Ակադեմիական ազատությունը Հայաստանում վտանգվա՞ծ է․ Էդիտա Գզոյանի դեպքը
20.09.2026
Տիգրան Գրիգորյան
Մարտի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում գրեց և ազատվեց պաշտոնից։ Հրաժարականի հնարավոր պատճառների վերաբերյալ մամուլում անմիջապես հրապարակումներ հայտնվեցին, որոնք երկու օր հետո հաստատվեցին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մարտի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հաստատեց, որ Էդիտա Գզոյանը իր ցուցումով է հրաժարականի դիմում գրել։
Այս որոշման պատճառը այն է, որ Գզոյանը ԱՄՆ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՑԹԻ կատարած այցի ընթացքում նրան էր նվիրել հայ-ադրբեջանական հակամարտությանը առնչվող գիրք։ Գզոյանը Վենսի այցից հետո «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ ի թիվս այլ գրքերի, նա ԱՄՆ փոխնախագահին է նվիրել 1905–1921 թվականներին հայ-թաթարական բախումների վերաբերյալ գիրք:
Փաշինյանը, հիմնավորելով իր որոշումը, այս արարքը որակեց որպես կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ և սադրիչ գործողություն։ Նա նշեց, որ Կառավարության պաշտոնական դիրքորոշումը այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, և Հայաստանը այն չի շարունակելու։ Գզոյանը, Վենսին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գիրք նվիրելով, ըստ նրան, հակադրվել է կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։ Հատկանշական է, որ Գզոյանի կողմից նվիրված գիրքը 1905-1921 թվականներին հայ-թաթարական բախումների վերաբերյալ աշխատություն էր, որը պատմական վկայությունների ժողովածու է, ոչ թե Ղարաբաղյան հակամարտության արդի շրջափուլի մասին գիրք։
Վարչապետ Փաշինյանի ճնշման ներքո Էդիտա Գզոյանի հրաժարականը բուռն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային գիտական շրջանակներում։ Տասնյակից ավելի հեղինակավոր ցեղասպանագետներ հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով Գզոյանի նկատմամբ ճնշումը և պահանջելով վերականգնել նրան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում։ Այս զարգացումների պատճառով, ի նշան բողոքի, հրաժարականաի դիմում են ներկայացրել նաև ՀՑԹԻ հոգեբարձուների խորհրդի մի շարք անդամներ, նաև նախագահը՝ ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը։ Հայաստանում գիտության զարգացմամբ ու հանրահռչակմամբ զբաղվող ամենահայտնի հասարակական նախաձեռնությունը՝ «Գիտուժը», ևս հանդես եկավ հայտարարությամբ, որի մեջ, մասնավորապես, նշվում է․
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։ Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները ներկայացվում են որպես «արտաքին քաղաքականությանը հակասող» կամ «սադրիչ», ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության»։
Վարչապետ Փաշինյանի ճնշման ներքո Գզոյանի հրաժարականը խնդրահարույց է մի շարք պատճառներով։ Նախ, սա վարչապետ Փաշինյանի պերսոնալիստական կառավարման ոճի հերթական դրսևորումն է։ Չնայած ՀՑԹԻ-ն գործում է պետական ֆինանսավորմամբ, այն, ինչպես արդեն նշվեց, ունի հոգեբարձուների խորհուրդ, որը լիազորված է տնօրենին նշանակելու և հեռացնելու լիազորություններով։ Այդ առումով վարչապետի գործողություններ լիովին հակաիրավական են և խախտում են ՀՑԹԻ ինքնավարությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը, գերազանցելով իր լիազորությունները, հասնում է անկախ մարմինների ղեկավարների հրաժարականին։ Այդպիսի դեպքերից ամենախնդրահարույցը տեղի էր ունեցել 2024-ի նոյեմբերին, երբ Փաշինյանի SMS հաղորդագրությունից հետո հրաժարական տվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Փաշինյանի գործողություններն ու հայտարարությունները խնդրահարույց են նաև ակադեմիական ազատության խաթարման տեսանկյունից։ Փաշինյանի պնդումը այն մասին, որ Գզոյանի գործողությունները հակասում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, չի դիմանում որևէ քննադատության։ Փաստացիորեն, այսօրինակ որոշումները նպաստում են Հայաստանում մի իրավիճակի ձևավորմանը, երբ տարբեր ոլորտներում աշխատող գիտնականների համար կարող են ստեղծվել տաբուացված թեմաներ, որոնց վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, այդ թեմաների հիշատակումը ոչ միայն չեն խրախուսվում, այլև կարող են լուրջ հետևանքների պատճառ դառնալ։ Սա, անշուշտ, գրաքննության դրսևորում կարելի է համարել, որը կարող է սահմանափակել ազատ բանավեճի հնարավորությունները Հայաստանում։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Նյութը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: