Շահերի բախում, թափանցիկության պակաս և ատելության սերմանում արցախցիների նկատմամբ

Շահերի բախում, թափանցիկության պակաս և ատելության սերմանում արցախցիների նկատմամբ

02․09․2024

 

Տիգրան Գրիգորյան, Կարինա Ավետիսյան

Կոռուպցիայի կանխարգելման ​​հանձնաժողովը Հրազդան և Արտաշատ քաղաքների ղեկավարներին տուգանել է 300 000-ական դրամով` շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն Հանձնաժողովին չներկայացնելու համար: Այս համայնքների ղեկավարները պայմանագրեր են կնքել  մերձավորի կամ քաղաքական կապեր ունեցող անձի հետ՝ առանց հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով ծանուցելու։

«Հետք»-ի ավելի վաղ կատարած հետաքննությունը պարզել էր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հրազդանի քաղաքապետարանը բազմիցս պայմանագրեր է կնքել քաղաքապետ Սևակ Միքայելյանի մերձավորներին պատկանող ընկերությունների, այդ թվում՝ նրա եղբոր ու խնամիների հետ։ Այս պայմանագրերը, որոնք գազամատակարարման և ճանապարհների վերանորոգման համար ծառայություններ են նախատեսում, մտահոգություններ են առաջացրել շահերի հնարավոր բախման վերաբերյալ: Չնայած ընտանեկան կապերին՝ քաղաքապետարանի պաշտոնյաները չեն ընդունում իրենց որևէ սխալ՝ պնդելով, որ մրցութային գործընթացները եղել են թափանցիկ և օրենքին համապատասխան:

Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքային խորհրդի անդամ Նարեկ Բաղդասարյանը վերջին երկու տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 723 մլն դրամի ճանապարհաշինության սուբսիդավորման ծրագրերի պատվեր է տրվել։

 

Կուսակցական և անձնական կապերը, ըստ երևույթին, ազդել են նաև Արարատի մարզի ղեկավարության որոշումների վրա: 2023-ին Արարատի մարզպետարանի աշխատակազմը Արտաշատում շինարարական աշխատանքների համար 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ։

 

Նմանատիպ մեկ այլ դեպքով ՍիվիլՆեթը նախորդ ամիս գրել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, Արմավիրի մարզի Շենիկ գյուղում ձեռք է բերել 40 հա հող։ Նա նաև հիմնել է «Սանգարդեն» անվամբ նոր ընկերություն՝ այս հողամասում պտղատու այգի հիմնելու համար՝ բիզնեսում որպես տնօրեն կամ բաժնետեր իր առաջին քայլն անելով: Այգին զարգացնելու համար Փամբուխչյանը 1,5 մլրդ դրամի վարկ է ստացել և այս հաջողությունը վերագրում է իր բիզնես ծրագրին։

 

Անցյալ ամիս «Հետք»-ի մեկ այլ հետաքննություն պարզել էր, որ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջը պատկանող լոսանջելեսյան տան հասցեում է գրանցված վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերից մեկը, ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության դուստր ձեռնարկություն՝ First Channel America-ն:

Այս դեպքերը վկայում են Հայաստանում մտահոգիչ մի միտման մասին. իշխող կուսակցության պաշտոնյաները անտեսում են ակնհայտ շահերի բախումը:

Նման գործելաոճը խաթարում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները, որոնք կարևոր են Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Այն խարխլում է հանրության վստահությունը ինստիտուտների նկատմամբ և խոչընդոտում արդար հասարակություն կառուցելու ջանքերը: Երբ քաղաքական իշխանությունը չարաշահում են անձնական շահի համար՝ այն թուլացնում է օրենքի գերակայությունը և ստեղծում միջավայր, որտեղ կառավարումը առաջնորդվում է ոչ թե արժանիքներով, այլ հովանավորչությամբ:

Հանրային հեռուստաընկերությունը ատելության խոսք է սերմանում

 

Ըստ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի օգոստոսի 26-ի եզրակացության՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մայիս և հունիս ամիսներին ընդդիմության ցույցերը լուսաբանելիս խախտել է լրագրողական էթիկան: Հեռարձակումները անտեղի մատնանշել են, որ մարդկանց վճարել են ցույցերին մասնակցելու համար, շահարկել ցույցի որոշ մասնակիցների արցախյան բարբառը։

 

Դիտորդ մարմինը քննադատել է Հանրային հեռուստաընկերությանը տեղեկատվությունը քննադատաբար չգնահատելու և արցախցիների նկատմամբ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար: Եզրակացությունն ընդգծում է պատասխանատու լրագրության անհրաժեշտությունը, հատկապես այնպիսի զգայուն համատեքստում, ինչպիսին Հայաստանում է, որտեղ լրատվամիջոցները առանցքային դեր ունեն հանրային ընկալումների և սոցիալական համախմբման գործում։

Երբ իշխանության հետ փոխ​​կապված մեդիա ընկերությունը կեղծ պատումներ է տարածում խոցելի խմբերի՝ փախստականների մասին, դա կարող է ամրապնդել վտանգավոր կարծրատիպերը և խորացնել սոցիալական վիհը: Հայաստանի ժողովրդավարական հասարակությունում Հանրային հեռուստատեսությունը պետք է ծառայի հանրային շահին ու որպես ճշգրիտ տեղեկատվության և բազմակարծության հարթակ, այլ ոչ թե որպես ապատեղեկատվություն տարածելու և թշնամանք սերմանելու գործիք։


Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

Նյութը պատրաստվել է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: