Վարչական ռեսուրս և անհավասար պայմաններ ընտրություններից առաջ

Վարչական ռեսուրս և անհավասար պայմաններ ընտրություններից առաջ

28․11․2025

 

Տիգրան Գրիգորյան

 

#DemocracyWatch - Նոյեմբերի 22-ին Երևանում կայացավ Հայաստանի պետական կառավարման ծառայողների առաջին համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 7,000 պետական և համայնքային աշխատակից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը պարունակում էր քաղաքական և գաղափարական ուղերձներ՝ բազմաթիվ տարրերով, որոնք ակնկալվում է, որ կկազմեն իշխանական կուսակցության առաջիկա ընտրական արշավի հիմքը։ Համաժողովն անցկացվել էր շաբաթ օրը։

Հազարավոր պետական աշխատակիցների մասնակցությունը այդ միջոցառմանը ոչ աշխատանքային շաբաթ օրը լուրջ մտահոգություններ է առաջացրել հանրային կառավարման քաղաքականացման և վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման վերաբերյալ։ Իշխանական կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքել է, թե աշխատակիցներին ստիպել են մասնակցել, սակայն ընդունել է, որ պետական ներքին հաղորդակցման համակարգը «ամենայն հավանականությամբ տարածել է» գրություն միջոցառման մասին։

Այս դրվագը ընդգծում է ավելի լայն խնդիր․ Հայաստանում որևէ այլ քաղաքական ուժ չունի կարողություն՝ հազարավոր պետական աշխատակիցների հավաքելու քաղաքական ենթատեքստ ունեցող միջոցառման համար։ Քանի որ երկիրը փաստացի մուտք է գործում նախընտրական փուլ, իշխանական կուսակցության կառուցվածքային առավելությունները և դրանք օգտագործելու պատրաստակամությունը ավելի տեսանելի են դառնում։

Վարչական ռեսուրսների օգտագործման սրման միտումներ

Վերջին ամիսներին մի շարք օրինակներ ցույց են տվել պետական ռեսուրսների աճող օգտագործումը քաղաքական նպատակներով։ Ամենաաակնհայտը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության խթանումն ու ֆինանսավորումն է հանրային միջոցներով։

Փաշինյանը, Հակոբյանը և այլ հանրային գործիչներ բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել քաղաքացիների հետ՝ Երևանում և մարզերում այս նախաձեռնության շրջանակում։ Այդ հանդիպումները սովորաբար կրկնում են իշխանական կուսակցության քաղաքական խոսույթի հիմնական ուղերձները՝ արդյունավետորեն հանդես գալով որպես վաղաժամ քարոզարշավային միջոցառումներ։

Հունիսին հայտնի դարձավ, որ այս նախաձեռնությունը մասամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում հաստատեց, որ պետությունը ֆինանսավորում է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության այն միջոցառումները, որոնց մասնակցում է վարչապետը։ Միևնույն ժամանակ գրասենյակը հրաժարվեց բացահայտել հատկացված գումարի չափը՝ հայտարարելով, որ համապատասխան ծախսերը ներառված են կառավարության գաղտնի գնումների պլանում։

Հանրային հեռուստատեսության օգտագործումը քաղաքական ուղերձներ տարածելու համար

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հետ կապված միջոցառումները, որոնք ունեն հստակ քաղաքական ենթատեքստ, հեռարձակվում են ուղիղ եթերով Հանրային հեռուստատեսությամբ՝ «փրայմ թայմով» և անվճար։ Հանրային հեռուստատեսությունը նաև ակտիվ դեր է ստանձնել կառավարության ուղերձներն տարածելու գործում՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ շարունակվող հակամարտության համատեքստում։

Վերջին շաբաթներին Հանրային հեռուստաընկերությունն ակտիվորեն լուսաբանում է Փաշինյանի կիրակնօրյա այցերը այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգազրկված են կամ պատրաստ են ընդդիմանալ Կաթողիկոսի հանձնարարություններին՝ կրկին առաջ բերելով մտահոգություններ, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող լրատվամիջոցը օգտագործվում է իշխանական կուսակցության քաղաքական օրակարգը առաջ մղելու համար։

Այս իրավիճակը լուրջ հարցեր է բարձրացնում ընտրություններից առաջ հավասար մրցակցային դաշտի առկայության վերաբերյալ։ Թեպետ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո ընտրությունների ընթացքը և որակը քվեարկության օրը զգալիորեն բարելավվել են, իշխանական կուսակցությունների նախկինում ունեցած վարչական առավելությունները պահպանվել են նաև գործող կառավարության օրոք։ Սա արդեն տեսանելի էր վերջին շրջանի ՏԻՄ ընտրություններում, որտեղ իշխանական կուսակցությունը լայն վարչական ռեսուրսներ էր օգտագործում արդյունքների վրա ազդեցություն ունենալու համար՝ վերջինը Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում։

Այս հոդվածում ընդգծված մեկ այլ կարևոր խնդիր է պետական բյուրոկրատիայի և քաղաքացիական ծառայության քաղաքականացման ռիսկը։ Գիտական լայն կոնսենսուս կա, որ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար պետական ինստիտուտները կենսական նշանակություն ունեն արդյունավետ և լավ աշխատող ժողովրդավարությունների համար։ Այս սկզբունքների քայքայումը լուրջ հարված կհասցնի և պետական կարողություններին, և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ 

 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

 

Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։  Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: