Defence ընկերությունը Shield AI-ի հետ կնքել է երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և տեխնոլոգիաների փոխանցման (ToT) համաձայնագիր՝ 90 միլիոն դոլարի ներդրումային ծավալով։ Դրոնների տեղական արտադրության համար կառուցվում է հավաքման գործարան Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում՝ EMC Maheswaram արդյունաբերական կլաստերում։ Հնդկաստանը ձգտում է ձևավորել V-BAT-երի հավաքման, փորձարկման և զանգվածային արտադրության հանգույց։ Արտադրության մեկնարկը նախատեսված է 2026թ. չորրորդ եռամսյակում։

 

Պետք է հաշվի առնել, որ ներկայում Հայաստանը առավել ակտիվ և կայուն ռազմատեխնիկական կապեր է ձևավորում հենց Հնդկաստանի հետ։ Երևանն արդեն իրականացնում է մի շարք պայմանագրեր հնդկական սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և հնդկական ուղղությունը դարձել է մատակարարների դիվերսիֆիկացիայի առանցքային բաղադրիչ։ Այս համատեքստում V-BAT-ի շուրջ համագործակցությունը հնդկական արտադրական հարթակի միջոցով կարող է ստանալ լրացուցիչ նշանակություն՝ ինչպես լոգիստիկ, այնպես էլ երկարաժամկետ տեխնոլոգիական գործընկերության տեսանկյունից։

 

Հետաքրքիր է, որ հնդկական օրինակը համարվում է ամենամասշտաբայինը նախատեսվող միավորների քանակով՝ ԱՄՆ-ից հետո։ Բացի հավաքումից, Հնդկաստանը կդառնա նաև V-BAT-ի խոշոր շահագործող՝ մեծ քանակով սարքեր ձեռք բերելով սեփական զինված ուժերի համար։

 

Մարտական կիրառություն

 

Բաց աղբյուրների համաձայն՝ V-BAT-երը կիրառվում են իրական մարտական գործողություններում, առաջին հերթին Ուկրաինայում, ինչը համակարգին տալիս է լրացուցիչ արժեք՝ որպես արդեն փորձարկված հարթակ ժամանակակից պատերազմում։

 

2024 թվականին կատարելագործումների փուլից հետո V-BAT-երը հաջողությամբ անցել են մարտական փորձարկումներ Ուկրաինայում՝ ռադիոէլեկտրոնային խափանումներին հակազդելու ուղղությամբ։ Միայն 2025 թվականին, ընկերության տվյալներով, դրոնները իրականացրել են ավելի քան 35 առաքելություն և հայտնաբերել ավելի քան 200 ռուսական թիրախ մարտական գործողությունների գոտում։

 

Ընկերությունը ներկայացրել է նաև ցուցադրական դրվագ․ V-BAT-ը մոտ 100 րոպե հետևել է ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային-հրետանային համալիրին, որը գտնվում էր ճակատային գծից մոտ 110 կմ հեռավորության վրա։ Թիրախը հայտնաբերվել և ուղեկցվել է, սակայն հարված հասցնել չի հաջողվել՝ համապատասխան հարվածային հարթակի բացակայության պատճառով։

 

Այս օրինակը ցույց է տալիս V-BAT-ի առանցքային դերը որպես խորքային հետախուզության և բարձրարժեք թիրախների հայտնաբերման միջոց, որի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ինտեգրված կրակային խոցման համակարգի առկայությունից։

 

Էդուարդ Առաքելյան

 

ԺԱՏԿ